Բա, ում մտքով կանցներ....
Երեք օր առաջ շին տեխնիկան սկսեց քանդել մեր այգիները: Սիրտս կտոր-կտոր եղավ, աչքիս առաջ մանկությունս ոչնչացրեցին:
Օրեր առաջ, երբ դիմեցի գնորդ հանդիսացող Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող «Տիրամայր Հայաստանի» միաբանության հիմնադիր ղեկավար Քույր Արուսակ Սաճոնյանին և մոտ քսան րոպե պատմեցի, թե դրանք մեր այգիներն են, թե դրանց մասով կա առաջնային իրավունքի խնդիր, թե չարժե աղոթատուն սարքել անեծքի և հայհոյանքի վրա, պատասխանը լակոնիկ էր և պարզ.
-Աս թուղթերը, աս որոշումը: Ես քեզի հետ հարց չունիմ լուծելիք…
Փառահեղ պատասխան… պատասխանը լսելուց հետո օղորմի տվեցի Ջորդանո Բռունոյին և անցա առաջ:
Լավ, իսկ ինչպե՞ս է արվել վաճառքը:
Վաճառողը' ՀՀ Հարկային Տեսչության նախկին աշխատակից, միջավայրում իր լկտի և կաշառակեր կեցվածքով հայտնի Սոս Ասատրյանն է, որին նույնիսկ սեփական ընտանիքն է գրողի ծոցն ուղարկել և չի շփվում նրա հետ:
Սոսը 2013 թվականին այցելեց ինձ ՀՀՊՆ կենտրոնական հոսպիտալում, որտեղ ես բուժվում էի, և փորձեց սկզբում հաճոյանալով, ապա նաև վախեցնելով' համոզել, որպեսզի հայրս դնի իր ստորագրությունը թղթի տակ, որում կհրաժարվեր հողատարածքի սեփականաշնորհման առաջնային իրավունքից: Նրա հետ էր նաև տարածքի ճարտարապետ ներկայացող մեկը, ով, հասկանալով, որ ինձ դժվար կլինի վախեցնելը և պնդելու դեպքում կկանգնեն լուրջ խնդրի առաջ, սոսին (այսուհետ նրա անունը կգրեմ փոքրատառով) խնդրեց հեռանալ:
Այդ օրվանից սկսվել են գաղտնի աշխատանքները, և մի շարք կեղծ փաստաթղթեր սարքելով' փորձառու կեղծարարին հաջողվել է սեփականաշնորհել հողատարածքը, և այսօր արդեն սկսվեցին շինաշխատանքները: Մի բան ակնհայտ է. ես' որպես շարքային ՀՀ քաղաքացի, պետք է պայքարեմ երեք ճակատով.
Առաջին' ամեն ինչի ընդունակ, հարուստ և բարոյական ոչ մի նորմ չունեցող նախկին պաշտոնյա' սոս ,
Երկրորդ' Երևանի Քաղաքապետարան,
Երրորդ' Հայ Կաթողիկե եկեղեցի,
չնայած, որ նրանք' որպես այդպիսին, բարեխիղճ գնորդ են համարվում:
Որոշել էի դիմել դատարան, սակայն կայծակի նման սոսի ասածը ուղեղովս անցավ, որ ինձ ասում էր, թե երեք հարկանի տուն է սարքել 500.000 դոլլար արժողության ու ոչ մի կոպեկ չի ծախսել'ակնարկելով իր պաշտոնն ու ստացած կաշառքի չափը: Չնայած երբեք էլ ուշ չէ մեղավորներին պատժել և կարելի է մի լավ տնտղել սրա աշխատանքային գործերը և կանգնեցնել քրեական դատարանի առաջ : Այնպես որ, մինչ Հայաստանից մեկնելս մի
անգամ էլ օղորմի տվեցի մեծ լոռեցուն.
Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
Համեցե՛ք դիվան ուզիր սըրանից...
Դավիթ Ասատրյան