Շառլ Ազնավուրը (ծնվ. մայիս 22, 1924 – Փարիզ) նշանավոր ֆրանսահայ շանսոնյե է:
Աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում: Առաջին երգը' "Ես հարբած եմ" /1944/, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է "Տարվա ձայնապնակ" մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի "Օլիմպիա" դահլիճում հաջող ելույթից հետո: "Ֆրանսիան ազնավուրացված է",- գրել է ֆրանսիական մամուլը: Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը' երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում' բազմաթիվ միջազգային հիթերի' "Մաման", "Բոհեմը", "Դեռ երեկ", "Երիտասարդություն", "Պետք է գիտնալ", "Նա", "Երկու կիթառ", "Ինչպես ասում են", "Հավերժական սեր", "Ավե Մարիա" և այլն: Դրանց կատարողներից են' Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուռջ հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան "Թայմ" հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է "Դարի արվեստագետ"' 149 հազար ձայնով: Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, "Պատվո սեզարի" (1997): Նկարահանվում է կինոյում' "Գլուխը պատին" (1958), "Կրակեք դաշնակահարի վրա" (1960), "Սատանան և տասը պատվիրանները" (1962), "Արարատ" (2002) և այլն: Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին: Հայկական թեմաներով են նրա "Քեզ համար, Հայաստան", "Նրանք ընկան" (Ցեղասպանության վաթսունամյակին), "Ինքնակենսագրւթյուն" երգերը: Դստեր' Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի "Աշխարհումս" երգը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական հիմնադրամը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-յում: 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:
Աշխեն Հակոբյան