Կառավարության գործունեությունը գնահատվում է գործերով: Երբ ձեռքբերումները նկատելի են, ապա հաջողությունների մի մասը բացատրվում է ծրագրային հիմնադրույթներում արտացոլվող կառավարության ռազմավարական և մարտավարական մոտեցումներով: Այդպես ժամանակին փառաբանվել է Մարշալի պլանը, որի շնորհիվ 2-րդ աշխարհամարտից հետո Գերմանիան հառնեց մոխիրներից: Այդպես մատնացույց են անում Սինգապուրը և Արաբական միացյալ էմիրությունները, որոնց սրընթաց զարգացումները պայմանավորվում են ճշմարիտ սկզբունքներով և արդյունավետ կառավարմամբ: Ասում են, թե կոռեկտ չէ Հայաստանը համեմատել տնտեսական հրաշքներ գործած երկրների հետ, թե Երևանը չի կարող դառնալ Բեռլին, Աբու Դաբի կամ Սինգապուր: Սակայն պետք է հիշել, որ 2-րդ աշխարհամարտից հետո Գերմանիան ավերակ էր, իսկ գերմանացիները' ստորացված, Միացյալ Էմիրություններն ու Սինգապուրը 40-45 տարի առաջ անխնա շահագործվող գաղութներ էին: Եվ ոչ ոք չէր հավատում, որ այդ երկրները կարող են պետություն դառնալ, առավել ևս՝ զարգացած տնտեսությամբ: Զարգացման այս բացառիկ օրինակներն ունեն մեկ պարադոքսալ ընդհանրություն: Այդ երկրների զարգացման ծրագրերը կազմելիս արհամարվել են իրողությունները: Այսինքն՝ կազմել են առաջին հայացքից անհավատալի, անհավանական, ինչ-որ առումով՝ ծիծաղելի ծրագրեր, որտեղ հաշվի չեն առնվել սոցիալ-հոգեբանական վախերը, սոցիալական հականորմերը, դարն ապրած ավանդույթները և այլն: Մեր քաղաքացիների շրջանում արմատավորված հականորմերը կասկածի տեղիք են տալիս, թե մեր երկրում զարգացման ծրագրեր չեն կարող իրականացվել, որովհետև խնամի-ծանոթ-բարեկամությունն ու զոռբայությունը առաջընթացի անհրաժեշտ պայմաններն են, իսկ շքեղ ավտոմեքենա վարելը՝ չինովնիկի պարծենալու բան: Սակայն, նույնիսկ Հայաստանի պարագայում տեսականորեն կարելի է կազմել այս իրողություններն արհամարող զարգացման ծրագիր:

 

Վահե Ղազարյան