Կյանքից անկախ արվեստ գոյություն չունի: Եթե քանդակագործը, նկարիչը կամենա վերարտադրել բերկրանք, վիշտ, տառապանք, ուրախություն կամ որևէ կիրք, ապա մեզ հույզ, ապրումներ կպատճառի միայն այն ժամանակ, երբ կկարողանա իր ոգեկոչած արարածներին, ստեղծած կերպարներին կյանք պարգևել: Մեր ինչին է պետք անկյանք, մեռած, անշունչ, անկենդան, անջիղ նյութը' քանդակը, նկարը կամ արվեստի այլ ստեղծագործությունը…Այսինքն' իրականությունը կյանքի լավ կերպավորման և շարժման մեջ, շարժման միջոցով է ձեռք բերվում արվեստում: Հավանաբար այդ երկու հատկանիշները բոլոր գեղեցիկ, հանճարեղ ստեղծագործությունների հոգին, արյունն ու շունչն են: Եվ միաժամանակ, ինչպես արվեստի բոլոր բնագավառներում, այստեղ նույնպես անկեղծությունը թերևս միակ և պարտադիր կանոնն է…


Արվեստագետները ցավոք, միշտ ստիպված են հաշվի նստել ընդունված կարգի, սահմանված կանոնների հետ: Իմ կարծիքով երջանիկներից երջանիկը համարվում և ճանաչում ու հռչակ են ունենում նրանք, ովքեր կկարողանում են դուրս գալ կապանքներից, զերծ մնալ կաղապարներից և իրենց գեղեցիկ երազանքների գեթ մի մասը կարողանում են իրականացնել, կյանքի կոչել…


Ինձ թվում է, որ արվեստագետը ներկայացնելով բնությունը, կյանքը, կերպարն այնպես, ինչպես պատկերացնում է, ամբողջացնում և արտահայտում է սեփական երազանքները, մտահղացումները, պատկերացումները: Նա փառաբանում է Բնության, Տիեզերքի ոգին, գեղեցիկը, թե տգեղը' կապ չունի… Միայն իրականը, հետաքրքիրը…Եվ այս ձևով հարստացնում մարդկության հոգին, բացում զգացմունքների, զգացողությունների հազարավոր երանգներ…Նրանց տալիս կյանքը սիրելու, ապրելու, արարելու նորանոր հիմքեր, առիթներ, կյանքում առաջնորդվելու ներքին նոր լույսեր, նոր հույսեր…


Հ.Գ. Գրառումս նվիրում եմ Անուշ և Ինգա Արշակյաններին, որոնք տաղանդավոր են, առանձնանում են իրենց ինքնատիպությամբ: Նրանք յուրահատուկ են, հայեցի և գեղեցիկ…Նրանց երգերի մեջ հայկական ոգի կա, հայկական շունչ և անշուշտ առանձնանում են հայկական շոու բիզնեսում …
Անուշ և Ինգա երգեք այնպես ինչպես երգում եք…Երգեք նույն շեշտադրությամբ, նույն զգացմունքայնությամբ, նույն զգացողությամբ, նույն պրֆեսիոնալ մոտեցմամբ և ուրույն ոճով…Երգեք միշտ և կատարելագործեք Ձեր արվեստը, Ձեր տաղանդը...


Եվ իմացեք, որ Դուք սիրված եք, շատ-շատ երկրպագուներ ունեք և հուսով եմ կունենաք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան