Ժողովուրդ ջան, «պատասխանատվություն», «պատասխանատվության ինստիտուտ», «պատասխանատվության մշակույթ» ասվածները չափազանց կարևոր են իրավական Հայաստան կառուցելու գործում: Իսկապես դժվար է սրա հետ չհամաձայնվելը: Ուղղակի այստեղ մի կարևոր նրբություն կա. եթե մենք պատասխանատվության ինստիտուտի կայացում ենք ցանկանում, ապա առաջին հերթին հարկավոր է ազատվել անպատժելիության մթնոլորտը ձևավորող գլխավոր պատճառից:
Պատասխանատվության ինստիտուտը որևե շանս չունի կայանալու մանր և խոշոր պաշտոնյաների, խամաճիկ ոստիկանների, կամակատար նախարարների և այլ ռեժիմին իրենց ծառայությոնները մատուցող շրջանակներին պատասխանատվության կանչելու պահանջներով կամ նրանց պատասխանատվության ենթարկելով, քանի դեռ Հայաստանում տեղի ունեցած ամանամաշտաբային հանցագործությունները բացահայտված չեն, իսկ դրանց հեղինակները ազատության մեջ են կամ վայելում են իրենց ոճրագործությունների արդյուքում ձեռք բերած պտուղները:
Պատասխանատվության ինստիտուտը կայանալու հավակնություններ կարող է ունենալ միայն մեկ դեպքում. երբ ճաղերի ետևում հայտնվեն մեր գլխավոր՝ ընտրելու և ապրելու իրավունքները ոտնահարած ռեժիմի ներկայացուցիչները, մեր պետության բարձրագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացուն գնդակահարողները, երբ տապալվի այդ սպանդի արդյունքում իշխանությունը յուրացրած հանցավոր խմբավորումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հ.Գ. Եթե կա մեկը, որ այսօր պետք է պատասխանատվության ենթարկվի՝ կամ իշխանությունից զրկվելով, կամ քրեական պատասխանատվության ենթարկվելով (ընտրությունն իրենն է), ապա դա Սերժ Սարգսյանն է, ում հանցավոր գործունեության արդյունքում այսօր տապալված է անպատժելիության բացառման գլխավոր երաշխիք հանդիսացող Սահմանադրկան կարգը։
Արեգ Գևորգյան