Անկախ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, Արևմուտքն ինչպես երևում է չի փոխում իր քաղաքականության ոճը պոստ սովետական երկրների, իսկ ավելի կոնկրետ Արևելյան գործընկերության երկրների հանդեպ: Բանն այն է, որ մի շարք եվրոպացի փորձագետներ պոստ ֆակտում ընդունեցին, որ Եվրոպայի քաղաքականությունը Ռուսաստանի անմիջական հարևանությամբ գտնվող երկրների հանդեպ ճիշտ չի եղել, քանի որ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ այդ երկրները պետք է ընտրություն կատարեն իրենց և Ռուսաստանի միջև: Սրա մասին խոսել է ինչպես վերջերս Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, այնպես էլ այս մարդուց առաջ մի շարք այլ պաշտոնյաներ և առհասարակ փորձագետներ: Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը Եվրոպացիք, հա´մ նալին են խմում, հա´մ էլ մեխին: Փորձեմ ավելի հստակ բացատրել միտս:
Բանն այն է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Քիշնևում հայտարարել է, որ Եվրամիությունը հրավիրում է Մոլդովային՝ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել հունիսի 27-ին, ընդ որում խոսքը նաև ազատ առևտրի գոտու ստեղծման, ասել է թե ասոցացման պայմանագրի ամբողջական տորագրման մասին է: Նշենք, որ ավելի վաղ Ռոմպեյը հայտարարել էր, որ ցանկանում է Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել մինչև 2014-ի օգոստոսը: Փաստորեն ինչպես երևում է ԵՄ-ում իրադարձություններն արագացնելու անհրաժեշտություն են տեսնում:
Հասկանալի է, որ նման քաղաքականությունը, որն իրականացնում է ԵՄ-ն ընդհանրապես, այլ ոչ թե միայն Մոլդովայի նկատմամբ, Ռուսաստանի կողմից դիտարկում է որպես ոչ միայն իր ազգային շահերին հակասող, այլ մի բան էլ ընկալում է որպես ազգային անվտանգության համար սպառնալիք: Չխորանանք պատմության մեջ և չվերհիշենք, թե ինչ խոստումներ էր Արևմուտքը տալիս Սովետական միության առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովին, ով այդ տերության զորքերը հանեց ամբողջ արևելյան Եվրոպայից և թույլ տվեց Գերմանիայի վերամիավորումը: Բոլորս էլ և հատկապես Ռուսաստանը լավ է հիշում, որ Արևմուտքը խոստացավ չընդլայնվել դեպի արևելք, բայց դրան հակառակ շատ կարճ ժամանակում բոլոր արևելաեվրոպական երկրները դարձան ինչպես ԵՄ անդամներ, այնպես էլ շուտափույտ կերպով հայտնվեցին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:
Այնպես որ Ռուսաստանն ավելի քան, որևէ այլ երկիր իրավունք ունի մտահոգվել, որ ներկայումս «ասոցավողները» կարող են հետագայում «կլանվել» Արևմուտքի կողմից և էլ ավելի խոցելի դարձնել Ռուսաստանի պաշտպանական համակարգը: Ասածս այն է, որ Արևմուտքի փաստարկները, թե իբր ընթացող գործընթացները ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանում ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ և աշխարհաքաղաքական պայքար որպես այդպիսին գոյություն չունի, մի քիչ դառնում են ոչ համոզիչ: Բնականաբար, ԵՄ-ի կողմից վերջին այս քայլը Ռուսաստանը կընկալի որպես սադրանք և իր համապատասխան «հետևությունները» կանի մոտակա ժամանակահատվածում:
Ընդամենը կարելի է ասել, որ նման անզիջում կեցվածքը Արևմուտքի կողմից անհետևանք չի մնա: Ճիշտ հասկացեք ես բնավ նկատի չունեմ, որ «տեսեք-տեսեք թե ինպես է հիմա Ռուսաստանն Արևմուտքին նախատելու, կամ էլ կներեք արտահայտությանս համար, բայց ականջները ձգելու»: Բնավ ոչ: Բայց այն որ սրան լինելու է պատասխան միանշանակ է: Ռուսաստանն այլևս զգալով իրեն օղակված' կանի հնարավորը' պաշտպանելու համար իր շահերը, եթե իհարկե դեռ հավակնում է լինել միջազգային լուրջ դերակատար, իսկ ինչ-ինչ բայց նման ցանկությունն ու դրան ուղղված գործողություններն այդ երկրի կողից այսօր ակնհայտ են:

 

 


Հակոբյան Տիգրան