Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ' ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական' համակրանք և բացասական' հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք:
Հուզական վերաբերմունքը միշտ կազմված է երեք հոգեբանական բաղադրիչներից:
Առաջինը զգացմունքային բաղադրիչն է (հուզական) բաղադրիչն է: Ուրիշի նկատմամբ մեր վերաբերմունքն իր մեջ միշտ հույզեր, զգացմունքներ է պարունակում:
Երկրորդը վարքային բաղադրիչն է. Մեր վերաբերմունքը հաճախ հանգեցնում է որոշակի գործողությունների:
Երրորդը իմացական բաղադրիչն է, որի մեջ մտնում են վերաբերմունքի օբյեկտի մասին մեր տպավորություններն ու նրան տրվող գնահատականները, այն դատողությունները, որ մենք անում ենք նրա մասին:
Միջանձնային գրավչությունը մեկ անձի համար մյուսի հրապուրիչ, գրավիչ, ցանկալի լինելն է, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական , այնպես էլ հոգեբանական հատկություններով ու վարքով:
Արտաքին տեսքը.
«Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով»…
● Մարդիկ ուշադրություն են դարձնում թե՛ իրենց, թե՛ ուրիշների արտաքին տեսքին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում են կյանքի ընկեր գտնել: Հաճախ, հատկապես երիտասարդ տարիքում, մարդկանց ֆիզիկական գծերին մեծ նշանակություն է տրվում. Կան մարդիկ, որոնք արտաքինն այնքան կարևոր են համարում, որ չեն էլ փորձում տեսնել, թե ինչ կա գրավիչ արտաքինի տակ:
Գրավիչ լինելու համար անհրաժեշտ է միշտ հետևել արտաքին տեսքին, ֆիզիկական վարժություններ անել, ճիշտ ընտրել հագուստը, զարգացնել ճաշակը, հմտորեն օգտագործել գեղարարական միջոցներ:
Ֆիզիկապես գրավիչ անձինք գնահատվում են որպես ավելի հեղինակավոր, շփվող, հոգեպես առողջ և կյանքում հաջողակ: Հայտնի է, որ համառ աշխատանքի, մտքի ու խոսքի զարգացման շնորհիվ կարելի է ֆիզիկական թերությունները մեծ չափով փոխհատուցել և հաջողության հասնել:
Հասակը.
«Եթե ուզեն' երկնքից վար կբերեն արեգակ»…
● Ամենուրեք առավելություն է համարվում տղամարդու հասակը: Բայց ընկեր ընտրելիս, ինչպես ցույց են տալիս հոգեբանակն հետազոտությունները, աղջիկներն ավելի հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք գրավիչ չեն համարվում: Իրենք էլ բարձրահասակ կանայք էլ իրենց գրավիչ չեն համարում և կարծում են, թե միջահասակ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Բարձրահասակ կանանցից շատերը կռացած են քայլում' ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:
Կազմվածքը.
«Ասա՛ ինձ, ի՛մ հայելի, ո՞վ է ինձնից զմայլելի»…
● Կանանց գնահատելիս հայ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է թեթևակի գիրությունը, քան թե շատ նիհարությունը: Ժամանակ առ ժամանակ «նորաձև» են դառնում նիհար, «տափակ» ձև ունեցող կանայք: Բայց առավել հաճելի ու հմայիչ են հեզաճկուն, բարակիրան նաիրուհիները: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց: Սեփական մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում: Շատերը հավատացած են, թե իրենք իդեալականին մոտ կառուցվածք ունեն: Սխալվում են նաև այն հարցում, թե հակառակ սեռին ինչպիսի կառուցվածքն է դուր գալիս:
Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
Վարքը.
«Եթե ժպտում ես, ողջ աշխարհն է ժպտում քեզ հետ»...
● Գրավչության վրա ազդում է նաև մարդու վարքը և այն, թե նա ինչպես է դրսևորում հույզերը: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
Ժպիտը բարելավում է հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար:
Կանանց ավելի հաճախ դուր են գալիս տիրական վարք ունեցող տղամարդիկ: Մինչդեռ եթե կինն է իրեն տիրական ոճով պահում, կարգադրություններ անում, ապա տղամարդկանց դուր չի գալիս:
Հոգեբանական հատկությունները.
«Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմարի իմ հոգին»…
● Ե՛ վ տղամարդիկ, և՛ կանայք միմյանց մեջ բարձր են գնահատում ազնվությունը: Կարևորում են նաև նրբազգացությունն ու հավատարմությունը:
Կանայք տղամարդկանց մեջ, անշուշտ, մեծ նշանակություն են տալիս արտաքին տվյալներին, բայց էլ ավելի կարևոր են համարում հուզական ջերմությունը, համառությունն ու հաստատակամությունը, նվաճումների հասնելու պահանջն ու նպատակասլացությունը, նաև' սրամտությունը:
Տեսակետը.
«Սիրել, նշանակում է նայել միևնույն ուղղությամբ»…
● Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ: Երկու անհատների վերաբերմունքի, դիրքորոշումների նմանությունը շատ էական դեր է խաղում:
Հոգեբանական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ եթե մարդը ֆիզիկապես գրավիչ է, բայց կարևոր հարցերում ունի հակառակ տեսակետ, ապա գրավչությունը թուլանում է, և հակառակը, եթե մարդն առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ, բայց մեր տեսանկյունները նման են, ապա նրա գրավչությունը մեզ համար մեծանում է:
Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ: