Այսօր ԱԺ-ում դարձյալ կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու հարցն էր քննարկվում:
«Նոր» կառավարությունը օրեր առաջ փորձեր արեց հարցի լուծման, ավելի ճիշտ՝ ցույց տալու, որ փորձեր անում է հարցի լուծման, բայց դա տարբերակ չէ։ Պարզից էլ պարզ է, որ այս հարցը կոսմետիկ լուծումների խնդիր չի, ու կառավարությունը ստիպված է լինելու որոշում կայացնել՝ շարունակո՞ւմ է նախորդի ձախողված քաղաքականությունը, թե՞ գնում բարեփոխումների ճանապարհով։
Դե Ս.Սարգսյանն արդեն հստակեցրել է, որ Աբրահամյանը պարտավոր է շարունակել նախորդի կիսատ թողած սխալները, իսկ նա հո վարչապետ չի՞ նշանակվել, որպեսզի հաշված օրերի ընթացքում դառնա քավության նոխազ: Այդ իսկ պատճառով փորձեց դե-ֆակտո դադարեցնել «կուտակայինի» պարտադիր բաղադրիչը, բայց դե-յուրե պահել այն: Թեպետ մի քիչ ծիծաղելի է, թե ինչ է նշանակում դե-ֆակտո, երբ խոսքը օրենքի կատարման մասին է: Հավանաբար հիշել են այն «հին ու բարի ժամանակները», երբ ԽՍՀՄ-ում ասում էին գողությունն արգելված է օրենքով, բայց ներքին կարգով աշխատողները կարող էին հիմնարկից գողություն կատարել՝ ղեկավարության գիտությամբ և սահմանված նորմաների համաձայն: Այսինքն հիմա, ուզում են հասարակության մեջ սերմանել խորհրդային մտածողություն, որպեսզի կարողանան վերականգնել ԽՍՀՄ կարգերը, բայց առանց գաղափարախոսության ու սոցիալական չնչին իսկ երաշխիքների:
Մեզ ասում են պարտադիր է, բայց ոչ պարտադրված։ Դրանից հետո սկսվեցին բառախաղը պարզաբանող հանրային քննարկումները։ Ի՞նչ ասել է պարտադիր չէ, բայց պարտադրված է։ Նույնը չի՞:
Այստեղ էլ չեմ կարող չհիշել, որ երբ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը փորձում էր կառավարելի ժողովրդավարություն հաստատել, հայտարարեց, որ երկրում ոչ թե պետք է լինի դեմոկրատիա, այլ՝ հասարակության դեմոկրատիզացիա: Ու այն ժամանակ էլ սկսեցին հրապարակայնորեն բառերի հետ ժամերով աճպարարություն անել, բայց այդպես էլ ոչինչ չպարզվեց ու ստիպված դիմեցին «Հայկական ռադիոյին»:
«-Հարց. Чем отличается демократия от демократизации,
-Պատասխան. Чем канал от канализации»:
Այնպես որ՝ հարկավոր է մի կողմ նետել բառախաղերը և «կուտակայինի» պարտադիրը պարտադիր կերպով հանել:
Պետք է հասկանալ վերջապես, որ հանրային վստահություն չվայելով՝ կառավարությունը, եթե անգամ հավերժ ապրելու դեղահաբ պարտադրի հասարակությանը, ապա դարձյալ հրաժարվելու են՝ կարծելով, թե դրանով իշխանությունները ցանկանում են հավերժ իշխել ու մեզ էլ հավերժ կեղեքել:
Արմեն Հարությունյան