94 տարի առաջ այս օրը սկսվեց ազգադավ հայ բոլշևիկների կազմակերպած մայիսյան ապստամբության այն փուլը,երբ կոչերից անցան գործի: Ռուսաստանից բացի,բոլոր երկրներում բոլշևիկներին հալածում էին, բայց նրանց ապաստան տվեցին ՀՀ այդժամանակյա իշխանությունները: Բայց ինչպես ասում են՝ օձը տաքացնողին է կծում: Հայաստանում նրանք սկսեցին զբաղվել հայրենակեր, պետականադավ ապստամբություն կազմակերպելով: Նրանց ընդհատակյա կառույցների քարոզիչները ժողովրդին համոզում էին, որ եթե Հայաստանը կարմրի, միանգամից բոլոր սոցիալական խնդիրները կվերանան: Չեմ ուզում կազմակերպիչների անուններ տալ ոչ թե նրա համար, որ չգիտեմ, այլ որպեսզի այդ հայկական անուն-ազգանուն ունեցող դավաճանների անունները իսսպառ մոռացվեն: 1920 թվականի մայիսի 1-ին տոնական տրամադրությունը երկրում խաթարվեց հայ բոլշևիկների հնչեցրած հեղափոխական կոչերով: Խաբվելով բոլշևիկների քաղցր լեզվին՝ շատերը միացան ապստամբությանը, այդ թվում և զինվորականներ: Ապստամբության կենտրոնը Ալեքսանդապոլն էր: 1920 թվական մայիսի 7-ին ՙՙՎարդան Մամիկոնյան՚՚ զրահագնացքում տեղի ունեցավ դավադրության ղեկավարների խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին հետագա քայլերը: Այնուհետև սկսեցին գործել: Ինչևէ բոլորը գիտեն այդ ապստամբության հետագա ճակատագիրը: Միայն նշեմ, որ իշխանությունները ստիպված էին արտակարգ դրություն մտցնել երկրում, որպեսզի արմատախիլ անեին երկրում աճող մոլախոտը: Փառք Սեպուհին և նրա քաջարի ռազմիկներին, որոնք արյան մեջ խեղդեցին ազգային դավաճանների կազմակերպած ապստամբությունը: Ցավոք նույն թվականի նոյեմբերին բոլշևիկներին հաջողվեց ոչնչացնել մեր անկախ պետականությունը, երբ նրանց օգնության եկավ 11-րդ արյունարբու կարմիր բանակը: 1921 թվականի փետրվարին մեր իմաստուն ժողովուրդը, հասկանալով բոլշևիկների իրական նպատակները, ապստամբեց ապազգային բոլշևիկյան իշխանությունների դեմ: Նեո բոլշևիկներն ասում են, որ փետրվարյան ապստամբությունը դաշնակներն են կազմակերպել, բայց մոռանում են, որ այդ ժամանակ դաշնակցականները հալածյալ վիճակում էին և չէին կարող բանտերից կազմակերպել համաժողովրդական ապստամբություն արյունարբու բոլշևիկյան վարչակարգի դեմ: Նրանք ղեկավարեցին ապստամբությունը միայն դրա թափ առնելուց հետո: Այսպիսով պատմությունից դաս ենք առնում, որ օձերին ոչ թե պետք է ծոցում ապաստան տալ, այլ գլուխը ճզմել, որ չխայթեն:
Հ.Գ. Այժմ էլ կան հայկական անուն-ազգանունով օձեր, որոնք դեմ չէին լինի կրկնել 20-րդ դարասկզբի բոլշևիկների ՙՙսխրանքը՚՚ :

 

 

Տիգրան Մկրտչյան