Եվրատեսիլի մեկնարկն իր հետ մի հետաքրքիր վիճակ ստեղծեց հատկապես հայաստանցիների շրջանում. վերստին հիշեցին, որ նույնիսկ այս երաժշտական փառատոնի համար մենք առանց սփյուռքի աջակցության որևէ էական արդյունք չենք կարող ունենալ: Չեմ հետևել արդյոք ամբողջ աշխարհի հայերի նախարար Հրանուշ Հակոբյանը ուղերձով դիմել է սփյուռքահայերին' Արամին աջակցելու համար, թե ոչ: Բայց անկեղծ ասած ազնիվ ու ճիշտ կլիներ, եթե չդիմեր: Ինչ բարոյական իրավունք ունենք մենք Սփյուռքի աջակցությունն ակնկալելու, եթե ասենք նույն սփյուռքը ներկայացնող սիրիահայերի հանդեպ Երևանում երբեմն ավելի վատ վերաբերմունք ենք ունենում, քան ասենք ..... լավ չասեմ հանուն սիրիահայերի, որ չնեղանան, նրանք իրական հայրենասերներ են ոչ թե զուտ միայն ֆեյսբուքյան: Քանի ծեծկռտուքի, ավազակային հարձակման, դանակահարությունների և այլ հանցագործությունների դեպքեր գրանցվեցին, որտեղ սիրիահայը տուժող էր հենց Երևանում, դեռ մարզերը չհաշված: Իսկ չէ որ հենց այդ նույն սիրիահայը ևս ներկայացնում է Հայկական Սփյուռքը, ով ի դեպ ամենամյա տելետոն կոչված համազգային մուրացկանությանը քիչ նվիրատվություններ չի արել ժամանակին: Իսկ ունի արդյոք Հրանուշ Հակոբյանը բարոյական իրավունք արդեն նշածս ուղերձով դիմելու, ու որևէ ակնկալիք ունենալու, երբ ոչ վաղ անցյալում նույն սփյուռքը ներկայացնող մի պատվարժան բժշկի հանդեպ բավական կոշտ վերաբերմունքով աչքի ընկավ, այն էլ հրապարակային:
Եվ վերջապես, ինչ տեսան սփյուռքահայերը ի դեմս սիրիահայերի, հայաստանցիներից, որ հիմա աջակցեն, երբ մարդիկ օր առաջ ուզում են թողնել-գնալ Հայրենիքից, որովհետև զգում են, որ ընդունված չեն, անկախ այն բանից, թե հանրային լսարանի ականջներից մակարոն կախելու համար ինչպիսի սրտացբխիչ-հայրենասիրական տեսանյութեր են նկարվում ու "ռասկռուտկա" արվում' "մենք երջանիկ ենք ու շնորհակալ ընկեր Ստալինին մեր երջանիկ կյանքի համար" տրամաբանությամբ ու ճաշակով:
Հիմա արդեն Սփյուռքը ամեն բան գիտի մեր մասին ու էլ իննսունականները չեն, որ կարելի լինի Արարատ սարով, Մեծ Եղեռնի հիշատակով, Նունեին "Դլե Յաման" ու "Կռունկ" երգացնելով փող պոկել կամ այլ ակնկալիք ունենալ:

 

 

Հարություն Հարությունյան