1992-ի դեկտեմբերի վերջերն էին, վաղ առավոտյան դատարկ փողոցներով գնում էի աշխատանքի՝ չիմանալով ճանապարհի ո՞ր հատվածում կընկնեմ թշնամու հրետակոծության տակ: Այդ շրջանում ամեն օր էին քաղաքը հրետակոծում և՝ տարբեր ժամերի:
Թաղամասի նեղ կամրջին հանդիպեցի ընդառաջ եկեղ, հայրենական պատերազմի մի ծեր և հաղթանդամ վետերանի՝ Արամին Վարդազարյան, որը, ապշելու բան, ձեռքերը տարածել և ասես պատրաստվում էր ինձ գրկել:
Ո՞վ կմտածեր, որ այդ պատվավոր, հարգարժան և ծանրակշիռ մարդը այդպիսի պատանեկան ոգևորությամբ ինձ կողջուներ...
Հազիվ մեկ-երկու՝ գիտեի նրան և ես էլ այդ թաղամասի նորեկ բնակչուհի էի...
Կանգնեց և մի տաս րոպե զրուցեց: Չեմ հիշում՝ ինչի մասին:
Միայն վերջում ասաց՝ հետ դարձիր, ի՞նչ աշխատանքի գնալու օր է և՝ գնաց:
Մտածեցի՝ սա նախանշան էր՝ ձեռքերի տարածելն ու համարյա ճանապարհս փակելը:
Բայց շարունակեցի ճանապարհս, որովհետև թերթը երկու-երեք հոգով էինք պահում, և մեզ մոտ էլ գրեթե ռազմական իրավիճակ էր:
Հասնելով քաղաքի հրապարակ՝ կանգառի մոտ, երկինքը սկսեց դղրդալ դժոխային աղմուկով, շատ մոտ, հենց քաղաքի հրապարակի շրջակայքում սկսեցին պայթել գրադները:
Քաղաքի կենտրոնը՝ իր ողջ շենքերով, հիմնարկներով՝ մինչև կապի հանգույց, ահռելի ուժով հրետակոծվում էր:
Հասել էի մանկական գրադարանի կանգառի մոտ:
Նայեցի՝ կանգառում կանգնած էր չորս-հինգ մարդ, մի պահ կանգնեցի նրանց կողքին և ասես երազում՝ նայում էի սև- ծխապատ, գրադներից որոտացող երկնքին:
Դիմացը բնակելի հին շենքի և գրադարանի քարակուռ դալանն էր՝ իր հսկա ելումուտավ:
Մարդիկ արագորեն վազում էին դեպի դալանը, իսկ ես կանգնել, քարացել էի ծխի ու փոշու, վայրենի պայթյունների մեջ:
Զգացի, նրանցից մեկը հետ դարձավ և թևս քաշելով՝ տարավ դեպի դալան:
Ո՞վ էր այդ անծանոթ երիտասարդը, որ հետ եկավ և թևս քաշելով, համարյա զոռով, ինձ էլ տարավ թաքստոց:
Քսաներկու տարի ասես փնտրել եմ այդ մարդուն, այդ հարցը միշտ ինձ հետաքրքրել է, բայց ընդամենն այսօր իմացա, թե ով է եղել այդ մարդը...
Դալանն ապահով չէր՝ իր լայն ու բարձր ելք ու մուտքով, բայց մոտիկ ուրիշ տեղ չկար. չարիքի փոքրագույնն էր:
Հրետակոծությունը չէր դադարում, ավելի էր սաստկանում և այն էլ՝ մեր քթի տակ...
Ոչինչ չէր երևում. հրապարակը քարուքանդ էր արվում՝ իր ողջ կարևոր շենքերով, ռազմավարական նշանակության կազմակերպություններով ...
Ես, էլի եմ ասել, հրետակոծությունների ժամանակ՝ տանը թե՝ դրսում. չէի կարողանում ոչ նստել, ոչ պպզել, ոչ էլ առավել ևս՝ պառկել որևէ տեղ...
Մնում էի կանգնած, կամ սկսում էի աջ ու ձախ քայլել, որովհետև հենց փորձում էին ինձ նստացնել, կորացնել կամ պառկեցնել, սիրտս վատանում էր, և ես զգում էի, որ հազարի տակ աշխատող սիրտս՝ հիմա կանգնելու է...
Ես պետք է ազատ քայլելուց, կամ կանգնած դիրքով մեռնեի...
Այդպիսին էր իմ ռեակցիան, այդպես էի նախընտրում և մինչև հիմա՝ չգիտեմ ինչու՞..
Ընդմիջելով ասեմ, որ մի անգամ ընկերուհուս տանն էի, երբ ահռելի հրետակոծություն սկսվեց: Իջանք առաջին հարկ, իր հարևանի տուն, որտեղ տեսա՝ դուռը բաց՝ մարդ չկար:
Քիչ անց նկատեցի, որ բոլորը՝ տարեց, ջահել, չաղ թե նիհար...բոլորը մահճակալի, սեղանի տակ են:
Այդ սարսափելի պահին մի այնպիսի նյարդային քրքիջ էր բռնել ինձ, մանավանդ, երբ տեսա տան միակ լողլող տղամարդը ոնց էր սեղանի տակ երկտակվել, ոնց որ՝ մանուկը մոր փորում...ճճ
Ընկերուհիս իր փոքրիկ աղջկա հետ անմիջապես մտավ տան պատի մեջ, բանկաների, խառիխուռի դալանը և գոռաց՝ մտիր, դուռը փակում եմ, շուտ արա, շուտ...
Եթե մտնեի՝ սիրտս հաստատ՝ այդ դռներով դարակի մեջ կպայթեր...
Կանգնել և խելագարի պես շարունակում էի քրքջալ՝ այդ լողլողի և իր չափազանց չաղ կնոջ թաքնվելու ձևից. մեկը՝ սեղանի, մյուսը մի կերպ խցկվել էր մահճակալի տակ, և միայն չստիկներն էին երևում....
Հիմա՝ դեկտեմբերյան հրապարակի ու նրա շրջակայքի հրետակոծության մասին:
Այդ երիտասարդ տղան, որ հագել էր սև և փափուկ, արհեստական կարճ մուշտակ, ասես պարտավորվել և երդվել էր՝ ինձ փրկել. իրենք համարյա նստել էին գետնին, ես համառորեն չէի ծալվում:
Ուղիղ դալանի ելքի մոտ, որտեղով մտել էինք, գրադը ցաքուցրիվ արեց մանկական գրադարանի պատուհանները. պայթել էր դիմացի բնակելի շենքի այգու մեջ և այգին օդ բարձրացրել՝ աղալով շրջակայքում ամեն ինչ, բեկորները շաղ տալով մինչև դալան:
Այդ տղան այնպես կատաղած քաշեց թևս դեպի իրեն, որ համարյա կորա նրա մուշտակի մեջ, ակամա գլուխս հայտնվեց նրա թևի տակ:
Ուժով, գրեթե խեղդելով ինձ՝ այդ անծանոթ երիտասարդը երեսս փակել էր իր հաստ մուշտակի տակ, և մինչև հիմա այդ մուշտակի տամուկ խոնավահոտն եմ հիշում:
Փախչելու հնար չունեի. ուժով այդ ոչնչով աչքի չընկող, բանվորական հագնված երիտասարդը ինձ գամել էր գետնին:
Հրետակոծությունը մի տաս-տասնհինգ րոպե հետո դադարեց:
Վեր կացանք և ամենքս վազքով՝ մեր գործին:
Այլևս այդ երիտասարդին չտեսա, բայց միշտ մտածել եմ՝ ո՞վ էր այդ մարդը, որն իր մուշտակում պահպանել և թաքցրել էր դեմքս՝ այնպիսի ջանասիրությամբ....
Մանավանդ, որ այդ օրը գրադի միայն հուժկու ալիքից արյունով ժայթքել էին՝ իր տան մեջ պատսպարված մի տղամարդու աչքերը, և նա իսպառ կուրացել էր:
Այդ օրը քաղաքում ամենաշատ զոհեր տված հրետակոծության օրն էր. և խաղաղ բնակիչների, և՝ կապի աշխատողների...
...Այս մայիսյան տոներին երկու տարվա գնած հեռուստացույցս փչացել էր: Զանգահարեցի իմ ծանոթ մասնագետին՝ Արմենին, որը մի քանի անգամ արդեն նորոգել էր նախկին հեռուստացույցերս:
Մի չափազանց համեստ, ազնվագույն և բարեխիղճ մարդ:
Նորոգելու ընթացքում և հետո անընդհատ հյուրասիրում էի՝ սուրճ, համով, իմ պատրաստած համադամներ:
Չգիտեմ ինչու, միշտ առանձնահատուկ հոգատար եմ եղել այդ մասնագետի նկատմամբ,հյուրասիրել քրոջ բարեգթությամբ՝ իմ ձեռքով անգամ լցնելով մուրաբան, անմիջական, թեթև, ասես՝ հարյուր տարվա ընկերս լիներ...
Եվ միշտ էլ, չնայելով իր հրաժարումներին, վճարել ավելին, գրեթե կրկնակին...
Ինչքա՜ն մեզ անհասկանալի բաներ կան...
Երբ նորոգել- վերջացրել էր արդեն, և թեյ էինք խմում, խոսք բացվեց երկրի, քաղաքականության, պատերազմի մասին, ասաց, որ պատերազմի տարիներին ինքը հակաօդային պաշտպանության կարևոր և գաղտնի գործեր էր իրականացնում՝ Արցախում...Զարմացա՝ դու մասնակցե՞լ ես, Արմեն, ղարաբաղյան պատերազմին
Ժպտաց և հանկարծակի ասաց՝ չե՞ս հիշում, այդ օրը, կանգառում կանգնած...
Ես սպասում էի Ղարաբաղ գնացող տրանսպորտի, երբ գրադը վրա տվեց...Քեզ զոռով քաշեցի, տարա դալան, չէիր գալիս...
-Վայ, Արմեն, այ տղա, դա դու ՞ էիր..Բա խի՞ մինչև հիմա չես ասել...հազար տարի է՝ իրար գիտենք...Փափուկ սև մուշտակդ..ոնց էիր ինձ ուժով թաքցրել մուշտակիդ թևի մեջ...
Ուսերը թոթվեց և համեստ ու անճարակ ժպտաց.
-Եսիմ...Ի՞նչ ասեի...
Եվ դա ասում է մի մարդ, որ գուցե ինձ փրկել է կուրանալուց, կամ՝ առկա զոհվելուց, որովհետև ես պատրաստվում էի հրետակոծության տակ շարունակել ճանապարհս և արագորեն հասնել խմբագրություն, գործկոմի շենք, որն արդեն մոտ էր:
Ասեմ, որ հենց այդ ճանապարհին, հրապարակում և գործկոմի շենքի մոտ էլ երկու մարդ էր զոհվել..
Այդ օրն ինձ ակամա փրկեց նաև այն բարի և վաղուց ողորմածիկ վետերանը, որն իր զրույցով կանխեց ինձ՝ հասնելու այն վայրերը, որտեղ պատսպարվելու հնար չկար և հաստատ զոհերից մեկն էլ ես էի լինելու...
Քանի՜ այսպիսի դեպքեր կան, երբ միմյանց ակամա ինքներս ենք փրկել. ոչ երկիր կար, ոչ՝ իշխանություն...
Սուսաննա Բաբաջանյան