Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

Սիրած էակի հետ ամուսնական դաշինք կնքելու օրն, ինչ խոսք, կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է: Օր, որին երկար եք սպասել, պատկերացրել երազներում' քուն թե արթմնի: Ինչպես առավելագույնս հիշարժան դարձնել այն…

Այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սպառվում մեկով. ոմանք նախընտրում են ավանդական ճոխ ու բազմամարդ հարսանիքը' լիմուզինով, շքեղ մեքենաներով, բնականաբար նաև պսակի եկեղեցական օրհնությամբ, որն իսկապես հուզիչ է և սրտահույզ: Ոչինչ, որ ոմանք հետո ամիսներ շարունակ պետք է մտածեն վերցրած պարտքը մարելու մասին: Մյուսները բավարարվում են միայն եկեղեցով ու փոքրիկ խնջույքով նեղ միջավայրում, այնուհետև զույգն ուղևորվում է ճամփորդության: Կան զույգեր էլ, որոնց համար միայն ճամփորդությունը բավական է. «Ինչ իմաստ ունի հավաքվել մի քանի տասնյակ մարդկանցով, որոնց մեծամասնությանը կամ չես ճանաչում, կամ էլ տեսնում ես տարվա մեջ մի քանի անգամ միայն»: Ընդ որում' հրաժարվում են և եկեղեցի գնալուց:

Մեր հայրենակիցների հակասական կարծիքները կօգնեն ապագա նորապսակ ընթերցողներին կողմնորոշվել այս ոչ անկարևոր ընտրության հարցում:

Հակոբ, 21տ., ապագա կենսաբան Ես առանց տատանվելու կընտրեի ճանապարհորդությունը, քանի որ տանել չեմ կարողանում «հարսանիք» երևույթը։ Իմ ընկալմամբ' դա ընկերների, ծանոթների ու ազգականների տոն է, ոչ թե նորապսակների։ Ընդհանրապես չեմ սիրում «ուտուշ-խմուշներ ու տաշի-տուշիներ»։ Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ ես այդմիջոցառումից կարող է հաճույք ստանամ: Ինձ թվում է՝ ձանձրույթից կմեռնեմ:

Իսկ այ ճանապարհորդությունը լրիվ ուրիշ բան է։

Մարիանա, 18տ., ապագա լեզվաբան Ես նախընտրում եմ սպիտակ զգեստով եկեղեցում օրհնություն ստանալն ու ճանապարհորդությունը, իսկ հարսանիքը այնքան էլ կարևոր չէ, չնայած եթե դա էլ լինի չի խանգարի:

Գոհար, 28տ., մանկավարժ

Հարսանիքն այնպիսի բան է, որ ամեն մարդու կյանքում անպայման պետք է անմոռանալի հուշերով լեցուն մի օր դառնա: Հարսանիքը միայն ուտուշ-խմուշ չէ: Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի: ճանապարհորդությանկարելի է նաև հետո գնալ, բայց հարսի շոր հագնելը հետո ավելորդ կլինի, անգամ' ծիծաղելի:

Միանշանակ ՀԱՐՍԱՆԻՔ: Փորձը միշտ ցույց է տալիս, որ հարսանիք չանելը նույն տրամաբանական ելքին է բերում' զղջում:

Լիա, 20տ., ապագա տնտեսագետ Ես կընտրեի մի տարբերակ, որը դարձել է շատ մոդայիկ. հարսի շոր, եկեղեցի, կոկտեյլի փոքրիկ սեղան, այնուհետև անմոռանալի ճանապարհորդություն:

Նաիրա, 22տ., պարուհի
Ի՞նչ կա այդ սպիտակ շորի մեջ, չեմ հասկանում:

Լիլիթ, 25տ., մանեքենուհի Անկեղծ ասած, երբ տեսնում եմ մեր հայկական ավանդույթներով հարսանիքները (ուսերին լավաշ, մեղր ուտել, ափսե կոտրել, օժիտ նայել, հարսի՝ բոլորի մոտ շոր փոխելը և այլն), վատ առումով փշաքաղվում եմ, իմ բանը չի դա: Կնախընտրեմ ճանապարհորդություն, ու հենց ճանապարհորդության ընթացքում մի տեղ փոքրիկ հարսանիք կազմակերպել: Եթե հարսի շորն է ամբողջի պատճառը, ապա կարելի է նախքան ճանապարհորդության մեկնելը հարսի շոր գնել ու ճանապարհորդության ընթացքում մի քանի անգամ հագնել: Էդ ճոխ շորերը չեմ սիրում, ուստի իմ հարսի շորն էդքան էլ չիտարբերվի իմ սովորական հագուստից: Օրինակ' վատ չէր լինի ճանապարհորդությունից հետո ընկերների հետ մի փոքրիկուրախություն կազմակերպել :

Լուսինե,16տ., դպրոցական

Հավանաբար կնախընտրեմ հարսանիքը, իսկ այդ ճանապարհորդություն բառը մի քիչ ճոխ էասված: Ո՞նց թե հարսի շոր չհագնել, էն էլ' հավես, սիրուն «ուռած շորիկ: Հիմա շատ լավ է, որ հարսի շորը բոլորի մոտ չեն հագցնում: Տանում են միայն հարսի քողն ու լավագույն դեպքում կոշիկները: Իսկ լավաշ գցելու կամ մեղր ուտելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Պարզապես վատ է այն, որ մեր միջին խավի մարդկանց համար դժվար է կազմակերպել և հարսանիք, և ճամփորդություն:

Աննա, 18տ., ապագա միջազգայնագետ Ես կընտրեմ ճանապարհորդությունը: Իսկ ինչ վերաբերում է հարսի շորին, ապա այն կընտրենք այն երկրում, որտեղ գնացել ենք և կամուսնանանք մի փոքրիկ եկեղեցում, որտեղ կլինենք միայն մենք և քահանան:

Կարեն, 22տ., ձեռներեց Չեմ սիրում հարսանիք, այդ բոլոր ճոխություններն ու ձևականությունները… շատ հյուրեր կանչել և այլն... զուռնա-դհոլ փողոցում… երբ տեսնում եմ, ամուսնանալու ցանկությունը մեջս կորում է: Բայց դե համոզված չեմ, որ իմ ուզած ձևով կամուսնանամ, քանի որ հնարավոր է' ապագա հարսնացուս ուզենա հարսի շոր և հարսանիք: Իսկ եթե նա իմ հարսնացուն է, ուրեմն թող որ նրա ուզածով լինի: Ինձ համար դա առանձնապես սկզբունքային հարց չէ:

Մառա, 24տ. բանասեր Ես միշտ էլ երազել եմ սպիտակ հարսի շորի մասին ու, կարծում եմ, ամուսնական դաշինքը կյանքի կարևոր իրադարձություն է, որը պետք է նշվի ու պետք է նշվի գեղեցիկ ու հիշարժան: ճամփորդել կհասցնեք, կյանքն առջևում է, իսկ հարսանիք...

Հասմիկ, 22տ., բուժքույր Հարսանիք տարբերակը կընտրեմ այն դեպքում , եթե համոզված լինեմ, որ այն անցնելու է այնպես, ինչպես ես և ապագա ամուսինս ենք ուզում (այլ ոչ թե ծնողները կամ բարեկամները որոշեն, թե որտեղ է անցնելու հարսանեկանարարողությունը, ովքեր են մասնակցելու, ինչ երաժիշտներ են լինելու և այլն): Հակառակ դեպքում կընտրեմ ճանապարհորդություն:

Տիգրան, 24տ., մարզիկ Կողմ եմ ճանապարհորդությանը, ախր ձանձրալի կլինի հարսանիքը. այդ 7-8 ժամը նստես կամ պարես: Մի 150-200 հարբած մարդիկ' քեռու բաջանաղ, մորաքրոջ ամուսնու հորողբոր տղա, ընկերոջ «ախպեր», լավ «ախպոր լավ ախպեր»… Մի խոսքով չեմ սիրում էդ կարգի հավաքներ: Ու բոլորը գալու են քեզ համբուրեն-շնորհավորեն…

Դրա փոխարեն պատկերացնենք, ասենք, 1 շաբաթ Մադրիդում' ֆուտբոլի օրրանում, հետո իսպանական մի ծովափ… ու այդամենը ամփոփվում է գիշերը ճոխ հյուրանոցում' շամպայնով, վարդերով ու մոմերով … դու և նա...

Դիանա, 19տ., ապագա բժշկուհի Իմ պատկերացմամբ պետք է լինի և հարսանիք, և ճամփորդություն («մեղրամիս» կոչվածը): Հարսանիք եւ մի քանի օր հետո' ճամփորդություն: Միայն հարսանիքը, բնականաբար, քիչ է:

Մարիա, 20տ, դիզայներ Քանի որ ես նկարներ շատ եմ սիրում, կուզենայի անպայման գեղեցիկ հարսանեկան նկարներ ունենալ, շատ գեղեցիկ հարսանեկան զգեստով… որ հետո դրանք նայեմ ու երեխաներիս ու թոռնիկներիս ցույց տամ, ասեմտեսեք ինչ սիրուն է եղել ձեր մաման:

Իսկ հարսանիք ասվածը ինձ համար կարևոր է հենց նրանով, որ այն գեղեցիկ հուշ կարող է լինել, գեղեցիկ է և պսակադրության մասը: Բայց այ հարբած մարդկանցով լի հարսանեկան սրահը ինձ սարսափելի տհաճություն կպատճառի: Դրա համար կնախնտրեմ պսակադրությունից անմիջապես ճանապարհորդության մեկնել: Մեկ էլ, ինձ թվում է, հեչ պարտադիր չէ, որ հարսանեկան մեքենան լիմուզին լինի: Կարելի է հյուրերի համար փոքր հյուրասիրություն կազմակերպել հենց պսակադրության սրահում, քաղցրեղեն և այլն: Դա շատ լավ տարբերակ է հնարավորություն չունեցողների համար. կունենան և հարսանիք, և ճանապարհորդություն:

Մի խոսքով եթե հարկ լինի ընտրելու հարսանիքի և ճամփորդության միջև, ես կնախընտրեմ հրաժարվել հարսանիքի խնջույքային մասից, բայց ոչ պսակադրությունից:

Ելենա, 30տ., ճարտարապետ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք: Որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է, ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենակամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ: Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան... Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան: Այլ բան է, որ մեր օրերում շատերը, ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից: Այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն, թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն:

Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ ծնողների հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու բազմաթիվ լավ հիշողություններ են մնացել: Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ «Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին»: Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա:

Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք էանպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ:

Թերևս, հայերիս երբեմն իսկապես խանգարում է ավելորդ ցուցամոլությունը: Եվ ուրախալի է արձանագրել դրական մի միտում,որ հարսանիքներն այսուհետ շատ դեպքերում իրականացվում են ամենևին ոչ ուրիշներին զարմացնելու ընդգծված շեշտով: Պարզապես տոնը նշվում է նեղ միջավայրում, բնականաբար և' առանց մեծ ծախսերի, ինչը հնարավորություն կտա զույգինընտրել առավելագույն տարբերակը. և օրն անմահացնել հարսանիքով, և մեկնել ճամփորդության /թեկուզ և մեր երկրի հրաշալիվայրերից մեկը, որոնք, համաձայնեք, քիչ չեն/: Ընդունենք, որ հայկական հարսանիքի մեջ էլ կա այն ինքնատիպն ու գեղեցիկը,հայկական վառ կոլորիտը, որը չես գտնի եվրոպական հարսանիքն մեջ:

Առաջնորդվեք ձեր բնավորությամբ ու նախընտրություններով: Սակայն հաշվի առեք, որ ձեր միության օրն ու տվյալ ժամանակաշրջանն էլ երբեք չեն կրկվելու: