Գուրգեն Արսենյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ինքը խոսում է հարուստների անունից: Ես ուրախ եմ, որ Հայաստանում հարուստներ կան և վաստակում են խորհրդարանի ամբիոնից խոսելու իրավունքը, իսկ այդ իրավունքը նրանք կարող են վաստակել ազնվորեն հարկեր վճարելով և աշխատատեղեր ստեղծելով (Գուրգեն Արսենյանին ես համարում եմ նման հարուստ), այլ ոչ պետական պաշտոնը չարաշահելով, երկրի ռեսուրսները լափելով և ժողովրդին շահագործման հաշվին հարստանալով:
Այսօր մայիսի 1-ն է և ես շնորհավորում եմ բոլոր աշխատավոր մարդկանց: Ցանկանում եմ, որ աշխատավոր մարդը հարուստ ապրի, բայց ապրի ազնիվ, որպեսզի հասարակությունը հարգի և սիրի, փորձի նմանվել այդ հարուստին, այլ ոչ անջրպետ առաջանա հարուստների և հասարակության միջև, ինչը ցավոք այսօր առկա է Հայաստանում քանի որ հասարակությունը չի հավատում այդ հարուստներից շատերի՝ ազնիվ ճանապարհով հարստանալու փաստին և զգում է, որ այդ մարդկանցից շատերը հարստանում են իրեն կեղեքելու և իրենց երեխաների ապագան վտանգելու ճանապարհով:
Հասարակություը պետք է հարգի հարուստ մարդուն, բայց պետք է թույլ չտա և պատժի իր երկիրը թալանող և երկրի ռեսուրսները մսխող հարուստներին ու չինովնիկներին:
Հ.Գ. Այսօր ակամայից հիշեցի Հրանտ Վարդանյանին, ում անունը ասոցացվում է տեղական արտադրության, աշխատող մարդու, հայրենիքի նվիրյալի հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մայիսի 1-ը Հրանտ Վարդանյանի ծննդյան օրն է, քանզի Հայաստանի անկախացումից հետո հենց նա վերհիշեց Մայիսի 1-ը, փորձեց արժևորել աշխատավոր մարդուն և ապացուցեց, որ ազնիվ աշխատանքով հնարավոր է սեփական հայրենիքում ապրել բարեկեցիկ:
Մենուա Հարությունյան