Երեկ գիտությունների ազգային Ակադեմիայի կլոր դահլիճում գիտաժողով էր «Քեսաբ. Արդի մարտահրավերները» թեմայով: Գիտաժողովին տարբեր մարդիկ ներկայացրին իրենց կարծիքները: Հնչեցին նաև մտքեր, որոնց կուզենամ անրադառնալ: Որոշ մասնակիցներ համոզված էին, որ Քեսաբի հետ կապված ողջ պատմությունը կատարվել է Թուրքիայի հրահանգով և անմիջական հովանավորությամբ:

Այս պնդմանը հակադարձեց Մայր Աթոռի ներկայացուցիչը, ըստ նրա այս ամենն ուղղակի պատահականություն է և նա չի կարծում, որ Թուրքիան այդ ամենը կատարել է հայերին ճնշելու պատճառով: Նրա խոսքով մենք մեզ բարձր պատվի ենք արժանացնում, Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները կապելով հայերի հետ: Ըստ նրա հայերը Քեսաբում հաստատվել էին ժամանակի ընթացքում, և եթե նույնիսկ հայերի տեղը լինեին քրդեր կամ իսպանացիներ մեկ է կկատարվեր այս ամենը:
Խոսվեց նաև գաղութների ու սփյուռքահայերի տուն դարձի մասին: Օրինակ Աշոտ Մելքոնայնն ասաց, որ ինքն անձամբ ճանաչում է սիրիահայերի, ովքեր եկել են Հայաստան, ստացել են նույնիսկ քաղաքացիություն, սակայն կարողացել են այդ ամենը թաքցնել, ստանալ Սիրիայի անձնագիր և դրա շնորհիվ գաղթել եվրոպական երկրներ, այսինքն այդ մարդկանց մեծ մասը, ովքեր Սիրիայից գաղթում են, ցանկություն չունեն մնալ հայրենիքում, այլ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հնարավորինս շուտ կարողանան հաստատվել եվրոպական որևէ երկրում: Ինչ խոսք, կարծում եմ այս միտքը ոչ մեկի համար գաղտնիք չէր, և իրոք նրանց մեծ մասը պատրաստ չէ մնալ Հայաստանում ու մեզ հետ կիսել դժվարությունները:
Համացանցի միջոցով հնարավոր եղավ կապ հաստատել մի հոգևորկանի հետ Սիրիայից: Նրա խոսքով այսօր սիրիահայ գաղութը գտնվում է ոչնչացման եզրին: Նա պատմեց նաև, որ որոշ ժամանակ առաջ, երբ քեսաբահայերին Հայաստանից հասցվել է օգնություն, դրա հետ մեկտեղ առաջարկվել է տեղափոխվել իրական հայրենիք՝ Հայաստան, սակայն քեսաբահայերից ոչ ոք, բացառությամբ մեկ-երկուսի, չի համաձայնվել:
Հայաստանում շատ ջանք է թափվում սիրիահայերին օժանդակելու համար, նույնիսկ թաղամաս է ծրագրվում կառուցել, սակայն նրանց մեծ մասը ցանկություն չունի հաստատվել հայրենիքում, իսկ ովքեր գալիս են Հայաստան, հիմնականում նրա համար, որ այստեղից հեշտությամբ դասավորեն գործերն ու մեկնեն արտասահման: Մարդիկ կան, որ նույնիսկ կարծում են, որ սիրիահայերին ցույց տրվող աջակցությունը քիչ է, նրանք պետք է ապահովվեն բնակարաններով: Կարծում եմ, որ առաջնային օգնության կարիք ունեն այն մարդիկ, ովքեր այս դժվարին տարիներին միշտ եղել են Հայաստանում, այստեղ ապրել են, աշխատել, ու մեզ հետ կիսել բոլոր դժվարությունները, մասնակցել պատերազմին, բայց այսօր ապրում են տնակներում:
Միթե՞ մենք չենք ճանաչում ազատամաարտիկների, ովքեր բնակարան չունեն: Պետությունն ու հասարակությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն այս մարդկանց, ոչ թե այն մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքն ապրել են արտասահմանում ու ծանոթ չեն Հայաստանում տիրող իրավիճակին: Նրանցից շատերն ապրելով տաքուկ անկյուններում, հայրենիքը հիշել են միայն իրենց մոտ տիրող, այսպես ասած «նեղ» ժամանակներին:

 

Իսրաելյան Էրիկ