Ուշադրությո’ւն. կերպարներն ու պատմությունն ամբողջությամբ հորինված են, ցանկացած համընկնում պատահականություն է
Միայն այն մտքից, որ գիշերը մտնելու էր օտար ու անծանոթ մեկի ծոցը, Ռուզանի սիրտը կանգ էր առնում, ձեռքերը սկսում էին դողալ ու բութ ու սառած հայացքով անհանգիստ այս ու այն կողմ էր անում այնքան ժամանակ մինչև մայրը՝ տիկին Սոֆիկը, իր հաստ ու կոպիտ ձայնով չէր սթափեցնում նրան.
-Ռուզան, էն սփռոցը բեր՝ գցի, շուտ արա, շուտ, աղջի, խնամոնք հեսա կգան:
Ռուզանն այսօր ամուսնանում էր: 17 տարին դեռ չբոլորած այս աղջիկը, որ տան 6 զավակներից ամենամեծն էր, ոչնչով չէր տարբերվում գյուղում իր հասակակիցներից, միայն թե՝ այսօր գիշերը օտար տղամարդու ծոց էր մտնելու:
Մարտունին՝ Ռուզանի ապագա ամուսնուն, ոչ միայն չէր տեսել ինքը՝ Ռուզանը, այլև ողջ գյուղը: Մարտունը դեռ կրծքի երեխա է եղել, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան:
Տիկին Սոֆիկը վստահել է հարևան Ժենյային՝ ”գիտես՝ ի՞նչ ղոչաղ տղայա՝ աշխատող, տուն տեղն ունի, տեսքը՝ տեղը, բոյը՝ տեղը”, ու տվել Ռուզանի լուսանկարը, որ Ժենյան իր տեգոր կնոջ միջոցով այն ուղարկի Մարտունին: Մարտունը իր պես ղոչաղ հարսնացու էր փնտրում: Բայց Ռուզանին ավելի շատ հավանել էր ոչ թե Մարտունը, այլ նրա մայրը՝ տիկին Հասմիկը: Նա էլ իր հերթին վստահել էր Ժենյայի տեգոր կնոջը՝ ”գիտե՞ս՝ ինչ ղոչաղ աջիկ ա, անող-դնող, տեսքը՝ տեղը, բոյն ու բուսաթը՝ տեղը’’:
Այսօր՝ իրենց հարսանիքի օրը, Մարտունն ու Ռուզանն առաջին անգամ տեսնելու էին իրար: Ժամը 13:00-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարելու “Զվարթնոց’’ օդանավակայանում: Այնտեղից խնամիներն ու փեսան ուղևորվելու էին ապագա հարսի գյուղ:
Գյուղի փոքրիկ եկեղեցում Ռուզանն այսօր օրհնություն էր ստանալու, հետո գնալու էր հայրական օջախ, որպեսզի այնտեղ խմվեր նորաստեղծ ընտանիքի կենացն ու դեպի Մոսկվա:
Ի տարբերություն Մարտունի, Ռուզանը Մոսկվան տեսել էր՝ լուսանկարներով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ այն տղայի լուսանկարներում, որը 6 ամիս շարունակ՝ իշխում էր իր միտքն ու սիրտը: Ռուզանը սիրահարվել էր գունավոր գմբեթների քաղաքում (այսպես էր նա անվանում Մոսկվան) ապրող տղային՝ Սաքոյին, որի հետ ծանոթացել էր համացանցի միջոցով: Սաքոն իրեն գրեթե ամեն օր գրում էր, միայն թե Ռուզանն այդ նամակները շաբաթը մեկ անգամ էր կարողանում կարդալ, երբ մոր հետ գնում էր հարևան գյուղ՝ մորաքրոջ տուն: Սաքոն իրեն Մոսկվա էր կանչում՝ ամուսնանալու: Ու մինչ Ռուզանը համարձակություն էր հավաքում՝ մորն ու հորը Սաքոյի մասին պատմելու, տիկին Ժենյան իր ”սև գործն” արդեն արել էր: Ռուզանն այսօր ամուսնանում էր: Սաքոյին չէր ասել: Ինքն էլ միայն երկու օր առաջ էր իմացել: Նույնիսկ չէր ըմբոստացել: Միայն մորն ասել էր, որ վախենում է, որ անծանոթ ընտանիք է գնում, որ չի կարող առանց ճանաչելու, առանց հետը մի խոսք փոխանակելու ընդունել օտար տղամարդուն: Մայրը բարկացել էր, ապտակել աղջկան՝ թե բա ”էդ որտե՞ղ ա գրած, որ մինչև ամուսնանալը պիտի ճանաչեք իրար, էդ որտե՞ղ ա գրած, որ Սոֆիկի աղջիկը պիտի շփվի օտար մեկի հետ”:
”Մամ, բա սեր…”,- բառը բերանում կիսատ թողած՝ երկրորդ ապտակն էր ստացել Ռուզանն ու այդ պահից սկսած հասկացել, որ սիրո մասին իրեն արգելված է խոսել:
Ռուզանն ինքն էլ շատ բան չգիտեր սիրո մասին: Գիտեր միայն, որ գունավոր գմբեթներով քաղաքում ապրող տղայի նամակներն է ուզում անընդհատ կարդալ ու պատասխանել դրանց: Գիտեր, որ սիրտը թրթռում էր, երբ նրա մասին էր մտածում: Գիտեր, որ նա սպասում է իր նամակներին փոխադարձաբար: Սե՞ր էր դա, թե՞ մեկ այլ բան, Ռուզանը պատասխան չուներ: Գիտեր միայն, որ Սաքոն օտար չէ իրեն: Երևի սեր էր…
Ժամերն անցում էին այնքան արագ, որ Ռուզանը չէր էլ հասցնում ընկնել մտքերի մեջ: Տիկին Սոֆիկն անընդհատ գոռում էր՝ ”ափսեները դիր, թթու վարունգը բեր սառնարանից, հացը կտրի’’…Մոտենում էր “խնամոնց’’ գալու ժամը:
Ռուզանն այսօր ամուսնանում էր ու չգիտեր, թե ինչ է հագնելու: Հարևան Ժենյան իր աղջկա հասրանյաց զգեստն էր բերել: Մայրը զգեստապահարանից հանել էր ինչ ուներ, չուներ: Ռուզանի դասընկերուհիներից մի քանիսը բերել էին իրենց տոնական զգեստները: Ոչ մեկն էլ Ռուզանի հագով ու սրտով չէր:
”Խայտառակ եղանք, հիմա գան՝ քեզ սենց տկլոր տենան, ի՞նչ պիտի մտածեն մեր մասին’’,- մտմտում էր տիկին Սոֆիկը:
Ռուզանի հայրը, որ մինչ այդ չէր խառնվել ոչ մի բանի, հանկարծ մտավ աղջկա սենյակ, քաշեց կնոջ ձեռքից ու մի կողմ տարավ.
-Առ, էս փողը վերցրա, գնացեք Ռոզայենց խանութ, շուտ մի բան առեք Ռուզանիս համար.,-ասաց ու քաշվեց մի կողմ:
Տիկին Սոֆիկի աչքերը պսպղացին: Մտքում միայն մեկ վայրկյան անցկացնելով, թե որտեղի՞ց այս փողն ամուսնուն, երբ սեղանից սկսած՝ աղջկա օժիտից վերջացրած, ամեն ինչ պարտքով են արել, արագ մտավ սենյակ ու Ռուզանի թևից քաշելով՝ գրեթե վազելով դուրս եկան տնից:
Վերադարձան՝ երկուսի դեմքին էլ ժպիտ: Ռուզանն ինքնուրույն էր ընտրել զգեստը, որով պիտի եկեղեցի մտներ: Շատ շքեղ չէր այն, սակայն նուրբ էր, հասարակ ու աչք շոյող: Արծաթագույն թելերով ու ուլունքներով եզերված եթերային զգեստ էր, որ այնքան սազում էր Ռուզանի սպիտակ մաշկին ու նրբիրան մարմնին:
Ու մինչ դասընկերուհիները նախանձով հիանում էին Ռուզանի զգեստով, հանկարծ սենյակ մտավ Ռուզանի փոքր քույրն ու հայտարարեց տիկին Սոֆիկի համար այդքան սպասված բառերը՝ ”խնամոնք եկան”: Ռուզանի սիրտը ևս մեկ անգամ կանգ առավ: Ինքանբերաբար ու կտրուկ նստեց անկողնու վրա: Մայրը շտապեց դիմավորել հյուրերին, ընկերուհիները վազեցին հյուրասենյակ, իսկ ինքը մնաց սենյակում մենակ՝ իր հույզերի ու արցունքների հետ:
Մի քանի րոպե անց Ռուզանի ականջին հասավ զուռնա-դհոլի ձայնն ու հասկացավ, որ արցունքները մաքրելու ժամանակն է:
Խնամիների՝ ներս մտնելուն պես, տանը հավաքվածների դեմքով մի պահ սարսուռ անցավ: Եկել էին Մարտունը, Մարտունի մայրն ու հայրը և քույրը: Ակնհայտ էր, թե նրանցից որ մեկը կարող էր լինել իրենց ապագա փեսան: Միայն թե՝ նա ոչ մի կերպ չէր համապատասխանում հարևան Ժենյայի նկարագրածին:
Մարտունը կարճահասակ էր, չափից դուրս թուխ մաշկով, վտիտ, մի աչքն էլ՝ փակ: Հետո բացատրեցին, որ փոքր ժամանակ քրոջ հետ խաղալիս հալած մոմ է լցրել աչքի վրա:
Տիկին Սոֆիկը, որ մի կերպ էր զսպում Ժենյային խեթ ու մեղադրող հայացքով նայելու ցանկությունը, ձայնի մեջ մի կերպ հաճոյախոսության ելևէջներ դնելով՝ խնամիներին հրավիրեց սեղանի շուրջ: Երբ ավանդական ”կոնյակ-բոնբոներկա’’ արարողակարգն ավարտվեց, մայրը շտապեց Ռուզանի սենյակ:
Մոր մտնելուն պես՝ Ռուզանը ոտքի կանգնեց: Մի քիչ վախեցավ մոր այլայլված տեսքից, նրա ձայնի մեջ ներողության ու ափսոսանքի պես մի բան զգաց, բայց ոչինչ չասաց, լուռ շարժվեց դեպի հյուրասենյակ: Մարտունին տեսնելով՝ ոչինչ չզգաց, նույնիսկ՝ զզվանք, որ զգացել էին տանը հավաքված բոլոր աղջիկներն ու անգամ մայրը:
Իր համաձայնությունն իբրև թե ստանալով՝ նստեցրեցին մեքենան ու շտապեցին եկեղեցի: Ողջ ճանապարհին Մարտունը աչք չէր կտրում Ռուզանից, իսկ վերջինս միայն ճանապարհին էր նայում: Մտածում էր Սաքոյի մասին: Միայն մայրը տեսներ նրան՝ բարձրահասակ, թիկնեղ, սպիտակամաշկ, գեղեցիկ դիմագծերով, իսկ որ կարևորն է՝ երկու աչքն էլ տեղում: Ռուզանը հասկանում էր, որ մայրը զղջում է իր ընտրության համար: Մեքենա նստելիս մոր վերջին հայացքն ասես ներում հայցեր իրենից: Իսկ Ռուզանը ներել էր մորը՝ դեռ երկու օր առաջ, երբ իմացել էր, որ այսօր ամուսնանում է բոլորովին օտար մեկի հետ: Հասկանում էր, որ գյուղում ամեն աղջկա բախտը չէ, որ բերում էր ամուսնանալու՝ այն էլ Մոսկվայից ժամանած տղայի հետ: Հասկանում էր, որ հայրը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում՝ իրեն ու իր 5 քույրերին ու եղբայրներին պահելու համար: Հասկանում էր, որ պիտի լուռ ենթարկվի՝ հանուն իր ընտանիքի ու իր բարորության:
-Գնամ ու թե բախտս բերի՝ ուսում կստանամ, աշխատանք կունենամ: Մամայի երազած չեխական ափսեներից կգնեմ ու կուղարկեմ: Մանուշն էս տարի դպրոց ա գնալու, իրան էլ սիրուն շորեր կուղարկեմ: Աշոտիկին էլ սեփական մեքենան կունենա, որ էլ չկռվի Ժենյայի թոռան հետ,- ամբողջ ընթացքում մտածում էր Ռուզանն ու այդ կերպ փորձում մոռացության տալ իր առաջին սերը, որի հետ այդքան մոտ էր լինելու մի քանի ժամից: Ռուզանն այսօր ամուսնանում է: