Միջազգային միգրացիան բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ինչպես միգրանտների, այնպես էլ ելքի և ժամանման երկրների քաղաքացիների համար: Արտերկրից փոխանցված գումարները ուղղակիորեն ազդում են ելքի երկրի տնտեսության վրա: Թե ելքի և թե ժամանման երկրներում փոփոխվում է աշխատանքային շուկան և հասարակական կառուցվածքը:
Հայաստանի համար միգրացիան, հատկապես աշխատանքայինը, կարևոր և, հիմնականում, խնդրահարույց երևույթ է: Հայաստանում մարդիկ ստիպված հեռանում են սեփական երկրից' իրենց ընտանիքների համար ապրուստ հայթայթելու նպատակով: Երկրից հեռանալու պատճառները, ինճպես նաև սեփական հայրենիքից հեռու ապրելու իրականությունը հաճախ իսկապես ցավալի են: Միաժամանակ, աշխատանքային միգրացիան օգնել է հաղթահարել Հայաստանի ճգնաժամային տնտեսական անկումը' ապահովելով հազարավոր ընտանիքների ապրուստի միջոցը:
Հայաստանում բնակչության զանգվածային միգրացիան սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: Սակայն, արտագաղթը' իր ավելի մեծ ծավալներով, շարունակվում է այսօր: Եթե 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին հանրապետությունից բնակչության արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնույթ էին, ապա այժմ էմիգրացիոն հոսքերը կրում են ընդգծված պատճառականություն: Եվ իրականացված ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տալիս, որ միգրացիոն գործընթացներում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը:
էմիգրացիայի հիմնական դրդապատճառ համարվում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքները' աշխատատեղերի (այդ թվում' մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները: Հայաստանում աշխատանքի միգրանտի են մեկնում հիմնականում միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ, ընդ որում՝ 95 տոկոսը տղամարդ, ամուսնացած են եւ ունեն երեխաներ: Հիմնական երկիրը, ուր մեկնում են Հայաստանից, Ռուսաստանն է, և մեծ մասն աշխատում է շինարարության ոլորտում:
Նման արտագաղթը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է դնում ինչպես պետության, այնպես էլ հասարակության առջև և պահանջում, որ անհապաղ ձեռնարկվեն գործուն քայլեր ստեղծված իրավիճակը բարելավելու, արտագաղթի սոցիալական, տնտեսական և իրավական պատճառների վերացման և դրա թողած հետևանքների վրա դրական ներգործություն ունենալու ուղղությամբ:
Մեր երկրում միջին տարիքի միգրանտները հիմնականում հաշվի են առնում աշխատավարձի գործոնը, իսկ բարձր տարիքային խմբերի միգրանտների մեծամասնությունը մեկնում է Հայաստանից, որովհետև ընդհանրապես ի վիճակի չեն աշխատանք գտնել: Այս արդյունքը կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանում միջին տարիքի բնակչության զբաղվածության մակարդակն ընդհանուր առմամբ ավելի բարձր է: Միջին տարիքի մարդկանց նկատմամբ աշխատաշուկայում ավելի մեծ պահանջարկը ռացիոնալ հիմքեր ունի. երիտասարդները հիմնականում չունեն բավարար փորձ , իսկ տարեցներն այնքան էլ լավ չեն տիրապետում ժամանակակից շուկայի կողմից պահանջվող ունակություններին: Ահա թե ինչու միջին տարիքի բնակչությունը նախընտրում է գտնել <լավ > աշխատանք , քան պարզապես ընդլայնել աշխատանքային փորձը:
Նուն ենթադրությամբ կարելի է հիմնավորել նաև այն , թե ինչու բարձրագույն կրթությամբ և գիտական աստիճանով միգրանտներն աշխատաշուկայից ավելի բարձր ակնկալիքներ ունեն:Պարզվում է , որ վերջիններիս 55.1%-ը Հայաստանից հեռացել է անբավարար վարձատրության պատճառով , մինչդեռ ավելի ցածր կրթական մակարդակ ունեցող միգրանտների մեծամասնությունն ընդհանրապես Հայաստանում աշխատանք չէր կարողացել գտնել:

 

 

Արման Կարախանյան