Ինչու՞ է երկրորդ պաշտոնյան ձգտում դառնալ երրորդը
Ազգային ժողովի նախագահը Հայաստանի երկրորդն դեմքն է, իսկ վարչապետը' երրորդ, և շատ բնական կլիներ, եթե երրորդ աթոռին նստած մարդը ձգտեր բարձրանալ և նստել երկրորդ աթոռին, բայց Հայաստանում իրավիճակը ճիշտ հակառակն է' գրեթե Ազգային ժողովի բոլոր նախագահները միշտ ձգտել են դառնալ վարչապետ: Ինչն, ի դեպ, ստացվեց միայն Հովիկ Աբրահամյանի մոտ:
Ինչու՞:
Ազգային ժողովի նախագահի աթոռը սահմանադրորեն ավելի բարձր է վարչապետի աթոռից, բայց իրականում խոսնակը որևէ ռեսուրս չունի իշխանության վրա ազդելու, (նույնիսկ երբ խորհրդարանի խոսնակներն էին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչու՞ եմ առանձնացնում նրանց, քանզի կարծում եմ, որ նրանք եղել են ամենաազդեցիկ խոսնակները):
Այս իրողությունը խոսում է այն մասին, որ խորհրդարանը իրականում չի կատարում իր գործառույթը և չի կարողանում վերահսկել կառավարության գործունեությունը: Գործադիր իշխանությունն իր լծակների և ֆինանսների շնորհիվ շատ արագ իր ազդեցության տակ է վերցնում խորհրդարանը' դարձնելով այն գործադիրի կցորդ, ինչը հնարավորություն է տալիս գործադիր իշխանությանը լինել անկաշկանդ և անել այն, ինչ ինքն է ուզում: Այս իրավիճակը փոխելու համար մեզ պետք է ուժեղ խորհրդարան, բարեխիղճ պատասխանատու պատգամավորներ, ովքեր ոչ թե կդառնան վարչապետի և նախարարների գրպանին նայող կատարածուներ, այլ կլինեն պատգամավորներ, որոնցից կվախենան և կզսպվեն վարչապետն ու նախարարները: Սա մեր երկրի ամենագլխավոր ցավերից մեկն է, ամենամեծ առաջնահերթություններից մեկը, և մենք պետք է օր առաջ խորհրդարանը հանենք կառավարության «գրպանից» և դարձնենք վերահսկող մարմին: Սա է պատճառը, որ երկրի երկրորդ դեմք համարվող Հովիկ Աբրահամյանը ամեն ինչ արեց երկրի երրորդ դեմք դառնալու համար: Հուսով եմ' Գալուստ Սահակյանին կհաջողվի խորհրդարանը իրականում երկրորդ քաղաքական մարմին դարձնել և խորհրդարանի նախագահի պաշտոնն էլ ավելի արժևորելու գործընթաց իրականցնել:
Մենուա Հարությունյան