Մաս Ա

 

Միշտ Քո հետ զրուցելիս ասում էի, որ տվել ես ինձ այն, ինչը որ կամեցել եմ, խնդրել, սակայն չունեմ կարևորը, այն, ինչի համար որ ստեղծել ես մարդուն: Միշտ քո տվածը ապացույց է եղել ինձ, որպեսզի հասկանամ, թե սխալ եմ ցանկացել, միշտ պետք է ցանկանայի միայն մի բան' Քո Կամքը...Տվածդ վայելել եմ, փորձել եմ ավելացնել ու ծառայեցնել ոչ միայն ինձ, այլ բոլորին:
Ցանկացել եմ մեկին, ով միշտ կողքիս կլինի, ապավեն ու հենք կլինի, որպեսզի գործերս ու մտքերս նպատակաուղղված ու ուղղորդված լինեն միայն նրան: Իսկ իմ սերն առ Քեզ անցնի նրա միջով:

 

 

Եվ հիմա հարցեր ունեմ քեզ, որոնք մինչև հիմա մնացել են թերի պատասխանված: Չնայած, ինչ-որ պատասխաններ գտել եմ, սակայն դրանց չեմ ուզում հավատալ, որովհետև առանց այն էլ մռայլ գունավորված աշխարհն անգույն կդառնա: Այդ իսկ պատճառով ես հարցատարափ տեղալու փոխարեն կբարձրաձայնեմ բողոքս, հիասթափությունս, ցասումս, բայց ոչ առ Քեզ, այլ Քո առջև:
Թող որ դատավորս Դու լինես, թող որ պատասխաններս ուշանան, թող որ պատժվեմ, թող որ զրկվեմ, սակայն կասեմ: Կխոսեմ, որովհետև խեղդվում եմ անարդարության զգացումից:

 


Չնայած.. էլ ինչից զրկվեմ...

Քեզ... ինձ Քեզ հասցնող ու բարձրացնողը քո իսկ ստեղծածն էր, ինձ ուժ տվող ու մղողը քո իսկ սերմանածն էր, որին փորձեցի հավատալ ու նվիրվել անմնացորդ՝ առանց որևէ ինչ ինձ պահելով: Քո պարգևի համար դուրս եկա աշխարհի դեմ, բոլոր օրենքների ու մարդկանց, բոլոր սկզբունքների ու կասկածների դեմ, բոլոր ժամանակների ու տրամաբանությունների դեմ: Ի ցույց հանեցի ու մսխման տվեցի այն լավն ու բարին, ինչ որ այսքան ժամանակ պաշարվել ու ստեղծվել էր իմ մեջ: Սակայն մնացի ձեռնունայն:

Մաս Բ
Մեղանչում

Ես ատում եմ խոսքերը... անգամ այն խոսքերը, որոնք գեղեցիկ են, որոնք փորձում են ապացուցել, որ ճիշտ ուղով եմ ընթանում: Փորձեցի հավատալ գործերին, սակայն կրկին հիասթափություն: Հակառակ դեպքում այդ ինչպե՞ս է լինում, որ Քեզ ատողն ու չհավատացողը, քո դիմաց կեղծ երդում տվողն ու քեզ անիծողը խոսում է քո անունից, քեզ խնդրանքներ է ուղղում ու... զուր տեղը Քո անունը տալիս:
Եվ որ խոսքերին հավատա՞մ: Բազում ու իրարամերժ, քծնող ու կեղեքող, սպանող, թե շունչ տվող, այլանդակ, թե նուրբ: Արդեն իմաստ էլ չկա հավատալու...

 


Այդ ինչպե՞ս եղավ, որ նյութը պաշտողը հոգին սկսեց սիրել, այն դեպքում, երբ սիրտս ու հոգիս էի նվիրել, սակայն քիչ էր նրա համար: Անհագ, իրարամերժ ցանկությունների լաբիրինթում մոլորված, երբ փորձում ես գոհացնել ու անել անգամ քո ուժերից, քո ունեցածից վերը, կրկին քիչ է, կրկին մեղադրվում ես:
Երբ վերադարձներն ի սկզբանէ կանխամտածված վերջաբաններ են, երբ բողոքներն ու մեղադրանքները առաջ են գալիս ուղղակի ատելությունից ու ոխակալությունից, սեփական Ես-ն ամեն ինչից վեր դասելուց ու սերն ամեն ինչից ցածր դասելուց, այդժամ ինչպե՞ս հավատամ ու շարունակեմ գործել, նվիրվել ու տալ:

Մաս Գ
Իսկ անցյալները... չթողնելով անցյալում, խառնելով ներկային կործանեցին ապագան...

Ապագա.. այսօր ստեղծվող ապագան չսիրելով այս պահին, փորձելով ոչնչացնել այն, կրկին անգամ մեղադրանքներ, որ կործանում եմ ինքս: Իսկ ես ինքս չէի, ես տեսնում էի, ապրում էի Մեզ... բայց ինքն էր ու ես...

 

 

Աշխարհներ կան, որ բոլորի համար չեն, աշխարհներ կան, որ ստեղծվում են միայն երկուսի համար, իսկ երբ մեկը փորձում է վերադառնալ իր նախկին աշխարհ, այդժամ կործանվում է նորաստեղծ աշխարհը: Աշխարհներ կան, որտեղ հպարտությունը, նյութը, ոխն ու թշնամանքը, ատելությունն ու դավաճանությունը, անլրջություններն ու անվստահությունը, մեղադրանքներն ու եսասիրությունը տեղ չունեն: Այդ աշխարհներն իրական աշխարհներ են, այլ ոչ պատուհանից այն կողմ, մտածածին ու երևակայական, ինքնամփոփ ու դեկորատիվ, ուրիշներով լի կամ փառատենչ: Դրանք Մենքի աշխարհներն են, դրանք այն աշխարհներն են, որոնք մնացած աշխարհներից հեռու են, թեկուզ կղզիացած, նաև դժվարամատչելի: Դրանց պետք է հասնել պայքարելով, թեկուզ նավաբեկությունից հետո և ստեղծել մաս առ մաս, շյուղ առ շյուղ այն ծածկը, որը պետք է պաշտպանի փոթորիկներից ու գազաններից:

Սակայն ի չիք են դառնում այդ աշխարհները, երբ փրկվելուց հետ Մենքերից Նա-ն վազում է առաջին իսկ պատահած նավի տախտակամած, երբ հետ դեպի տուն ճանապարհին ոչնչացնում են այդ աշխարհից մնացած յուրաքանչյուր հուշ:

 

Դրանք Նրանց աշխարհները չեն, դրանց համար նրանք ստեղծված չեն...

Մաս Դ
Միշտ կան...

Այժմ գոռամ այն ամենն ինչ ինձ ցույց տվեցիր, ինչում ինձ փորձեցիր համոզել, բայց ես այդպես էլ չէի ցանկանում ընդունել:

Բոլոր ճանապարհներն ունեն սկիզբ ու վերջ: Սակայն սկզբի ու վերջի մեջտեղում կան կանգառներ Դեպի կործանում են տանում այն ճանապարհները, որոնք դիտվում են կեսից՝ ուրանալով կամ հաշվի չառնելով սկզբնակետը:

 

 

Կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքում չկողմնորոշվելով իրենց ցանկությունների հորձանքներում և չչափելով իրենց ունակություններն ու պատրաստակամությունները, պահանջում են դիմացինից ավելին, քան իրենք էլ գիտեն, որ անհնար է, սակայն պահանջում են՝ դիմացինին ճնշելու և մեղադրելու համար:

Կան մարդիկ, որոնք ապրում են օտարների համար և իրենց անվան համար, բայց ոչ երբեք մեկի:

Կան մարդիկ, որոնք միշտ արդարացումներ են փնտրում և հրամցնում ուրիշներին, փորձում մաքուր երևալ ու չեն ընդունում ոչ մի հանդիմանություն կամ ուղղում: Պետք է նմաններից վախենալ:

Կան նաև նրանք, ովքեր անելով մի բան հենց սկզբից զղջում են, սակայն չեն ուզում ցույց տալ, հասկանալով իրենց սխալը, չեն արտահայտվում, ավելին՝ փորձում են ճշմարտության լույսի ներքո ներկայացնել: Դրանք Հպարտներն են:

 

 

Ոմանց էլ թվում է, թե իրենք փոխվում են, ավելին՝ փոխվել են, սակայն գեթ մի քանի տասնյակ օր, մի քանի իրադարձություն է հարկավոր, որպեսզի նոր ձևը, որը պարզվում է, որ դիմակ է, պայթում է

Կան նաև նրանք, ում սիրտդ էլ հանես ու տաս, ում նվիրվես ու հանուն նրա անես ամեն ինչ, մեկ է՝ մի սայթաքումդ, մի խոսքդ նրանց աչքում դառնում է փուշ: Դրանք Անշնորհակալներ են:

Եվ ուղղում եմ հարցս այժմ.
«Ինչու ես տալիս մեզ նրանց, ովքեր առնետների նման փախչում են նավաբեկության պահին»

 

 

Եվ պատասխանում.
«Նրանք ուղղակի մերը չեն, նրանք ուղղակի ոչ մեկինն ու ամենքինն են, նրանք Նրանք չեն, այլ հավերժական Եսերն են»:

Տեղին էր ասված.
Անկեղծ ասած' այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատըդ թողած' լավըդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել '
Չտեսնըված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տուր:

 

Անկեղծ ասած' ոչինչ չկա, և ոչ էլ կար:

Անկեղծ ասած' դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած' քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես' որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս' ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու' հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում' ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած' զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած' նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ' հեքիաթն ինչով է վերջանում:
Ցած է ընկնում երեք խնձոր -
Մեկ' ասողին,
Մեկ' լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած' հեքիաթներից ես հոգնել եմ......
Պ. Սևակ

Մաս Ե
Մաղթանք

Սա ես չեմ ասել Տեր, այլ դու ես միշտ սովորեցրել: Քո Սուրբ Ծնունդով դու լույս սփռեցիր աչքերիս ու Հարությամբ նոր կյանքի սկիզբ դրեցիր: Սեր տվեցիր ու չստացար, բայց քարոզեցիր սեր:
Մաղթում եմ այն ինչ որ Դու մեզ մաղփցիր.
«Սերը համբերող է, քաղցրաբարո է: Սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում,չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում,այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում…»(Ա Կորնթ. 13:4-7)

Ու երբեք չպետք է ափսոսալ այն բարի ու մաքուր զգացմունքներդ ու նվիրումդ, ժամանակդ և ուժերդ, մտքերդ ու երազներն ու երազանքներդ, սպասումներդ ու խոսքերդ, հայացքներդ ու ջերմությունդ, որ պարգևել ես հենց մեկին...անմնացորդ, առանց ակնկալիքի, առանց նախապայմանի ու առհավետ...չէ որ դա հենց սերն է...

«Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. 13:8)