ՕԵԿ-ն անընդհատ շեշտում է, որ եթե ինքը 2008-ին չորդեգրեր հայտնի դիրքորոշումը, Հայաստանում քաղաքացիական պատերազմ կլիներ: Եվ դա արվել է՝ իբրև թե լավ հասկանալով, որ վարկանիշը դրանից տուժելու է: Այս փաստարկն ավելի հիմնավոր չէ՞ր լինի, արդյոք, եթե ՕԵԿ-ը ոչ էլ միանար իշխանությանը, թե չէ, արարքն ընկալվում է որպես իշխանություն ունենալու ձգտում, այլ ոչ քաղաքացիական պատերազմը կանխելու նպատակ: Եվ հետո, ոստիկանության հետ ամեն բախում քաղաքացիական պատերազմ չէ, այն ենթադրում է տարբեր խմբավորումների միջև երկարատև զինված բախում, որի արդյունքում պետք է առկա լինեն պատկառելի թվով զոհեր (որոշ քաղաքագետներ նշում են՝ ոչ պակաս, քան 1000 հոգի): Իսկ Ժնևյան կոնվենցիան ներառում է մի քանի հատկանիշ, որոնցով որոշվում է՝ արդյոք բախումը քաղաքացիական պատերազմ է: Դրանք են. 1. կողմերը պետք է ունենան որոշակի տարածք, 2. ըմբոստացած քաղաքացիական ուժերը պետք է իշխանություն ունենան այդ տարածքի բնակիչների վրա, 3. կողմերը պետք է որոշակի ճանաչում ունենան որպես կռվող կողմեր, 4. իշխանությունը ստիպված է պարբերաբար դիմել ռազմական ուժի՝ ընդդեմ ռազմական մյուս կազմակերպության: Ինչպես երևում է, Հայաստանում նման իրավիճակ չկար, առավելևս, որ մի կողմը զինված խմբավորում չէր հանդիսանում, չկար ռազմական ուժի դիմելու անհրաժեշտություն ոստիկանության կողմից, քանի որ բռնություն չկար հակառակորդ կողմից և այլն: Այսպիսով, ցանկացած բախում կամ բախման տանող իրավիճակ չպետք է բնութագրել քաղաքացիական պատերազմ տերմինով կամ դրա առաջացման նախադրյալով: Այլապես, դա ընդամենը կարող է քարոզչական նշանակություն ստանալ: Դեռ լավ է, որ ՕԵԿ-ի ընտրազանգվածը բախման չգնաց ընդդիմության ընտրազանգվածի հետ. այ դա, կերկփեղկեր հասարակությունը՝ մղելով նրան քաղաքացիական բախման հորձանուտ:

 

 

Արման Սահակյան