Միացյալ Նահանգները ակտիվ կերպով շարունակում են քննադատել Ռուսաստանին,մեղադրել Ուկրաինայի հարցում ամենատարբեր ներելի ու աններելի մեղքերի մեջ: Սա հասկանալի է' ի վերջո ոչ ոք չէր պատկերացնում, որ այս կերպ կարող էին զարգանալ ուկրաինական դեպքերը ու բերել նման իրավիճակի: Ու այստեղ նախ և առաջ անակնկալի եկած մարդու հետշոկային վիճակն է խոսում: Սակայն, կկարողանա արդյոք մինչև վերջ ԱՄՆ շարունակի իր ներկա դիրքորոշմանը մնալ, թե ամեն դեպքում <<կփափկի>> և ինչը կստիպի, որպեսզի ԱՄՆ տեղի տա ու նահանջի:
Անցյալ դարի ամերիկյան քաղաքական պատմության փորձառությունը գալիս է հուշաելու, որ պաշտոնական Վաշինգթոնը այնուամենայնիվ կփափկի, կնահանջի իր դիրքերից: Քսաներորդ դարում իր սանձազերծած բոլոր պատերազմները,ներկա դարի իրաքյան կոնֆլիկտն էլ հետը, առաջ են բերել ամերիկյան ժողովրդի ամենախորը դժգոհությունը ու ստիպել Սպիտակ տան վարչակազմին վերանայել իր արտաքաին քաղաքական կուրսը: Այլ կերպ ասած, ամերիկյան հարկատուն այսօր դժգոհ է, որ իր հարկերը ծախսվում են ինչ որ հեռու-հեռավոր ՈՒկրաինայում, որը ի դեպ ինքը դիտարկում է որպես Ռուսաստան,ինչպես որ ամբողջ նախկին ԽՍՀՄ տարածքը, ինչ որ օպերացիաներ իրականացնելու վրա, երբ ինքը դրանից օգուտ չունի: Բացի այս, ամերիկյան շարքային քաղաքացին երբեք թույլ չի տա, որ իր բանակն ասենք գնա ու կռվի ուկրաինական ճահիճներում, քանի որ ինքը ներկա նախագահին նախագահ դարձրեց մեղմ ասած հենց միայն նրա համար, որ վերջինս խաղաղության կողմնակից էր:
Բայց: Միևոնւյն ժամանակ, արդեն պետական մակարդակով ԱՄՆ ունի ստանձնած հանձնառություններ, որոնք ուզի կամ չուզի պետք է կատարի: Իսկ դրանց մեջ այս պահին առաջնահերթությունը 14 թվականի վերջին նախատեսված' ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումն է Աֆղանստանից, որի համար խիստ անհրաժեշտություն է հանդիսանում Ուլյանովսկը: Թեև այս պահին ՆԱՏՕ-ի տարանցիկ բազայի օգտագործման համաձայնագիրը դեռեւս ուժի մեջ է մնում, չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից արված հայտարարություններին' Մոսկվայի հետ համագործակցության բոլոր ծրագրերը նվազագույնի հասցնելու վերաբերյալ, սակայն դժվար է ասել այն գործնականում կկիրառվի թե ոչ:
Եթե անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի դուրսբերման հյուսիսային ուղին Ռուսաստանի միջով փակվի, ՆԱՏՕ-ին կմնա շատ դժվար լեռնային ճանապարհ Պակիստանի միջով: Իսկ այս երկրում տարածքների մեծ մասը վերահսկվում է Թալիբանի կողմից: Որքա՞ն կլինեն ՆԱՏՕ-ի կորուստներն այս դեպքում, դժվար է ասել, սակայն մասնագետներն արդեն կարծում են, որ Ռուսաստանը կօգտվի ստեղծված իրավիճակից, որպեսզի ԱՄՆ-ին ավելի հնազանդ դարձնի Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակ:
«Իրավիճակն այսպիսին է' ամերիկացիները պարզապես փախչում են Աֆղանստանից»,-կարծում է Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիկովը: Բնական է, որ Թալիբանի եւ նրա դաշնակիցների կողմից վերահսկվող տարածքների միջով շարժվելու դեպքում, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Պակիստանում ՆԱՏՕ-ի զորքերը կունենան հսկայական խնդիրներ եւ ծանր կորուստներ կկրեն: Հետեւաբար, Ուլյանովսկի բազան նրանց համար շատ կարեւոր է, հատկապես անձնակազմի դուրսբերման համար և կարելի է ասել անփոխարինելի է: Զարմանալին այն է, որ Ռուսաստանը դեռ չի օգտագործել այս լծակը ճնշում գործադրելու ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների վրա, հարցեր է առաջացնում: Ընդհանրապես Արեւմուտքի բոլոր պահանջներին եւ պատժամիջոցներին Ռուսաստանը մինչ այժմ բացարձակապես ոչ մի պատասխան չի տվել: Ու այս անհայտությունը ռուսական կողմի բացարձակ լռության, այս մասով, շատ ավելի ահարկու է, քան եթե արդեն քայլեր ձեռնարկված լինեին:
Արևմուտքը Ռուսաստանին վերաբերող այլ հիմնարար հարցերում սկզբունքայնություն են ցուցաբերում, այն դեպքում, երբ Ուլյանովսկի բազայի պարագայում կամուրջներ չեն ցանկանում այրել:

 

 

Հարություն Հարությունյան