Մոտ մեկ տարի առաջ, կանխազգալով թե ինչ է տեղի ունենալու, գրեցի այս հոդվածը:
Ցավոք սրտի ես սպասում էի այս սարսափելի լուրին, բայց լսելով այն, չգիտեմ ինչ գրեմ: Երբ նախորդ տարի Բարսելոնան պարտություններ էր կրում, Վիլանովային քննադատող երկրպագուներից շատերին կոչ արեցի հանգիստ թողնել այդ մարդուն, ամեն անգամ նշելով, որ երբ կյանքիդ համար ես պայքարում, քեզ ամենավերջին հերթին է հետաքրքրում ֆուտբոլը: Այդ մասին նաեւ վերը նշածս հոդվածում եմ գրել: Գուցե ոմանց համար այս խոսքերս անհավատալի թվան, բայց ամեն անգամ խաղի ժամանակ տեսնելով Վիլանովային, որոշակի ցավ էի զգում, տեսնելով, թե ինչպես է նա խաղից խաղ նիհարում, միաժամանակ հասկանալով, որ դա Տիտոյի զգացած ցավի անգամ մեկ տոկոսը չէ: Անգամ չգիտեմ, թե ինչպես եմ զսպելու արցունքներս Բարսելոնայի մյուս խաղի ժամանակ, երբ տեսնեմ պահեստայինների նստարանը, որն ինձ հիշեցնելու է Տիտոին: Չեմ ցանկանում շարունակել միտքս, ավելի ճիշտ չեմ կարողանում... Ուղղակի այս պահին Բարսելոնայի բոլոր երկրպագուների հետ միասին, ցանկանում եմ ամբողջ սրտով ցավակցել Տիտոյի բոլոր հարազատներին: Հիշեք, նա ողջ է, քանի դեռ մենք նրան հիշում ենք: Հիմա Տիտոն միայնակ չէ, նա Էյսեբիոյի, Գարինչայի եւ ֆուտբոլային այլ մեծությունների կողքին է: Տիտո Վիլանովա ` 1968-ից Հավերժություն: Այսուհետ դու ապրելու ես մեր սրտերում (((
Ալեքս Ենոքյան