Բոլոր նրանք, ովքեր վախենում են Խորհրդային Միության վերականգնման հնարավորությունից, իմ կարծիքով, կարող են հանգիստ քնել՝ ԽՍՀՄ-ը չի վերականգնվի: Այն չի վերականգնվի, քանի որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ու տնտեսկան վերնախավը նման նպատակ իր առջև չի դնում՝ այդ վերնախավի համար խորթ ու մերժելի են, հատկապես, մարդկանց նյութական ապահովվածության ոլորտում համընդհանուր հավասարության կոմունիստական գաղափարները: Իսկ ԽՍՀՄ-ը ստեղծվել է մարդկանց հավասարության հենց այդ նյութական բաղադրյալը առաջնային համարելու հիմքի վրա՝ բոլորը պետք է հավասարապես աղքատ լինեին և դա էր արդարության գլխավոր չափանիշը: Ներկայիս Ռուսաստանն այդ չափանիշներին վերադառնալու նվազագույն ցանկությունն անգամ չի դրսևորում: Նույնիսկ հավատավոր ռուս կոմունիստներն են հաճույքով կարողությունների և ունեցվածքի տեր դառնում: Ասածս այն է, որ Հայաստանին այլևս չի սպառնում նորօրյա ԽՍՀՄ-ի մաս դառնալը, բայց դա չի նշանակում, որ մենք զրկված ենք մեծ և հզոր երկրի մաս դառնալու հնարավորությունից՝ ՀՀ-ում ծավալվող ներքաղաքական զարգացումները միանգամայն նպաստավոր պայմաններ են ձևավորում այն բանի համար, որ Հայաստանը դառնա Ռուսաստանյան Դաշնության նոր սուբյեկտներից մեկը: Ճիշտ է, դեռ պարզ չէ, կցանկանա արդյոք դրան համաձայնել Ռուսաստանն ինքը ու եթե ցանկանա էլ, ապա ինչպիսի ճակատագիր կնախնտրի կանխորոշել Արցախի համար: Մնում է, որ ազգի ապագայով մտահոգ մեր մտավորականները համապատասխան խորհուրդներն ու հորդորները պարունակող նամակը գրեն ՌԴ նախագահ Պուտինին:

 

 

Արման Մելիքյան