Սողոմոն Թեհլերյանը չէր սգում, թեկուզ այժմյան սգացողներից միլիարդապատիկ շատ բան էր կորցրել. նա գործում էր:
Արդեն սգալու ժամանակը անցել է: Պիտի հասկացած լինեինք, որ սգալով ու խղճահարություն առաջացնելով ճանաչել չես տա ոչ ոքի: Ճանաչում են ուժեղի ցավը, ողբերգությունը, սուգը. թույլին խղճում են, կարող է մի քիչ էլ իրենց կիսամեռ խղճի չափով էլ ցավակցում, բայց օգտագործում են հանուն իրենց շահի: Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ էլ Թուրքիային ճնշելու միջոց է եղել հզորների ձեռքում, միշտ էլ Թուրքիայի ամբիցիաներն ու ախորժակը սաստելու ու ինչ որ բան պոկելու միջոց է եղել: Էն ազգերը, ումից ճանաչում ենք պահանջում, իրենց թողտվությամբ ու քթի տակ է կատարվել էս ամենը: Էն ազգերը ումից ճանաչում ենք պահանջում, այսօր նույն բանը Սիրիայում են անում, Քեսաբում ու Լաթաքիայում, հայերի ու սիրիացիների հանդեպ: Եթե դրանց ընդունածը Հայի համար լիներ, հիմա գոնե Սևրի պայմանագրի Հայաստանը կունենայինք:
Սիմվոլիկ մի տարի է սգացինք ասենք...բա հետո՞: Սգալու փոխարեն պիտի պետություն կառուցեինք, պիտի ՀՀ արտգործնախարարը էշի ականջում քնած Էդուարդ Նալբանդյանը չլիներ, պիտի ՀՀ սփյուռքի նախարարը ոչ թե մենակ ասեր «Արի տուն», այլ պահանջեր, որ Հայաստանում պայմաններ ստեղծվեր ու ՀԱՅերը ինքնակամ գային տուն, պիտի արտասահմանից եկած ՀԱՅին էնպես չթալանեին, որ գնար ու այլևս չվերադառնար, նույնիսկ որպես տուրիստ: Պիտի ՀԱՅը Ստամբուլում անլեգալ էմիգրանտ չլիներ, պիտի թուրքական ապրանք չգնեինք, որով մեզ սպանելու համար զենք ու փամփուշտ են արտադրում, պիտի Անթալիայի համար խելքներս չգցեինք ու օրերը հաշվեինք, թե երբ է ամառը գալու, որ գնանք թուրքին հարստացնենք, պիտի արտասահմանում իրար «չքցենք», ոնց որ շատերն են անում:

 

 

Գագիկ Մամուլյան