Չգիտեմ, որքանով է ճիշտ այս թեմային անդրադառնալ, բայց բացասականը վերացնելու համար պետք է սկսենք դրա մասին խոսել:
Ուզում եմ նշել այն տխուր փաստը, որ հոգևոր տոների ժամանակ երևանյան եկեղեցիներում գտնվելն ուղղակի տանջանքի է վերածվում: Եկեղեցու ներսում ոչ միայն ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ միմյանց այնպես են հրմշտում, կարծես ոչ թե Աստծո տանը լինեն, այլ ասիական բազարում: Մոմ վառելու համար ստիպված ես ժամերով հերթ կանգնել, իսկ երբ վերջապես կարողանում ես մի կերպ հասնել մոմավառության սեղանին կամ մոմը դնելու տեղ չի լինում, կամ էլ հետևիցդ անմիջապես այնպիսի հերթ է գոյանում, որ ամաչում ես մտքումդ մի երկու աղոթք ավել ասել: Իսկ երբ սուրբ ջուրը բաժանելու պահն է գալիս, ուղղակի «արմագեդոն է» սկսվում, մարդիկ միմյանց վրա բղավում են, հրում, առանց իրար հերթ տալու հարձակվում քահանայի վրա: Մի քանի անգամ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես է ամբոխի նման պահվածքը հավասարակշռությունից հանել քահանային և վերջինս հենց եկեղեցու ներսում ստիպված է եղել բղավելով կարգի հրավիրել մարդկանց ու հորդորել, որ իրար միս չուտեն, քանի որ սուրբ ջուր բոլորին էլ կհասնի:
Կարծում եմ' այն մարդիկ, ովքեր եկեղեցի են գնում, իրենց քրիստոնյա և հավատքով մարդիկ են համարում, ուստի կխնդրեի եկեղեցի մտնելուց, գոնե, ձեր ես-ի կենդանական հատվածը թողեք դրսում և հիշեք, որ քրիստոնեությունը տոլարանտություն է քարոզում և սեր կողքինի նկատմամբ:
NG

 


Nana NG Gndoyan