Հովիկ Աբրահամյանը, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, անցյալ տարի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ բանակցեց ոչ թե բաց տարածքում, այլ հրավիրվեց վրան:
Սա իրոք կասկածների տեղիք տվեց Բարևի հեղափոխության մասնակիցների մոտ: Եվ զարմանալին այն էր, որ հենց Րաֆֆին հրավիրեց այնտեղ:
Երեկ, Հովիկ Աբրահամյանին այդ շանսը չտրվեց: Եվ նա ստիպված եղավ բանակցել բաց երկնքի տակ, հարյուրավոր կամերաների ներկայությամբ: Սա իրոք ողջունելի փաստ է:
Կենսաթոշակային շարժումը այսօր այն լուսավոր կետն է, որը բոլորս պետք է պահպանենք և աջակցենք: Նախկին շարժումների մասնակիցների փորձը և սխալները չպետք է անտեսել:
Իմ փորձից գիտեմ, որքան ժամանակ և նյարդեր է տանում այսպիսի նախաձեռնությունների մեջ ակտիվ ներգրավվածությունը, այն էլ այսքան երկարատև:
Ակնհայտ է, որ մասնակիցները չեն ցանկանում քաղաքականացնել շարժումը: Եվ դրա իրավունքը ևս ունեն:
Ակնհայտ է, որ պաշտոնյաները խուճապի մեջ են և սադրանքներ հնարավոր են, պառակտման փորձեր կլինեն:
Սակայն չենք կարող խուսափել մասնակիցների քննարկումներից և հաշվի չառնել մեծամասնության կարծիքը: Թափանցիկ և բաց լինելը չի թուլացնի ոչ մեկին, ընդհակառակը:

 

Արթուր Ղազարյան