ԶԱՏԻԿ
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնան գիշերահավասարից եւ լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:
Այն շարժվում է 35 օրերի միջեւ՝ մարտի 22-ից մինչեւ ապրիլի 25-ը: Զատկի տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամբ եւ մեծ կազմա-կերպվածությամբ: Եվ հավանաբար այս էր պատճառը, որ, ի տարբերություն մի շարք այլ տոների, այն նույնությամբ էր կատարվում Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում եւ ամենուր հայտնի էր միեւնույն անվանումով՝ ՙԶատիկ՚, ՙՄեծ Զատիկ՚, ՙՃոչ Զատիկ՚ եւ այլն:
Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ: Որոշուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասեքը, որ նշանակում է ելք, հրեաների ամենասիրված տոնն է եւ խորհրդանշում է Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր նրանց ելքը):
Ստ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն: Հետաքրքիր է Թորգոմ վարդապետի ստուգաբանությունը. Հիներէն ոմանք անոր մէջ կը տեսնէն ազատութիւն բառին արմատը եւ կը մեկնեն ազատիլ չարչարանքներէ. այլք՝ զատ ուրիշ բային արմատը եւ կը համեմատէն հրէական պասքային հետ, իբր զատում կամ անցք (ընդ Կարմիր ծովն): Նորերէն ոմանք, ընդունելով այս վերջին իմաստը, անոր մէջ կը տեսնեն ակնարկութիւն գիշերահաւասարին նուիրւած տօնի մը, որ եղանակներու զատուելու ժամանակին կը պատահեր՚:
Տոնի առաջին եւ ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի,տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլ նաեւ բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից: Այս ժամանակ է, որ հողը ծածկվում է գույ-ներով, ծաղկում են ծիրանենիները, խնձորենիները,տանձենիները, դեղձենիները... Եվ ինչպե՞ս կարող էր երկրագործ ժողովուրդը իր երախտագիտությունն ու մեծարանքը չարտահայտել մայր բնությանը, նրա զարթոնքը չավետել տոնակատարությամբ ու զոհաբերություններով: Այստեղից էլ՝ զատիկ բառի տոն, ուրախություն իմաստը: Եվ ուրախանում էր ու ուրախանում է ժողովուրդը՝ տոնելով բնության Մեծ Զատիկը, զոհաբերելով կարմիր, կանաչ, նարնջագույն, դեղին ձվերը, որոնք ցուցադրում էին գարնան գույների խաղը: Ահա թե ինչումն է նաեւ բազմագույն ձվերի ու ձվախաղերի խորհուրդը Զատկի տոնին, մանավանդ, որ ՙմիայն Զատկին ենք ձու ներկում, որով-
հետեւ ձուն օրինակն է բոլոր աշխարհի, եւ ինչպես որ իմաստուններն ասում են՝ դրսի կեղեւն նմանում է երկնքին, մզղաձեւը՝ օդին եւ սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն՝ մէջը՚ (Թորգոմ վարդապետ):
Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ ՙծառ՚ նշանակում է նաեւ ՙձուի սուր ծայրերը՚: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի եւ կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:
Եվ ուզում ենք հավատալ, որ մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը, ՙոր գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արեւի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում եւ բազմագույն ձվեր ածում՝ անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը՚ (Ս.Կակոսյան), դեռ ապրում է մեր լեռներում, որ ինչպես այն ժամանակներում, այժմ էլ Մայր Անահիտը դրանք շաղ է տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա:
Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի:
Բացի վերոհիշյալ խորհրդից, այսինքն՝ ձմռան երկար թագավո-րությունից բնության ազատվելուց, հավանաբար, այն նշանակել է նաեւ Մեծ Պասը ավարտելու, դրա խստություններից ազատվելու իմաստը, երբ մարդիկ քառասնօրյա պասով մաքրագործելով մարմինն ու հոգին, վերջապես իրավունք են ստանում օգտվելու երկար սպասված, կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Այդ էր պատճառը, որ գրպաններում մի-մի ձու դրած, նրանք գնում էին երեկոյան ժամերգության եւ այն ավարտվելուց անմիջապես հետո, ուտում ձուն: Այդ էր նաեւ պատճառը, որ այս տոնին սպասում էին մեծ անհամբերությամբ: Արդեն Չարչարանքի շաբաթվա (Մեծ Պասի վերջին շաբաթվա) սկզբից հայ ընտանիքներում սկսում էին Զատկի պատրաստություններ տեսնել: Երկուշաբթի սրբում, մաքրում էին տները, երեքշաբթի օրը, եթե կանայք Մեծ Պասի ընթացքում ՙհավաքս՚ էին ունենում, այսինքն՝ մածուն կամ սեր էին հավաքած լինում, այդ օրն անշուշտ հարում էին: Ավագ չորեքշաբթի օրվան ՙչիք չորեքշաբթի՚ էին կոչում եւ ոչ մի գործ չէին անում, որպեսզի արածը չչքվի:
Շաբաթ օրը վաղ առավոտից պատանիներն սկսում էին ձու խաղալ: Մեծերը հաճախ ծոմ էին պահում:
Նախատոնական ընթրիքը բաղկացած էր փլավից, տապակած բանջարից եւ ձկից: Զատկի նախօրեին, երդիկից իջեցնում էին նաեւ Ակլատիզը, պոկում Մեծ Պասի վերջին շաբաթը խորհրդանշող փետուրը, շաբաթ երեկոյան պասը բացում ձվով, իսկ կիրակի օրը առավոտվանից արդեն սկսում Զատկի ուրախ տոնակատարությունը, որը շարունակվում էր մինչեւ ուշ երեկո:
Զատկի տոնի գլխավոր բովանդակությունն էին կազմում նաեւ զանգվածային կամ ընտանեկան առանձին ուխտագնացությունները: Ուխտի էին գնում զանազան ուխտատեղիներ, հատկապես գյուղից դուրս գտնվող մոտակա սրբավայրեր (ի տարբերություն վարդավառյան ուխտագնացությունների, երբ ավելի հեռու էին գնում՝ սարերը): Ուխտավորներն իրենց հետ տանում էին մատաղացու գառ, գինի, անհամար ձվեր, բաղարջ հաց եւ կաթնեղեն:
Զատկական տոնի անբաժան մասն էր կազմում նախնիների պաշ-
տամունքը, որը դրսեւորվում էր մահացած հարազատների գերեզմաններին այցելության գնալու, խնջույքներ կազմակերպելու եւ տոնական ուտելիքների մի մասը գերեզմանների վրա թողնելու սովորույթներում (ՙմեռելափայ՚): Այդ պաշտամունքի մնացորդներից են նաեւ Զատկին օր ու գիշեր սեղանը բաց պահելու, դռներն ու լուսամուտները չծածկելու ավանդական սովորույթները, որպեսզի մահացած նախնիներն ամեն ժամանակ կարողանան ելումուտ անել եւ օգտվել ընդհանուր հյուրասիրությունից:
Հայաստանի շատ շրջաններում այս կապակցությամբ նույնիսկ անուն-անուն բաղարջներ էին թխում ու բաժանում աղքատներին: Հարազատների գերեզմաններին զատկական այցելությունները որոշ տեղերում կատարվում էին անմիջապես առավոտյան ժամերգությունից հետո՝ կիրակի օրը, այլ տեղերում՝ երկուշաբթի (դա պայմանավորված էր նաեւ հին ու նոր հանգուցյալներին առանձին-առանձին այցելելու սովորույթով):
Այստեղ խնդիր չենք համարել անդրադառնալ Զատկի տոնի քրիստոնեական մեկնաբանությանն ու կատարմանը, որ կապվում է Քրիստոսի հարության գաղափարին, մանավանդ, որ եկեղեցական օրացույցում, Ա. Մանուկյանի վկայությամբ, ՙանջատ կերպով դրուել է Զատիկը եւ Հարությունը՚: