ՕԵԿ-ը և որոշ "ինֆորմատորներ" պնդում են, թե կոալիցիայից դուրս գալը կապված էր Արթուր Բաղդասարյանին վարչապետ չնշանակելու հետ: Թեև քաղաքականությունը ինտերպրետացիոն երևույթ է, բայց ոչ այդ, ոչ էլ "որոշումների վրա ազդեցություն չունենալու" ձևակերպումը չեն կարող արտահայտել իրական պատճառը: Չնայած Հայաստանի պարագայում դժվար է, բայց դիմենք քաղաքական ռացիոնալիզմին: Եվ այսպես.

-նախ՝ քաղաքական պայմանների հավասարեցման պարագայում չի երևում՝ կարո՞ղ էր ՕԵԿ-ը դուրս գալ կոալիցիայից, այսինքն՝ եթե վարչապետը հրաժարական չտար, այս կուսակցությունը կդիմե՞ր նման քայլի: Նախադեպային վերլուծությունը ցույց է տալիս, որ՝ ոչ՝ ելնելով մինչև Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը նման մտայնության որևէ ակնարկի բացակայությունից:

-Մյուս կարևոր հարցադրումը հետևյալը կարող է լինել. արդյո՞ք 6 տարի հետո «որոշումների վրա ազդեցություն չունենալու» հանգամանքը կարող էր դառնալ իրական պատճառ կոալիցիան լքելու համար. ռացիոնալ տեսության համաձայն՝ դարձյալ՝ ոչ, քանի որ ՕԵԿ-ն այդ ընթացքում երկրորդ անգամ է դարձել կոալիցիայի անդամ, հետևաբար՝ այդ ձևակերպումը պատճառ լինելու պարագայում՝ այն չպետք է 2012-ին մտներ կոալիցիա:

-Խնդիրն ունի նաև քաղաքական դիվանագիտության ասպեկտ. սովորաբար քաղաքականության սուբյեկտները նման շրջադարձային որոշումները պարզաբանում են առիթ հանդիսացած հանգամանքներով՝ թաքցնելով իրական պատճառները:

-Քաղաքական իմաստը. ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն այդքան կարևոր քաղաքական պաշտոնը հանձներ այլ կուսակցության ղեկավարի: Պետք է տարանջատել, անկուսակցականը և կուսակցականը տվյալ պարագայում բացարձակապես տարբեր հարթություններում են: Սա արդյո՞ք չէին հասկանում ՕԵԿ գործիչները: Կարելի էր, ասենք, մնալ կոալիցիայում, գուցե նոր վարչապետն ընդլայներ ՕԵԿ-ի քվոտան կառավարությունում, այսինքն՝ փոքրամասնական գործընկերոջն ավելի լայն կազմով նորառել կառավարություն, որը կլուծեր ՕԵԿ-ի բերած պատճառաբանության հարցը որոշումների կայացման առումով:

Հետևաբար, խնդիրն այլ հարթությունում է: Կանխավարկածային մոտեցում համար 1. սա ապագային միտված քայլ էր, որը 3 տարի հետո սպասվող ընտրություննեն են: Այս մասին կամա, թե ակամա, հավաստեց նաև ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը «Բանաձև» հաղորդման ժամանակ: Ներկայումս ՕԵԿ-ի համար կարևոր է կենդանացնել կուսակցության հոգեվարք ապրող վարկանիշը և ապահովել նվազագույն ներկայություն ապագա ԱԺ-ում: Հենց որոշումների վրա ազդեցություն չունենոլն ու վարչապետի հրաժարականը լավ առիթ էին այս քայլը հիմնավորելու համար: Նրանք հասկացան, որ հաջորդ ընտրություններում հնարավոր է՝ ՀՀԿ-ն լքի իրենց, և իրենք կհայտնվեքն աուտսայդերի դերում:

Կանխավարկածային մոտեցում համար 2. Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո կայացված որոշումը կարող է ենթադրել, որ դա պայմանավորված է վարչապետի անձով, այլապես՝ ինչո՞ւ նման հապճեպ որոշում:

 

Արման Սահակյան