Վիլյամ Սարոյանի հերոսը՝ Վեսլի Ջեկսոնը, մի օր, հուզմունքի պահին, մարդկանցից հեռու մի դաշտում, խոտերի մեջ պառկած, լալիս է իր բոլոր ազգականների, բարեկամների ու ծանոթների համար, հետո լալիս է իր երկրի քաղաքական գործիչների՝ պրեզիդենտի, դեմոկրատների և ոչ դեմոկրատների համար, գողերի, ոճրագործների ու գիտության համար, այնուհետև՝ փոքր ազգությունների ու փոքր երկրների համար, ողջ տիեզերքի ու նրա բոլոր անհայտ գաղտնիքների համար...
Ես զգացմունքայնությամբ այնքան էլ աչքի չեմ ընկնում, ինչպես Մեծն Սարոյանի հերոսը, բայց երբ մի օր սկսեցի մտովի ծանրութեթև անել իմ ապրած ու ապրելիք տարիները, ամաչեցի իմ ապրած ժամանակների համար, ժամանակի գլխավոր գործող անձերի ու անգլուխ գործող անձերի համար, պետական գերագույն այրերի և ոչ պետական շարքային մահկանացուների համար, պալատականների համար և պալատներից հեռու իրենց խղճուկ գոյությունը քարշ տվող հայրենակիցներիս համար:
Ես ամաչում եմ աթոռներից ամուր կառչած քաղաքական այրերի պնդերեսության և աթոռների արանքում ճզմվող, աթոռների պայքարում օգտագործվող ու օգտագործելուց հետո մի կողմ նետվող մեծ չափերով փոքրիկ մարդուկների համար, ես ամաչում եմ նրանց բոլորի փոխարեն, սկզբում՝ առանձին-առանձին, հետո՝ միասին վերցրած:
Ես ամաչում եմ նաև մեր մեծ երազանքների համար, որից չնչին փշրանքներ են մնացել միայն և այն էլ՝ պատմության դասագրքերի համար: Ես ամաչում եմ մեր ժողովրդի համար, որին միշտ խաբում են, և որը միշտ խաբվում է: Ես ամաչում եմ խաբողների համար, որ, վերջին հաշվով, սրիկաներ են, ես ամաչում եմ նաև խաբվողների համար, որ այնքան թույլ ու միամիտ են, որ շարունակ թույլ են տալիս իրենց խաբել:
Ես ամաչում եմ Հայոց մեր երկրի, ժողովրդի հերն անիծած գերագույն այրերի և «խաղից դուրս» հայտնված, ռուսաստանների, եվրոպաների ու ամերիկաների ճամփան բռնած հայրենակիցներիս համար... Ես ամաչում եմ իշխանությունների համար, որ դարձյալ հաղթել են, ինչպես նաև՝ ժողովրդի համար, որ դարձյալ պարտվել է: Հայկական գետնաքարշ դիվանագիտության համար եմ ամաչում, որ երկու հազար տարի է՝ դեռ կայացման փուլում է...
Ես ամաչում եմ հատկապես Տեր աստծո համար, որ թքած ունի այս ամենի վրա, որ թույլ է տալիս լիրբը սրբանա, սուրբը հղփանա և, ընդհանրապես, որ մատների արանքով է նայում բոլոր անարդարություններին...
Իսկ առավել շատ ես ամաչում եմ ինձ համար, համատարած այս անկումը կանգնեցնելու իմ անզորության համար: Ես չեմ հավատում հեքիաթներին, բայց հոգուս խորքում շատ թաքուն մի տեղ երազում եմ, որ կգա մի օր...
Թեկուզ ես չեմ լինի, բայց կգա մի օր...
1999 թ.
Վարդգես Օվյան