Վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Բաքու կապում են Ադրբեջանում գյուլենականների ակտիվացման հետ: Էրդողանը Ալիևից շատ քաղաքավարի կերպով պահանջել է վերջ դնել նուրջուների գործունեությանը և պաշտոններից հեռացնել վերջիններիս հետ կապ ունեցող պաշտոնյաներին: Ասում են, որ Թուրքիայի վարչապետը Ալիևին է հանձնել այդ պաշտոնյաների դոսյեները: Նրանց թվում է նաև Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ, «Նախիջևանի խան» Վասիֆ Թալիբովը: Փաստորեն Թալիբովն արդեն երկար տարիներ համագործակցում է նուրջուների հետ՝ նրանց հետ համատեղ բիզնես ծրագրեր մշակելով: Էրդողանն ակնարկել է Ալիևին, որ նրա ամենամոտիկ մարդը (Թալիբովը) սերտ կապեր ունի Թուրքիայի երկու թշնամական ուժի՝ նուրջուների ու Իսրայելի հատուկ ծառայությունների հետ: Պատահական չէ, որ Էրդողանի այցից անմիջապես հետո Ալիևը հապճեպ գնաց Նախիջևան: Իրականում Թալիբովի երկարամյա իշխանությունը կարող է մոտենալ ավարտին, քանի որ նա բացի առողջական որոշ խնդիրներ ունենալուց լուրջ մրցակից է Բաքվում նստող նախիջևանցի օլիգարխների համար, որոնք ամեն կերպ փորձում են հեռացնել նրան ասպարեզից: Իսկ գյուլենականների հետ նրա կապերի մասին տեղեկությունները ավելի են թուլացնում Թալիբովի դիրքերը: Փաստը մնում է փաստ, որ Նախիջևանի խանի գլխին մութ ամպեր են կուտակվում:
Սարգիս Ասատրյան