Այն ինչ չկարողացավ անել Յանուկովիչը, այսօր փորձում են կատարել Ուկրաինայի ինքնակոչ ղեկավարներները, փորձում են կատարել սառնասրտորեն և լկտի ձևով: Ժամանակին նրանք և արևմտյան էմիսարները, ողջ Արևմուտքը մանրակրկիտ, լացակումած նկարագրում, քննադատում էին ոստիկանական վերակարգերի' հատկապես <<Բերկուտի>> վախվորած ու զգուշավոր տեղաշարժերը, նկարագրում նրանց կողմից սովորական հատուկ միջոցների կիրառումն ու մայդանիստների ստացած վնասվածքները: Ներկայումս, երբ այդ մայդանիստ-արևմտամետները բանակի ուժերով' ինքնաթիռներով, ուղղաթիռներով, տանկերով, զրահամեքենաներով, մարտական զենքերով փորձում են <<կարգ ու կանոն>> հաստատել Արևելյան Ուկրաինայում, հումանիզմի, դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարություններ կատարող Արևմտյան քաղաքական գործիչները, պաշտոնյաները սսկվել են…Սսկվել են և շփոթվել…
Երբ նրանք բացում էին ուկրաինական այդ <<Պանդորայի արկղը>>, հավանաբար չէին գիտակցում թե ինչ է կատարվելու…Նրանք չէին պատկերացնում, թե ատելության, ագրեսիայի, անարխիայի, ամենաթողության, սադիզմի, լկտիության, ազգայնամոլության, խտրականության, ցինիզմի և այլ տականքությունների ինչ ահռելի քանակություն կա այդ արկղում:
Իսկ հիմա էլ բռնել են կրավորական կեցվածք, չքմեղացել և ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին…Ռուսաստանը մեղավոր է այնքանով, որ փորձում է պահպանել <<իր տան հենասյուները>>, փորձում է թույլ չտալ, որ <<Քեռի Սեմը>> կոշիկները մաքրի ռուսական եռագույնով…
Անկախությունների, ինքնորոշման շքահանդեսը շարունակվում է և յուրաքանչյուր պահ հնարավոր է ավելի լուրջ պատերազմական իրավիճակ ստեղծվի : Ելքերից մեկը նա է, որ Յանուկովիչը' Ուկրաինայի օրինական ընտրված նախագահը, վերջապես հիշի , որ ինքը տղամարդ է, վերադառնա Արևելյան Ուկրաինա, ներողություն խնդրի ժողովրդից և հայտարարի իր իրավունքների մասին: Արագ կարգով պայքարի ազնիվ, ակտիվ մասնակիցների ուժերով ձևավորի կառավարություն, բանակ, ոստիկանություն և պետական կառավարման այլ մարմիններ: Հիշեցնի որ ինքն է այդ երկրի նախագահը, իր այդ քայլով ձախողի նաև ոչ օրինական նախագահական ընտրություններն ու հեղաշրջման մասնակիցների, այդ մերօրյա շարիկովների, ազգայնականների, մայդանիստների գինարբուքն ու <<գիշատիչների խրախճանքը>>…
Օրինական ընտրված նախագահը, իր գործողություններով, իր երկրում, իր քաղաքացիների մեծամասնության օգնությամբ կարող է արդեն ավելի վստահ, կազմակերպված և արագ վերականգնել իր և իր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Յանուկովիչն ուղղակի պետք է մի փոքր տղամարդկություն և վճռականություն սովորի Տիմոշենկոյից, մի փոքր հաստատակամություն և գուցե լկտիություն տւրչինովյարոշներից…Իրավիճակի հնարավոր կարգավորման դեպքում պաշտոնական հրաժարական ներկայացնի և իրականացվեն ընտրություններ:
Սա իմ կարծիքով հիրավի միակ խելացի և հնարավոր ելքերից մեկն է, գուցե…
Ռոբերտ Մելքոնյան