Այդ գիշեր ես զգացմունքների ժողով հայտարարեցի: Զգացմունքներս եկան լուռ, գլխիկոր, ինձնից նեղացած, հոգնած, զզված: Սերս եկավ մուգ կապույտ զգեստով' արցունքն աչքերում ծվարած, թույլ ժպիտ դեմքին: Նրան հաջորդեց կանաչ աչքերով հրեշս' խանդը, որ անհագ քաշում էր ծխախոտը: Նրա կողքին անմիջապես տեղ գտան չաչանակներ հպարտությունն ու ինքնասիրությունը: Ատելությանս տեսնելով' անմիջապես խղճացի նրան. այնպես էր նիհարել խեղճը գունատվել, նեղացած էր ու բարկացած: Բարությունս գրկեց ինձ, ինչպես միշտ քաջալերող բառեր ասաց ու նստեց: Նախանձս ինչպես միշտ չէր եկել. նա էլ է Ատելության նման ինձ վրա բարկացած. չեմ այցելում իրեն: Կարոտս եկավ: Տխուր էր, թախծոտ: Նրան տեսա ու արտասվեցի: Որքա~ն եմ տանջում քեզ' ամեն անգամ կարոտելով: Նվիրվածությունս եկավ ու նստեց կենտրոնում' ամենաշքեղ աթոռին: Չեմ սիրում նրա այդ պարծենկոտությունը: Երբեք մի լավ բանի չի ծառայել, բայց ամեն տեղ կա' ուր գնամ, ինչ էլ անեմ: Հանկարծ ներս մտավ Ուղեղս.

- Կարծում եմ' չեք մոռացել, որ իմ ներկայությունը ձեր նիստերին անչափ կարևոր է: Ես արդեն վախենում եմ, երբ դուք հավաքվում եք ժողովի: Այսքան ժամանակ ձեր ժողովները ոչ մի օգուտ չեն տվել մեր տիրոջը: Երբ դուք հավաքվում եք, վախենում եմ նրան մենակ թողնել, անմիջապես վերջս տալիս եք, հետո էլ ուղարկում եք ինձ մոտ, որ տեսնեմ' ինչ եմ անում ու ինչպես….

- Դե-դե~, շունչ քաշի~ր,- ծիծաղեցի ես, – ես դեռ չեմ խելագարվել:

- Ճիշտ է' ես եմ խելագարվում, ոչ թե դու, – ձեռքերը ծալած նստեց նա, – ամեն դեպքում ես պնդում եմ, որ պետք է ներկա լինեմ:

- Դե եթե նա այդքան ցանկանում է, թող մնա, – կարմրեց Սերս ու աչքի պոչով նայեց ինձ: Ես ժպտացի:

- Հըմ, – քմծիծաղ տվեց Ուղեղս, – դու ընդհանրապես պետք է լռես, կործանի~չ… Դու իմ ամբողջ չարչարանքը գրողի ծոցն ես ուղարկում, թույլ չես տալիս կենտրոնանամ, իսկ գիշերն էլ' քնեմ: Դու միայն մեկին ես բերել բնակեցրել քեզ մոտ ու մնացածիս տանջում ես:

- Ախր դուք լավ գիտեք, որ ես չեմ կարող չլինել, եթե ես չլինեմ դուք կսպանեք մեր տիրոջը, – հուսալքված ասաց Սերս:

- Հա, իհարկե… դու բոլորիս վրա էլ ազդում ես, բոլորիս աշխատանքի վրա: Տերը միայն քեզ է զգում, իսկ մեր մասին ընդհանրապես մոռացել է, – գոչեց Հպարտությունս:

- Համաձայն եմ… չնայած մոտ 3 ամիս է Տերը զգում էր ինձ, գիշերներն այցելում էր ու ասում, որ երբեք չի մոռանա իմ մասին, – հայտարարեց Ինքնասիրությունս, – Այնինչ Սերը նորից իրեն մեջտեղ է գցում ու խլում մեր տիրոջն ինձնից:

- Իսկ ինձ նա ընդհանրապես է մոռացել, – մեջբերեց Ատելությունս, – դե Նախանձի մասին թվում է' չգիտի էլ: Հնարավոր չէր նույնիսկ զգացնել տալ Տիրոջը, որ ես դեռ կամ, որ իրեն պետք եմ, իսկ նա միայն Սեր, Սեր ու Սեր… Չգիտեմ' ինչ է անում այս մանրուքը, որ այսպես գրավում է մեր տիրոջը: Ուղե~ղ, այդքան ամպագոռգոռ բառերի փոխարեն միգուցե սկսես ավելի ջանասիրաբար աշխատել, որ մեր Տերը մոռանա Սիրուն….

- Սերը ոչ մի բանում մեղավոր չէ, որ մեր տերը զգում է նրան, – գլուխը կախեց կարոտը, – դուք դատապարտում եք մի բան, որ հասկանալ չեք կարող: Տերը զգում է Սերը, որի պատճառով էլ Ուրախությունն ու Նվիրվածությունը չեն լքում մեր Տիրոջը: Ուրախությունը երբեք չի ներկայանում մեր ժողովներին, իսկ Նվիրվածությունն ամեն ինչի մեջ է մտցնում քիթը:

- Դուք պարզապես նախանձում եք ինձ, – ժպտաց Նվիրվածությունը, – շատերն են երազում, որ ես իրենց ու ուրիշների մեջ այնքան շատ լինեմ, որքան մեր տիրոջ:

- Դու վնասո~ւմ ես նրան, – գոռաց բարկությունից կարմրած Ուղեղս, – դուք հիմար զգացմունքներ եք: Ոչ մի բան չեք հասկանում:

- Ամեն ինչում Սե~րն է մեղավոր, – գոչեցին բոլոր զգացմունքները համարյա միաժամանակ:

- Նրան ձեռք չտա~ք, – բղավեց Կարոտն ու գրկեց Սիրուն:

- Քաշե~ք ձեռքերը, – վրա հասավ Նվիրվածությունը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում