ԾԱՂԿԱԶԱՐԴ


Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նախաքրիստոնեա-կան հեռավոր ժամանակներից: Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին, եւ, պատահական չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող ՙԵրգ երգոցի՚ մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. ՙԶի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում... ՚: Գարնանը բնությունն սկսում է ծաղկել, փթթել եւ արգասավորվել, հետեւա-բար, ծաղիկների առատության երեւալու հետ է կապված տոնի Ծաղկազարդ անվանումը: Մյուս՝ ժողովրդական տարբերակը՝ Ծառզարդար (ծառով զարդարված կամ ծառը զարդարել), դարձյալ գարնան գալուստն է խորհր-դանշում, երբ, ի նշան դրա, մարդիկ ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով զարդարում էին իրենց տունն ու բակը, անասուններին: Հետո այդ ոստերը խնամքով պահում էին ու գործածում՝ որպես պահպանակ մրրիկի եւ փոթորկի ժամանակ, նաեւ այրում էին ու մոխիրը քամուն տալիս՝ փորձան-քից զերծ մնալու համար: Ժողովուրդը օրհնված ոստերի մեջ խորհրդավոր մի ուժ էր տեսնում, որի միջոցով կարող էր պաշտպանվել բնության արհավիրք-ներից, որոնք կարող էին ոչնչացնել հունձքը, այգին, պտղատու ծառերը: Անցյալում Ծաղկազարդի տոնին սովորություն էր եկեղեցում ծառ զարդա-րելը, ինչպես նաեւ նրա ճյուղերից պտուղներ կախելը, որը ոչ միայն արտա-հայտում է տոնի Ծառզարդար անվանումը, այլեւ աղերսներ ունի պտղա-բերության պաշտամունքի հետ (պտուղներ կախելը): Մաղաքիա արք. Օրմանյանի վկայությամբ, ՙԱյդ անունով (Ծաղկազարդ- Ա.Ս.) կոչում ենք Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնը, որը Զատկից մի շաբաթ առաջ է կատարվում, եւ սակայն ոչ ավետարանական պատմության, ոչ ավանդական հիշատակության եւ ոþչ էլ օրվա արարո-ղության մեջ ծաղկի խոսք չկա: Ուրիշ ազգերի մեջ էլ այդ իմաստով բան չկա, հետեւաբար, Ծաղկազարդ անունը զուտ հայերեն լինելով, տոնական կամ քրիստոնեական ծագում էլ չունի: Իրավացի կլինի ենթադրել, թե Ծաղկազարդը Վարդավառ անվան նման հին ու հեթանոսական տոն է հայերի մոտ, որը ժամանակների եւ պարագաների նմանությամբ Երուսաղեմ գալու տոնին խառնվեց եւ մեկի անունը մյուսին տրվեց՚: Ծաղկազարդը նաեւ երիտասարդության տոն է: Այդ մասին վկայում են տոնին կատարվող սովորությունները: Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստները, աղջիկները նաեւ եղունգները հինա էին դնում: Նշանված տղաները արմա-տախիլ էին անում մատաղ ուռենին եւ ճյուղերը զարդարում գույնզգույն լաթի կտորներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով եւ եռասայր մոմերով (ինչպես տեսնում ենք, ժողովրդական այս արարողությունը եւս բացատրում է տոնի Ծառզարդար անվանումը՝ ծառը զարդարել): Մինչեւ կեսգիշեր, փոքր-ինչ քնելուց հետո, երիտասարդները եկեղեցի էին շտապում: Առաջինը տեղ հասնողը խփում էր զանգը, մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Նշանված տղաները զարդարված ծառերով կանգնում էին իրենց հարսնացուների առաջ: Մերձավոր կանանցից մեկը ծառի վրա մի եռասայր մոմ էր վառում ու ընծաներ տալիս նշանվածներին: Ժամերգությունը ձգվում էր գրեթե մինչեւ լուսաբաց, խլանալով ճըռճըռան-ների ու չըխկչըխկանների աղմուկով, որ երեխաները պատրաստում էին հատկապես այդ օրվա համար: Առավոտյան, ծառերն օրհնելուց հետո, ժողովուրդը՝ գերազանցապես երիտասարդներ, ծառերից մեկական ճյուղ պոկելով, տուն էին տանում, այն տնկում հողի մեջ, որ արմատ տա, կամ կախում էին խնոցուց: Այն գցում էին նաեւ կրակը, որպեսզի կաթը եռացնելիս չմակարդվի: Այդ գիշեր, հաճախ, նախնական համաձայնությամբ, նոր զույգերի նշանադրություն էր կատարվում: Եկեղեցում տղայի մայրը ընտրած աղջկա մատին մատանի էր դնում, գլխին՝ գլխաշոր գցում, որից հետո վերջինս նշանված էր համարվում: Այս սովորություններն, անշուշտ, կապ ունեին տոնի խորհրդի ու իմաստի հետ. այլաբանորեն այդ բոլորը առնչվում էին բնության ծաղկումի, արգասավորման հետ՝ կատարվելով հատկապես գարնանը: Տոնի օրը պատանիները ճըռճըռան ու կարկաչա հարելով, երգելով ման էին գալիս տնետուն եւ Զատկի համար ձու հավաքում: Լեռնային Ղարաբաղի որոշ գյուղերում կանայք մոմերով գնում էին գերեզմանատուն եւ այրվող մոմերն ամրացնում իրենց հանգուցյալների գերեզմանաքարերին. ողջ գերեզմանոցը փայլփլում էր կրակներից: Ծաղկազարդին, չնայած պաս էր, պատրաստվում էին անուշեղեններ՝ նազուկ, փախլավա, ուրիշ թխվածքներ ու համեղ կերակուրներ: Արտակ արք. Մանուկյանը ցավով նկատում է, որ ՙԾաղկազարդի տոնակատարութեան հին սովորոյթները, տոնախմբու-թիւնները, յատկապես գարնանային եղանակի պաշտամունքը դարերի ընթացքին մոռացուեցին, եւ այժմ այդ բոլորից մնաց միայն գեղեցիկ բառը՝ Ծաղկազարդ, որպէս բացահայտիչ հին-հին տոնախմբութիւնների՚: Ծաղկազարդ-Ծառզարդարի մերօրյա խորհուրդը դարձյալ գարունը դիմավորելու մեջ է, որը կարելի է ուղեկցել զանգվածային ծառատնկումներով և նշանավորել երիտասարդների երջանիկ ու արգասաբեր միություններով:

 

Գեղամ Պետրոսյան