Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը լի էր մեսիջներով և կարելի է ասել օպերատիվ կարգով միջամտություն էր քառյակի շարքերում ընթացող իրադարձություններին. մասնավորապես' քառյակից երկու ուժերի' ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մաս կազմելու մասով: Առաջին նախագահը հավատացնում է քառյակին, որ «քառյակի ֆորմատը» «սահմանդրական եղանակն է», որը տանելու է իշխանափոխության: Վարչապետի հրաժարականն էլ ներկայացնում է որպես իր կողմից ասված ֆորմատի կենսունակության ցուցիչ: Հետևաբար' քառյակի բոլոր ուժերի խնդիրն է զերծ մնալ կոալիցիոն ֆորմատներից և պաշտոններից, հակառակ դեպքում, եթե քառյակից ինչ-որ մեկը մաս կազմի կոալիցիային, ապա հետագա պատասխանատվությունը այլևս քառյակը չի կիսելու, այլ հենց այն ընդդիմադիրը, ով հակվեց կոալիցիայի և չօգտագործեց այս «պատմական պահը»: Այս ամենը ներկայացվում է որպես անձնական կարծիք, սակայն պարզ է, որ գոնե ՀԱԿ-ի մասով սա նաև ՀԱԿ-ի կարծիքն է: Եվս մեկ անգամ շեշտադրելով իր այս մտքերը' առաջին նախագահը անուղղակիորեն ցույց տվեց, որ իրոք քառյակի շարքերում լուրջ անհամաձայնություն կա ամբողջական իշխանափոխության հարցի շուրջ և դա է գլխավոր խոչընդոտը, որ ավարտին չեն մոտենում քառյակի անվերջ հանդիպումները: Ընդհանուր նախկին քաղաքագիտական վերլուծության տրամաբանությունն էր' մեկ տարբերությամբ. այս անգամ այն ուղղված էր ԲՀԿ-ից բացի նաև ՀՅԴ-ին ու Ժառանգությանը կամ «քառյակի փրկությանը»:
Կնյազ Սարոյան