Հանրային տրանսպորտի գնի թանկացման մասին խոսակցությունները կրկին արդիական են դարձել: Արվում են ինչ-որ հաշվարիներ տարբեր կազմակերպությունների և քաղաքապետարանի կողմից: Վերջին ուսումնասիրություններն օրինակ կատարել է IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որի հաշվարկների համաձայն Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցներ գինը չի համապատասխանում այն գնին, որն այժմ գործում է: Այլ կերպ ասած մեզ նրբանկատորեն նախապատասրտում են առաջիկա թանկացումներին: Բայց շաբաթ օրը տեղի ունեցավ մի բան, անկախ ամեն ինչից, որն անձամբ ինձ հունից հանեց և կարծում եմ ցանկացած ինքնասիրություն ունեցող մարդու նման երևույթը մեղմ ասած դուր չեր գա:
Երևանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հայտարարել էր, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման պարագայում, ովքեր վճարունակ են, կստանան ծառայություն, ովքեր ոչ՝ «ոտքով կգնան»: Փորձեմ ընդհանուր առմամբ մեջ բերել այդ մարդու խոսքերը. «Դուք հո ամեն օր խավիար չե՞ք ուտում, թե՞ հաց ու պանիր եք ուտում: Ես հաց ու պանիր եմ ուտում և չեմ գտնում, որ ամեն օր պետք է խավիար ուտեմ: Մեր աշխատանքն արժե 200-250 դրամ: Եթե քաղաքապետը որոշի մեր աշխատանքի արժեքը, դրանից հետո փոխադրողներն իրենք կորոշեն, թե իրենց բավարարու՞մ է այդ սակագինը, թե՞ ոչ ու կմտածեն՝ աշխատե՞լ, թե՞ չէ: Հիմա ուղևորը եթե չի վճարում, սպասարկում չի ստանում: Եթե դու գնում ես հաց առնելու, որն արժե 100 դրամ, իսկ դու ունես 70 դրամ, քեզ հաց տալի՞ս են: Հիմա մեր սպասարկումն արժե այդքան, կվճարեք՝ կստանաք, չեք վճարի՝ չեք ստանա»,- ասել է փոխադրողների միության նախագահ: Վերջինս նաև այս ամենից հետո էլ հանդգնություն է ունեցել ասելու, որ եթե նախորդ թանկացման դեպքում ակտիվիստներն աղմուկ չբարձրացնեին, մարդիկ նորմալ կվճարեին:
Նախ սկսենք նրանից, թե ինչ է նշանակում «չունեն, թող ոտքով քայլեն» և ինչ տրամաբանությամբ կամ էլ մտածողությամբ է այս մարդը համեմատում քաղաքային տրանսպորտը խավիարի հետ: Հարգելի պարոն Եղիազարյան նախ քաղաքային տրանսպորտից օգտվելը ոչ թե շքեղություն է, այլ' անհրաժեշտություն, և երկրորդ' քաղաքային տրանսպորտից հիմնականում օգտվում են աղքատության շեմին ապրող մարդիկ և այսպես կոչված «միջին խավը», որը գրեթե ոչնչով չի տարբերվում հասարակության ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանցից: Այնպես որ քաղաքային տրանսպորտից օգտվող մարդկանց ծաղրել պետք չէ. Պետք չէ ցինիկաբար ամեն օր «շախմատի ձի»-ու կեցվածքով երթևեկող մարդկանց խավիար ուտողների տեղ դնել: Ինչ վերաբերում է նրան, թե չունեվորները պետք է ոտքով քայլեն, ապա հենց միայն դրա համար այս մարդուն պետք է զրկել «գիծ ունենալու» իրավունքից, և դա պետք է անի ոչ ավել ոչ պակաս քան քաղաքապետարանը:
Հետո ի՞նչ ասել է, թե մարդիկ նախորդ թանկացման ժամանակ կվճարեին, եթե ակտիվիստները աղմուկ չբարձրացնեին: Լսեք հարգելի Եզիազարյան, այդ ակտիվիստները աղմուկ բարձրացրեցին, որովհետև մարդիկ ի վիճակի չէին վճարել: Իսկ երբ այս աղմուկից հետո Դուք, նկատի ունեմ գծատերերդ, շարունակեցիք աշխտաել և ծառայություն մատուցել երևանցիներին, շատ պարզ ապացույցներ այն բանի, որ գինը բարձրացնելու ոչ մի անհրաժեշտություն էլ չկար: Այլ կերպ ասած անհնար է, որ ինչ-որ մեկը բիզնեոսվ սզբաղբի, տարիներ շարունակ, վնաս կրի, և իրավիճակը փոխելու փոխարեն շարունակի վնաս կրել: Այնպես որ պատմելով այն հեքիաթները, որ գծատերերը տարիներ շարունակ վնասով են աշխատել և շարունակում են աշխատել' Դուք զուր ժամանակ եք կորցնում, քանի որ Ձեզ ոչ ոք ոչ հավատում է ոչ էլ շատ ուզենալու դեպքում կարող է հավատալ:
Անկեղծ ասած չեմ ցանկանում ավել ինչ-որ բան ասել այս կապակցությամբ: Պարզապես պետք է այս գծատերերը հստակ հասկանան, որ իրենց ցինիզմի ու լկտիությանը տուրք տվող չկա, և եթե իրենց թվում է, որ մեր ժողովուրդը պատրաստ է 100 դրամից ավել վճարել մի տրանսպորտի համար, որով երթևեկելն անգամ «կամիկաձեություն է», ապա չարաչար սխալվում են: Ես վստահ եմ, որ եթե տրանսպորտի գինը թանկանա երևանցիները մեկ անգամ ևս ոտքի կկանգնեն և միանգամայն արդարացված կպաշտպանեն իրենց իրավունքները:
Վազգեն Ղազարյան