Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և ՀՀ նախագահը ղեկավարվելով գործող օրենսդրությամբ ընդունել է վարչապետի հրաժարականը: Ըստ շրջանառվող լուրերի, այդ հրաժարականը եղել է չափազանց անակնկալ բոլորի համար, թերևս բացի մեկից' Ս. Սարգսյանի: Այսինքն թե' այն եղել է անակնկալ նույնիսկ իր' այժմ արդեն նախկին վարչապետի համար: Արդեն իսկ թևածում են մի ամբողջ դյուժին տեսակետներ ու վարկածներ իրենց վերլուծություններով, փաստարկումներով ու հիմնավորումներով. թե ինչու հրաժարական տվեց Տ. Սարգսյանը, թե ով է լինելու հաջորդ վարչապետը և այլն և այլն: Մի կողմից հասկանալի է' խոսքը երկրի երրորդ դեմքի. գործադիր իշխանությունն փաստացի իրականացնողի մասին է և այս պարագայում լիովին հասկանալի է առկա հետաքրքրությունն ու մտահոգությունները: Սակայն մյուս կողմից էլ անհասկանալի է ու անտրամաբանական, հետևաբար նաև' իմաստազուրկ այն <<վանգայա-նոստրադամուսյան>> տրամադրությունները, որոնցով երբեմն ղեկավարվում է հասարակությունը:
Ակնհայտ է մի պարզ իրողություն. այն որ վարրչապետ Սարգսյանի կաբինետն արդեն վաղուց էր սպառել իրեն դա փաստ է ու անհերքելի փաստ: Տնտեսական քաղաքականության փաստացի տապալումը երկրում, սրանով պայմանավորված կենսամակարդակի վատթարացումը, արտագաղթի ահռելի չափերը, մեի իրականության համար անհասկանալի ու անընդունելի ռեֆորմները,որոնք ի վերջո բերում էին իրավիճակի էլ ավելի վատացման, աղմկահարույց պատմությունները և էլ ու էլի շատ հարցեր' կուտակայինից մինչև կովերի պտուկներ և արտագաղթից մինչև տնտեսական աննախադեպ անկում, հեղինակազրկեցին ու վարկաբեկեցին Տ. Սարգսյանի կաբինետին ու այս ֆոնին, զուտ միայն ներքաղաքական մակարդակում նույնիսկ, այս հրաժարականը ոչ միայն տրամաբանական վերջին ակորդն էր արդեն նախկին կաբինետի անփառունակ վախճանի, այլ նաև մի փոքր էլ ուշացած էր: Ու այստեղ ասել, թե հրաժարականը կապված էր ՍԴ վերջին որոշման հետ, կապված Կուտակայինի հետ, մի փոքր սխալ կլինի, թեև այն ևս ունեցավ իր ազդեցությունը և գուցե թե արագացրեց դեպքերի ընթացքը:
Սակայն մեր նման երկրներում այս կարգի հարցերը չեն լուծվում միայն ներքաղաքական մակարդակում: Այստեղ չպետք է մոռանալ արտաքին գործոնի և հատկապես ու նախ և առաջ ռուսական գործոնի մասին: Տ. Սարգսյանը, անկախ այն հանգամանքից, որ մտերիմ ընկերներ ու համակուրսեցիներ ունի ներկայիս Պուտինյան վարչակազմի վերնախավում, Կրեմլի կողմից ընկալվում էր որպես Արևմուտքի մարդ: Նույնիսկ վերաբերմունքի հարցում ռուս պաշտոնյաները, ընդհուպ միջին կալիբրի, բավական սառն ու չոր էին արտահայտվում նախկին վարչապետի հասցեին նույնիսկ իրենց հրապարակային խոսքում, մամուլում: Սա բնական է. չորս տարի Արևմուտքի հետ բանակցած, Վաշինգտոնում փոխնախագահ բայդընի հետ հանդիպած, պայմանավորվածություններ ձեռք բերած ու խոստումներ շռայլած նախկին վարչապետը չէր կարող ընդունելի թեկնածու լինել Մաքսային Միություն գնացող, ասել է թե' <<Կալինինգրադ-երկուս>>-ի վերածվող Հայաստանի համար: Ու այստեղ արդեն , համահունչ Մաքսայինի հետ պայմանագրի ստորագրման ժամկետի մոտենալուն, բնականաբար օրակարգային էր դառնում նաև վարչապետի հրաժարականի հարցը, ինչը որ հանգուցալուծվեց երեկ: Այստեղ, այս համապատկերի վրա, պաշտոնական այն բացատրությունը, թե դեռ մեկ ամիս առաջ նախկին վարչապետը հրաժարականի դիմում էր ներկայացրել և այլ և այլն, մի փոքր ռոմանտիկայի ժանրից է: Մարդ, որ վեց տարի շարունակ ամեն կերպ քանդեց երկրի տնտեսությունը, ով զգացել էր փողի ու իշխանության համը, ով կենաց ու մահու պայքար էր մողում իր իսկ կուսակցական ընկերների հետ հաուն իր աթոռի, որը երբեմն նույնիսկ արտացոլվում էր մեդիադաշտում, դժվար թե ինքնակամ հեռանար այդ նույն իշխանությունից ու փողի աղբյուրներից: Ու հեռացումը այսպես ասենք թելադրված էր Մոսկվայի կողմից ու անբեկանելիորեն: Ավելին նույնիսկ այն իր նախերգանքն ունեցավ ի դեմս ՍԴ որոշման: Ակնհայտորեն հակասահմանադրական օրենքի մասին ՍԴ որոշումը, որ կարելի է անվանել' <<իրերն իրենց անուններով կոչել>>, պարզ ցույց տվեց, որ արդեն իսկ Տ. Սարգսյանի երգը երգված էր վարչապետության մասով, քանի որ պարզ էր, որ նախագահ Սարգսյանը որևէ կերպ չէր միջամտել ու փորձել ազդել ՍԴ վրա: Իսկ նախագահ Սարգսյանը չէր ազդի միայն այն դեպքում, երբ իրեն իսկ արդեն այդ հարցում ազդելու հնարավորությունից զրկած լինեին: պարզ ասած. եթե Մոսկվան նախկին վարչապետի հարցը լուծած չլիներ, նախագահ Ս. Սարգսյանը կազդեր ՍԴ վրա ու որոշումը, ինչպես եղել է նախկինում մի քանի անգամ կլիներ լիովին վարչապետի ու իր սրտով: Սակայն, երբ նույն նախագահը շաբաթներ առաջ հայտարարում է, թե գիտի, որ հասարակության ութսուն տոկոսը դեմ է կուտակայինին, սակայն այդ ռեֆորմը կյանքի է կոչվելու, և միևնույն ժամանակ այդ նույն վճռականությունը չի դրսևորվում ու ՍԴ կարդում է Տ. Սարգսյանի կաբինետի դատավճիռը, մնում է միայն մի բան մտածել. պարզապես Ս. Սարգսյանին թույլ չէր տրվել խառնվել, այդքան բան:
ՈւԵթե ամփոփենք' ուղղակի այստեղ Կրեմլը կարողացավ մինիմալ զոհերով իրավիճակը փրկել ապակայունացումից: Ամենատարբեր ձևաչափերով' սկսած էլիտար սալոններից մինչև ինգերորդ շարասյան մատուցած ծառայություններ, ռուսական կողմն ուսումնասիրեց իրավիճակն Հայաստանում, շոշափեց հանրային տրամադրությունները գնահատեց իրավիճակի ռիսկայնությունը պայթյունավտանգության մասով, իհարկե դասեր քաղելով Մայդանից ու եզրակացրեց, որ ավելի լավ է քավության նոխազի կարգավիճակով զոհել Տիգրան Սարգսյանին, դրանով իսկ լիցքաթափել հանրային լարվածությունը, մեղմել հանրային դժգոհությունը իր հարավային սահմանային ամրոցում և ապա նոր անցնել հաջորդ քայլերին' տարածքի լիակատար յուրացմանը, հատկապես, որ այդ քավության նոխազը <<մրցակից ֆիրմայի>>' Արևմուտքի մարդն է համարվում: Սա շատ պարզ ու հասկանալի է. նույնիսկ բազմիցս փարձարկված որպես ռուսական կառավարոց վերնախավի կողմից րդեգրված քաղաքական տեխնոլոգիա: Ու այստեղ ակամա հիշել կարելի է Զարուհի Փոստանջյանի հայտնի նվերը Տիգրան Սարգսյանին' <<մատաղացու գառնուկի>> նկար:

 

 

Հարություն Հարությունյան