Ներքաղաքական իրադարձությունները թևակոխել են զարգացման հետաքրքիր շրջափուլ, որտեղ այսպես ասած «շունը տիրոջը չի ճանաչում»:Այն որ Տիգրան Սարգսյանը իրեն սպառել էր այս պոստին, ոչ ոքի համար գաղտնիք չէր,սակայն հրաժարականը, որքան էլ որ ՀՀԿ-ում պնդում են, որ կշռադատված ու նախօրոք պլանավորված էր, հավատ չի ներշնչում, քանզի դեռ նույնիսկ երեկ առավոտյան ոչնչից չէր զգացվում դա:Վարչապետը իր սովորական անբռնազբոս տոնով «ջանդամ» էր ուղարկում այն մի քանի «բարերարներին», ովքեր, թեկուզ նաև իրենց PR-ի համար, բայց դույզն ինչ փորձում էին թեթևացնել տուժած քաղաքացիների հոգսը ու կառավարությունից պահանջում էր «էշի ականջում քնելու» փոխարեն զբաղվել կառավարության PR-ով: Չեմ կարծում, որ հրաժարականի որոշում կայացրած մարդուն պետք է հետաքրքրեր այն կառույցի վարկանիշը, որը մի քանի ժամից լքելու է ու կառույցն էլ այս կազմով դադարելու է գոյություն ունենալ:
Սերժ Սարգսյանը այս «անակնկալ» քայլով զոհաբերեց թագուհուն,քանի որ արդեն «զինվորիկ» ունի, որը պոտենցիալ ունի թագուհի դառնալու: Այս քայլը ժողովրդի մեծ մասի աչքերում կընկալվի որպես պետության ներքաղաքական դաշտի առողջացման միտում, կրքերը մի քիչ կհանդարտվեն ու նորից ամեն ինչ կվերադառնա ելակետային դիրք: Ի վերջո ոչ ժողովրդի ու ոչ էլ առավել ևս Սերժ Սարգսյանի համար կարևոր չէ թե ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ամետ որ թեկնածուն կդառնա վարչապետ, քանի որ վարչապետը դե ֆակտո հանդիսանում է Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումների կատարողը,բոլոր հարվածների կրողը ու իրենից, որպես քաղաքական ֆիգուր մեծ հարցերում կարելի է ասել ոչինչ չի ներկայացնում: Նահանջը ժամանակավոր է ու հակահարվածը կլինի ավելի կտրուկ ու ավելի մոբիլիզացված ուժերով:
Համենայն դեպս, ի դեմս «հրաշալի քառյակի», անկախ նրանց հեռահար նպատակներից, ձևավորվել է իրենից փոքրիշատե այս ռեժիմին հակակշիշ հանդիսացող ուժ, որը ժողովրդական ընդվզման ալիքը կարողանում է օգտագործել՝ սանձելու իշխանությունների անհագուրդ ամբիցիաները: Սահմանադրական դատարանը թերևս առաջին անգամ իր ողջ գոյության ընթացքում կայացրեց մի վճիռ, որը փոքրիշատե արդարացնում է իր գոյությունը Հայաստանի Հանրապետության դատական համակարգում:

 

 

Գագիկ Մամուլյան