Ղրիմյան հանրաքվեի պատմությունն ու դրան հաջորդած՝ ՌԴ քաղաքացիության հեշտացված կարգով տրամադրման վերաբերյալ նոր օրինագծի ընդունումը, միանգամայն նոր իրավիճակ են ստեղծում նախկին Ռուսական Կայսրության ողջ տարածքում: Ընդունված օրինագիծը նախատեսում է, որ նշված տարածքում ծնվածները կամ այդտեղից սերվածները հնարավորություն կստանան երեք ամսվա ընթացքում ստանալ ՌԴ քաղաքացիություն՝ ռուսերենին տիրապետելու, իրենց նախկին քաղաքացիությունից հրաժարվելու և մշտական բնակության համար Ռուսաստան տեղափոխվելու պայմանով: Եթե ղրիմյան հանրաքվեի արդյունքում Ռուսաստանի հետ կապված նոր իրավա-քաղաքական վիճակ ստեղծված չլիներ, այդ օրինագիծը, գուցեև, հատուկ ուշադրության կարիքը չունենար, սակայն Ղրիմի միացումը Ռուսաստանին դրան միանգամայն նոր, ուրույն երանգավորում է հաղորդում: Կատարվածի համատեքստում այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ ՌԴ-ն իրեն միաժամանակ ճանաչում է և Ռուսաստանյան Կայսրության երբեմնի տարածքների ժառանգորդը, և կայսրության տարածքի հետ փոխկապակցված պոտենցիալ հպատակների ճակատագրերի տնօրինողն ու պատասխանատուն: Այսինքն՝ Պորտ-Արտուրից մինչև Վարշավա և Հելսինկիից մինչև Մառի կամ Կուրգան-Տյուբե ընկած տարածքն իր բնակչությամբ, կարող է դիտարկվել որպես ռուսական ներկայիս տարածքային ու մարդկային ռեսուրսներն ավելացնելու պահուստային ֆոնդ: Տեղական հանրաքվեներն ու մարդկանց՝ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ անհատական դիմումներն էլ կապահովեն գործընթացի իրավական հիմնավորումը: Օրինակ, եթե ներկայիս Կարսի ու Իգդիրի քուրդ բնակիչները հանրաքվե անեն ու որոշեն դառնալ ՌԴ քաղաքացիներ և իրենց տարածաշրջանով միանալ Ռուսաստանին, ապա այդ որոշումն անտեսելու ոչ մի հիմք ռուսական իշխանությունները չեն ունենա: Թերևս միակ խոչընդոտը ռուսերենի վատ իմացությունը կհամարվի, բայց դա էլ է կարգավորվող խնդիր՝ Կարսում ռուսերենի ուսուցման վեցամսյա դասընթացներ կազմակերպելը կարող է հարցին լուծում տալ:
Արման Մելիքյան