Իր դերակատարումներում եւ իրականացրած բեմադրություններում այդքան խելառ, ու միաժամանակ այդքան ՍԹԱՓ ՀԱՅ ես չէի տեսել երբեք:
ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մասին եմ ասում, որի հետ բախտ եմ ունեցել շփվել, գրեթե ամեն օր տեսնել նրան, երբեմն երկար զրուցել նրա հետ, քանի որ 1990-ականներին ապրում էինք նրա տան հարեւանությամբ: Ինքն իր ընտանիքով, դերասան-բեմադրիչների մի խումբ էլ իրենց ընտանիքներով՝ միասին ապրում էինք Թատերական գործիչների միության Նորքի պանսիոնատում:
Ասել եմ արդեն, որ բոլորս Նոր տարվա գիշերը հավաքվում էինք նրա տանը:
Խորիկի 60-ամյակն էլ բոլորս միասին նշեցինք իր տանը: Էդ աղմկոտ քեֆի մասին էլ եմ պատմել, երբ ներկաները կուլ տվեցին 3 լիտրանոց բանկաներով բերված օղիները ու սկսեցին գժական պարել, իսկ հոբելյարը նայելով նրանց, միանգամայն լուրջ ասաց՝ հայեր ջան, էս ինչների՞դ վրա եք ուրախանում:
Խորիկը 60 տարեկան էր, երբ ծնվեց նրա փոքր որդին՝ Արամը, որ մեծացավ Նորքի պանսիոնատում եւ 6-7 տարեկանում խաղում էր նույն պանսիոնատում Բաքվի ջարդերից հետո ապաստան գտած մեր հայրենակիցների ընտանիքների երեխաների հետ: Ավելին, փոքրիկ Արամը իրենից մեծ երեխաներին ցույց էր տալիս Մարիտիրոս Սարյանի նկարը եւ բացատրում էր նրանց, թե ով է մեծ նկարիչը:
Ես դեռ 17 տարեկանում՝ պապիկիս հետ Մայր թատրոնում նայել էի ,,Կորիոլան,, բեմադրությունը՝ Խորեն Աբրահամյանի փառահեղ դերակատարմամբ: Իսկ երբ 1990-ին արդեն Խորիկի հետ հարեւաններ էինք, մի անգամ իրենց տանն իրեն ասացի, որ պապիկս ձեր Կորիոլանը նայելուց հետո հիացած ասաց՝ ա՛յ, դերասան, որ ընտրում է հերոսներ, որոնք բոլորն հոսանքին հակառակ գնացողներ են, ինքն էլ՝ Խորիկն էլ է իր տեսակով այդպիսին, դրա համար էլ այդքան լավ է խաղում:
Խորիկը լսեց ու շատ զարմացավ: Ընդհանրապես, նա իր հասցեին արված գովեստներին շատ զուսպ էր արձագանքում:
Բայց լսելով ինձ, ասաց՝ ,,Ապշելու բան է, գիտես, առաջին անգամ եմ լսում նման բան, ուրեմն՝ պապիկդ ինձ ճիշտ է հասկացել,,:
Հայտնի է, որ միշտ էլ թատերական դաշտի ապաշնորհ սնոբները Խորիկի դեմ գործում էին քուն թե արթուն, չարախոսում, փնովում, նրան մեղադրում էին բոլոր մահացու մեղքերի մեջ. բոլոր ժամանակներում, երբ նա թե՛ Մայր թատրոնի ղեկավարն էր, եւ թե Թատերական գործիչների միության նախագահը: Դե, գորշությունները միշտ էլ ատել են մեծ անհատականություններին: Նույնկերպ մեր անտաղանդ գորշուկներն էին ատում /որ հիմա այդ դաշտի ,,պատրոն,,-ներն են/ եւ անգամ տասնամյակներով չէին շփվում-խոսում Խորիկի հետ:
Իսկ նրա մահից հետո արդեն քանի տարի սգակրի դիմակով ողբում ու գովում են Խորիկին:
Հանգամանքների բերումով 1990-ականների կեսերին Խորիկն ընտանիքով գնաց Ամերիկա եւ վերադարձավ 2000 թվականին: Եվ քանի որ Մայր թատրոնն այդ ժամանակ զավթել էր նրան ատողներից մեկը, մի ֆլոբերիկ, էս ֆլոբերիկն անգամ թույլ չտվեց, որ Խորիկն այդ բեմում ներկայացնի իր վերջին բեմադրությունը՝ ,,Խաղում ենք ջին,,:
Մարդը ստիպված Դրամատիկական թատրոնի բեմում խաղաց, ես այդ երկայացմանը նույնպես ներկա էի: Շշմելու խաղ:
Ի դեպ, Խորիկի մահվան օրը, Մայր թատրոնի նույն այդ ապաշնորհիկ ղեկավարը անհետացավ, այնքան խոր տեղ թաքնվեց, որ նրան ոչ ոք չգտավ:
Ինչեւէ, փակել էր թատրոնի դռները, որ հանկարծ Խորեն Աբրահամյանի դին գոնե 10 րոպեով իր հարազատ բեմում էլ չդրվի:
Իսկապես, այդ օրը մահվան թափորն անցավ թատրոնի կողքով եւ շատերն ապշեցին, որ դռները փակ են եւ հնարավոր չէ մի պահ կանգ առնել այդտեղ, որ վերջին հրաժեշտի արարողությունը նաեւ այստեղ լինի:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆ ...

 

ԿիմաԵղիազարյան