Ովքեր հետևել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարանի նիստին, կարող են տպավորություն ստանալ, որ բարձր դատարանը բավարարելու է հայցը։ Համենայն դեպս, դատավորները մի քանի շատ անհարմար հարցեր տվեցին իշխանության ներկայացուցիչներին։
Սակայն այս ամենը խաբուսիկ է, որովհետև Հայաստանում ՍԴ վճիռների հիմքում միշտ ընկած է քաղաքական որոշումը։ Իսկ Պարտադիրի հարցում այդ որոշումը կա. հանրապետության նախագահը մի քանի անգամ հրապարակավ պաշտպանել է ներդրվող համակարգը։
Բացի այդ, կառավարությանը գումարներ է պետք ու գործադիրը հույս ունի դրանք ստանալ հենց այս համակարգի միջոցով։
Ըստ այդմ, ՍԴ–ն որոշ սրբագրումներ կանի, բայց պետք չէ ենթադրել, որ Պարտադիր բաղկացուցիչը դուրս է գալու կամ համակարգի ներդրումը հետաձգվելու է։
ՍԴ որոշումը բացահայտելու է նաև «Դեմ եմ» շարժման պոտենցիալը. ստեղծվելու է նոր իրավիճակ, որը թելադրելու է, որ շարժումն որոշակիորեն քաղաքականացվի, գուցե առաջանա նույնիսկ որոշ պաշտոնյաների հրաժարականը պահանջելու խնդիր։
Ինչքանով է «Դեմ եմ»–ը պատրաստ նոր զարգացումներին՝ կերևա առաջիկա օրերին։
Սուրեն Սուրենյանց