Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում նախօրեին քննարկվել է առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Ադրբեջանի կողմից, հայկական բնակավայրերի ու մարտական հենակետերի ուղղությամբ մշտապես իրականացվող կրակահերթերն ու դիվերսիոն գործողությունները, առաջնային պլան են մղում առաջնագծում արդյունավետ պահպանություն իրականացնելու վերանայման խնդիրը:

Սահմանային հատվածներում հատկապես նոր խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի կողմից ձեռք բերվող ժամանակակից խոշոր տրամաչափի զենքերն ու դիպուկահար հրացանները, որոնց հեռահարությունը բավականին մեծ է, ինչը էապես մեծացնում է հայկական կողմին վնաս պատճառելու հնարավորությունը:

Առաջնագծի ինժեներական կահավորվածությունն ու բնակավայրերի անվտանգությունն ապահովող մեխանիզմներն անընդհատ փոփոխությունների ու արդիականցման անհրաժեշտություն ունեն, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնել այնպիսի զինատեսակներ, որոնք սահմանամերձ բնակավայրերի ու առաջնագծում տեղակայված մարտական դիրքերի անձնակազմերի համար նոր սպառնալիքներ է ստեղծում:

Հատկապես վերջին տարիներին, բավականին աշխատանք է տարվել մարտական հենակետերում այնպիսի ինժեներական կառույցների ստեղծման հարցում, ինչը հնարավորինս անվտանգ է դարձնում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ծառայությունը:

Սակայն, սահմանագծում տեղի ունեցող արտակարգ պատահարները պայմանավորված չեն բացառապես հակառակորդի ագրեսիվ գործողությունների ու ժամանակակից զինատեսակների կիրառմամբ:

Անհրաժեշտ է մշտապես ապահովել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի պատշաճ ծառայությունն ապահովելող միջոցառումներ, այդ թվում' ուժեղացված հսկողություն զինծառայողների կողմից անվտանգության կանոնների ու զգոնության պահպանման հարցում:

Սա ոչ միայն ենթադրում է անհրաժեշտ հրահանգավորում մարտական դիրքեր բարձրացող զինծառայողների համար, այլ սպաների կողմից համապատասխան վերահսկողության ապահովում:

Սահմանամերձ բնակավայրերը դիրքապահի կարգավիճակում.

Սահմանամերձ համայնքները ռազմավարական նշանակություն ունեն երկրի անվտանգության ապահովման գործում, քանի որ դրանք իրեն իրենց բնույթով յուրատեսակ վահան են ոչ միայն հարաբերական խաղաղության, այլ մարտական գործողությունների հնարավոր վերսկսման ժամանակ:

Ընդ որում' այս համայնքներն անմիջականորեն զգում են պատերազմի չավարտված լինելու հանգամանքը:

Այս տեսանկյունից, պետությունը խնդիր ունի ոչ միայն անվտանգություն ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, ինչի պարագայում մարդիկ ստիպված չեն լինի լքել սեփական տները: Իսկ «դիրքապահների» լքելը կնշանակի սահմանի պաշտպանողականության էական թուլացում, ինչն անշուշտ չի բխում պետության շահերից:

Այնպես, որ սահմանագծի պատշաճ պահպանության իրականացում ասվածը բազմաշերտ գործընթաց է ինչը ենթադրում է համալիր գործողությունների իրականացում ոչ միայն մարտական դիրքերում, այլ սահմանամերձ համայնքներում:

 

 

Տիգրան Աբրահամյան