Օրեցօր ավելի է փոթորկում ալեկոծված աշխարհը, թվում է, թե սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը, որն իր մեթոդներով պետք է, որ խիստ տարբերվեր նախորդներից՝ ժամանակակից գերհզոր տեխնիկայի ու հնարավորությունների շնրհիվ:
Շատ խելք պետք չի ունենալ հասկանալու համար, որ ստեղծված իրավիճակին կկարողանան դիմակայել այն ազգերը միայն, որոնք ունեն ամուր պետականություն, ազընտիր իշխանություններ և միասնական ժողովուրդ: Կարիք չկա անգամ անմիջապես շեշտելու, որ մենք դրանցից և ոչ մեկը չունենք, քանզի դա մեր դպրոցականներն էլ արդեն գիտեն, պարզապես մեծահասակներին գոնե արժի հիշեցնել սրա հետևանքների մասին:
Ամեն անգամ, երբ այսօրվա Քեսապի դեպքերի նման հայ են կոտորում, տեղահան անում և մենք ամեն անգամ «ազգովի» խուճապի ենք մատնվում ու սկսում անհասկանալի «շարժումներ» անել, ակամայից նմանվում ենք գետնի վրա թպրտացող, մորթած, գլուխը կտրած հավի: Ես ուրիշ համեմատություն չեմ կարողանում բերել, քանի որ մենք ճիշտ և ճիշտ դրան ենք նման, քանի, որ «անգլուխ», աննպատակ, անապաստան թափառում ենք աշխարհով մեկ, հայրենիքից մինչև Սփյուռք բուն դնում, ձագեր հանում ու շարունակ կորցնում, կոտորվում և քշվում:
Ցանկացած ժողովուրդ, խաղաղ, թե փոթորկի ժամին, այն էլ այս գել ու գազան աշխարհում, չի կարող դիմակայել օրվա հրամայականներին, չի կարող գոյատևել, էլ չեմ խոսում զարգանալու մասին, առանց իր արժանի զավակներից, ազգի ուղեղներից բաղկացած ազգային կառույցներ ունենալու: Մի բան, որ մենք չունենք, ո՛չ հայրենիքում, ո՛չ էլ Սփյուռքում և ո՛չ էլ «լրջով» մտածում ենք դրա մասին:
Տեսնելով, թե ովքե՞ր են մեզ իշխում՝ երկրի ներսում, թե դրսում, ովքե՞ր են տնօրինում մեր զավակների ճակատագիրը, մենք, որպես ժողովուրդ իրավունք չունենք մեզ հետ պատահածի վրա զարմանալու, զայրանալու կամ բողոքելու, եթե քայլ չենք անում «ազգի ղեկը» փինաչիների ձեռքից վերցնելու: Ու քշում են նրանք մեզ խորդ ու բորդերով, փոսերով, տանում դեպի անապատներ, տափաստաններ, քանդում մեր տուն և օջախ, դարձնում մեզ թափառական գնչուներ:
Ինչու՞ ենք մենք հատկապես Քեսապի վրա զայրացել, ի՞նչ է սա նորություն է, թե՞ առաջինն է կամ վերջինը: Մի բուռ ժողովուրդ ենք, սակայն հեղեղել ենք աշխարհի բոլոր օդակայաններն ու խաչմերուկները, ուր գնաս քոչվոր հայի կհանդիպես, թվում է թե մենակ մենք ենք այս աշխարհում դեգերում: Ե՞րբ պետք է հոգնենք, կանգ առնենք, նստենք ու խորը մտածենք մեր մասին, մեր ապագայի մասին: Փրկությունը՝ ազգի ղեկը փինաչիների ձեռքից վերցնելն է, քանի դեռ ուշ չէ, քանի մեզ անդունդը չեն գցել...
Արմեն Զատիկյան