Անցյալ դեկտեմբերին կնոջս ազգականներից մեկը՝ իրավազրկության ու կարիքի մեջ ապրող մի կին, ինձ դիմեց զինվորական իր որդու խնդրով։
Տղան՝ Հովիկը, զորակոչվել էր ամռանը ու ծառայում է Նոյեմբերյանի զորոմասերից մեկում։
Կինը պատմում էր, որ տղային զորակոչել են՝ անտեսելով բազմաթիվ հիվանդությունների առկայությունը։ Հուսահատ մոր ապրումները հասկանալի են։
Նախկինում ու հիմա ես մորը հանգստացնում եմ, որ այսօր բանակը ղեկավարում է մարտական փառապանծ ուղի անցած, օբյեկտիվ ու պարկեշտ սպա։ Դա, անշուշտ, այդպես է ու, եթե ի կատար ածվեր բանակային բարեփոխման՝ Սեյրան Օհանյանի ունեցած տեսլականի գոնե չնչին մասն, ապա մենք չէինք խոսի այն պրոբլեմների մասին, որն ունեն Հովիկն ու նրա բախտակիցները։
Ինչևէ, գամ պատմությանը։ Մոր պատմածներից հետո՝ մեկնել եմ զորամաս, Հովիկն ոտքի անտանելի ցավեր ուներ, զորամասի հրամանատարի տեղակալ Չոբանյանն ինձ հետ զրույցում անընդհատ հավաստիացնում էր, որ տղան կեղծում է՝ ծառայությունից խուսափելու համար, պարզվում է՝ ինքը՝ Չոբանյանը «մեծահոգաբար» դա հանդուրժում է՝ Հովիկին զերծ պահելով քրեական հետապնդումից։
Հրամանատարի տեղակալն այնքան համոզիչ էր խոսում, որ ես տևական, խրատական զրույց ունեցա Հովիկի հետ, նրա մորն ու կնոջս համոզեցի, որ պրոբլեմը գուցե այն է, որ մենք ավելորդ «հոգատարություն» ենք ցուցաբերում մեր զինվորի հանդեպ։
Ավաղ, ընդամենն երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի վերջին, պարզվեց, որ փոխգնդապետը ստում է, ու ես կարծում եմ, որ զինվորին չսիրող ու նրան հայրաբար չվստահող սպան անելիք չունի նման պատասխանատու պաշտոնում։
Հովիկի մոտ ուժգնացել էին ոտքի ցավերը ու նրան ստիպված տեղափոխել էին Վանաձորի, ապա Մուրացանի հոսպիտալներ։
Պարզվում է՝ զինվորի ոտքն առնվազն օրեր շարունակ կոտրված է եղել, իսկ «հումանիստ» սպան դա վերագրել է «սաչոկության»։
Հարգարժան նախարարի աշխատակազմի նույնքան հարգարժան ներկայացուցիչների միջամտության շնորհիվ՝ հոսպիտալում պատշաճ վերաբերմունք ցուցաբերվեց Հովիկի հանդեպ, նրա ոտքը բուժվեց, բայց չամոքվեց այն հոգեբանական վերքը, որ առաջացել էր չոբանյանների հասցրած հարվածից։
Ընթացքում պարզվեց, որ Հովիկի մոտ կան այլ հիվանդություններ ևս, որոնք անհամատեղելի են զինվորական ծառայության հետ(այս ամենը «նրբանկատորեն» անտեսված է էպիկրիզից)։ Նա պետք է զորացրվի՝ ոչ թե իմ կամ իր ցանկությամբ, այլ՝ օրենքի ուժով, այն օրենքի, որը կոչված է նաև խեղճի, աղքատի, հնարավորություններ ու կապեր չունեցողի պաշտպանության համար։
Բազմաթիվ զինվորականներ ու բժիշկներ ինձ հավաստիացրել են, որ Հովիկի առողջական վիճակն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ, ես էլ նրա մորը հուսադրել եմ, որ արդարությունը հաղթելու է, որ օրենքը սոցիալական ու իրավական ցենզ չի ճանաչում։
Ես մեղավոր չեմ, որ հավատացել ու հավատում եմ երկրի նախագահին ու պաշտպանության նախարարին։ Ու նաև շնորհակալ եմ, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն օպերատիվորեն նւ ջանասիրաբար արձագանքել է իմ բոլոր զանգերին։
Նեղված եմ նաև, որ Արծրունի նման ազնիվ մարդկանց կողքին՝ բանակում կան նաև Շենգավիթի զինկոմիսարիատի աշխատողների պես մարդիկ, ովքեր ինձ մի բան, իսկ զինվորի մորն այլ բան կարող են ասել՝ հաշված օրերի ընթացքում։
Ես հավատում եմ իմ նախարարին, բայց արդեն մտավախություն ունեմ, որ մի քանի օր անց հիվանդ զինվորին կարող են կրկին զորամաս տանել՝ դուռ բացելով նոր ողբերգության, մարդկային ճակատագրի խեղման համար։
Այդ նպատակով էլ հրապարակայնացրեցի այս պատմությունը՝ վստահ, որ մեղավորները կպատժվեն։
Նաև տեղեկացնում եմ, որ անձամբ ես թույլ չեմ տալու հիվանդ զինվորի վերադարձը զորամաս։ Ու ոչ այն պատճառով, որ խրախուսում եմ դասալքությունն, այլ, որովհետև կարծում եմ, որ իրավազրկությունը քաղաքացուն օտարում է պետությունից։

 

 

Սուրեն Սուրենյանց