Խավարա՜ծ հոգի ...
Նորից բիբերիդ գիշեր է կաթել, նորից վերքերդ արյուն են լալիս ...
Խղճիդ հայելին խեղդվել է փոշում, դավաճան ձեռքդ հանցանք է բուրում, աչքերիդ տեղակ՝ երկու կույր չղջիկ իրենց ճանկերով փոսեր են փորել գունատված մաշկիդ և մխրճվելով արյանդ, մսիդ՝ լուռ սերտաճել են քո մեջ, պատերիդ ...
Ո՞վ էր, որ խլեց արևներդ բորբ, ո՞վ ծախեց հավատդ, ո՞մմ դու սիրեցիր, որ սերդ խաչեց, մթնախորշերում իզուր սպասումի երազիդ լույսերն այդ ո՞վ քառատեց ...
Դու ի՞նչ ես կորցրել, որ խարխափում ես, սակայն չես գտնում, որ անգամ մեռնում, բայց չես խաղաղվում, կանգ ա՛ռ, խնդրու՜մ եմ, երկփեղկվա՛ծ հոգի, բոբիկ են ոտքերս՝ վազել չեմ կարող, թևերս կոտրել են՝ թռչել չի լինի, լսո՞մմ ես, հոգի՛, արի մեկընդմիշտ քեզ հետ հաշտվենք, մեր կռվի դաշտում արյան օվկիան է՝ լողալ չգիտեմ, բայց դու փրկիչ ես, իսկ ես երկար եմ սպասել քո լույսին, իսկ ես իմ ձեռքն եմ դեպի քեզ պարզել, որ դու այդպես էլ թողել ես օդում ու փոխարենը նռնակ ես նետել հավատիս վանքին, ու փոխարենը դու ավերել ես ինձ՝ ներսից ու դրսից, դու թալանել ես տաճարը հույսիս ու լափել բոլոր աղոթքներս բիլ. հիմա քաղցա՜ծ ես ....
Իմ անսա՛նձ հոգի, ե՛կ, նստի՛ր կողքիս՝ ես քեզ չեմ տեսել մոտ հազա՜ր տարի, ես քեզ գրկել եմ երկու կյանք առաջ ... Նայի՛ր, հյուծվել է մարմինս այս կարոտախտից, այս ցուրտ աշխարհում քեզ որոնելիս՝ ես ինձ եմ կորցրել, ժամանակը բիրտ ինձ շա՜տ է խաբել, մարդիկ ծաղրել են երազներս ջինջ, ինձ չեն հասկացել՝ ես ժպտացել եմ, երբ ինձ լքել են՝ ես չեմ արտասվել, հիշո՞ւմ ես, ասում էիր՝ հաղթելու համար պարտվել սովորի՛ր. հոգի՛, ես պարտվել եմ՝ հաղթելով հենց ինձ ...
Ուզում եմ գոռալ, գիտեմ ոչ ոք, ոչ ոք չի լսի ու իմ բառերը նորից կմեռնեն ներքին արյունահոսությունից և իմ գիշերում նորից կլռի կյանքիս մեղեդին, որ մնաց քո մեջ, երբ դու հեռացար, երբ ես առանց քեզ մենակ մնացի, երբ դարձա անտուն ու թափառեցի աշխարհից–աշխարհ՝ այն փուչ հավատով, որ պիտի գտնեմ դարմանը ցավիդ, որ պիտի կյանքս քեզ ընծա բերեմ, իսկ դու ընդունես ու հրաժարվես պատերազմներից... Էլ ոչինչ չունեմ, թշվա՜ռ եմ, հոգի՛ս, բացի՛ր դռներդ, որ գամ դեպի տուն, որբ եմ առանց քեզ ու միշտ միայնակ, մեջքով կանգնել եմ մարդկանց,աշխարհին, որ կրեմ վրաս դեպի քեզ ուղղված նետերը բոլոր ու թե պատահի,որ մի օր ծնկեմ՝ մեջքով դեպ նրանց, առերես՝ դեպ քեզ ...
Մարդիկ չգիտեն՝ կյանքի հեքիաթն էլ իր ավարտն ունի, սակայն երկնքից երբեք չի ընկնում երեք մեծ խնձոր, մարդիկ մեռնում են՝ նույնիսկ չծնված, մարդիկ ծնվում են՝ դագաղագործնե՜ր...
Փարվի՛ր հավատիս, դառնացա՛ծ հոգի, որ երբ հող դառնամ՝ առանց քեզ այսպես կիսատ չմնամ, երբ ծնվեմ նորից՝ լոկ քո պատյանում ես ամբողջանամ, ավարտվեմ այնտեղ, ուր դեռ չեմ սկսվել ...
Կարկատած կյանքի բոլոր խորդուբորդ ու ծուռ ծալքերով քեզ մոտ եմ եկել՝ դու՛ ես իմ վերջին հանգրվանը ջերմ, դու՛ ես իմ տունը՝ լքվա՜ծ, ավերվա՜ծ, ուր միշտ վառվում է լույսը սպասումի, ուր միշտ ճռռում է հին լուսամուտի փեղկը կիսաբաց, որտեղ կա անկյուն, պայծառ օթևան, քաղցածի համար՝ մի բուռ տաք հուշեր, արցունքի համար՝ հարազատ մի ուս ...
Նայի՛ր, բիբերիս նորից գիշեր է կաթել, հավատս նորից արյուն է լալիս, ես քեզ բերել եմ կարոտս գժված, դու էլ ինձ ների՛ր, ե՛կ հրաժարվենք պատերազմներից հավիտյան ու հար. չէ՞ որ արնահեղ կռվի դաշտերում հաղթողներ չկա՛ն, չկա՛ն պարտվողներ ... Ե՛կ, նստի՛ր կողքիս, ես քեզ չեմ տեսել մոտ հազա՜ր տարի, ես քեզ փարվել եմ երկու մահ առաջ ...