Արդյոք գիտեի՞ք, որ գոյություն ունի Չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (ConIFA), որի հովանու ներքո այս տարվա հունիսի 1-ից մինչև 8-ը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում կանցկացվի չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն 12 հավաքականներ, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ այդ առաջնությանը կմասնակցի նաև ԼՂՀ-ի ֆուտբոլի հավաքականը: Իսկ գիտեի՞ք, որ այս կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի նոտա էր հղել ConIFA-ին և FIFA-ին, որով պահանջվում էր արգելել Արցախի հավաքականին մասնակցել չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջնությանը:
«ConIFA-ի նպատակն է կամուրջներ ստեղծել, որպեսզի չճանաչված պետությունները կարողանան ներկայանալ հանրությանը: Գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ ԱՖՖԱ-ի, ոչ էլ FIFA-ի անդամ: Նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջովին կտրված է հաղորդակցության աշխարհից, իսկ ֆուտբոլիստները հնարավորություն չունեն իրենց դրսևորել միջազգային խաղերում: Կարծում ենք՝ աշխարհի ցանկացած կետում էլ մարդիկ պետք է հնարավորություն ունենան միջազգային ֆուտբոլ խաղալ ու ներկայացնել իրենց մշակույթը: Այդ պատճառով մեզ ոչինչ չի մնում, քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը: Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ ԱՖՖԱ-ն ըմբռնումով կմոտենա մեր որոշմանը, և այն չի ընդունվի որպես քաղաքական քայլ Ադրբեջանի Հանրապետության դեմ»: Ահա այսպիսի պատասխան է իր պաշտոնական կայքում հրապարակել ConIFA-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի:
Պետք է նշել, որ ֆուտբոլի Արցախի ֆեդերացիան այս տարվա հունվարից է դարձել ConIFA-ի լիիրավ անդամ, հետևաբար այս կազմակերպության կողմից Արցախի հավաքականին չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավերը միանգամայն օրինաչափ էր:

 

 

Մուրազ Շամոյան