Չեմ դադարում զարմանալ մեր քաղաքական որոշ գործիչների անմակարդակության, մտքի տկարության, ցինիզմի ու որոշ լրատվամիջոցների «ռեյթինգացավի» վրա: Այս ամենի սիմբիոզն այնքան զզվելի է, որ զայրույթդ չես կարողանում զսպել: Օրերս Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Քեսաբ քաղաքի վրա իսլամիստ ահաբեկիչներ հարձակվեցին ու կոտորեցին տեղի շատ հայերի, մյուսներին էլ ստիպեցին տարհանվել: Սարսափելի էին այն կադրերը, որտեղ ահաբեկիչները սպանում էին խաղաղ բնակիչներին: Արյուն, ցավ ու հուսահատություն... Հուսահատվեցինք նաև մենք՝ հեռվից այս ամենը դիտողներս, այն փաստից, որ մեր պետությունը ոչինչ չի անում այս դեպքերը կանխելու համար: Բարեբախտաբար, շտապել էինք մեր եզրակացություններում ու այսօր իմացանք, որ մարդկային բարձր հատկանիշներով օժտված 6 քաջ հայ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը մեկնել են Քեսաբ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, հասկանան, թե ինչով կարելի է օգնել այնտեղի հայությանը և ի վերջո ցույց տան, որ հայոց պետությունը անտարբեր չէ սիրիահայության հանդեպ... Ու այս դրամատիկ պահին, երբ ողջ ազգը սպասում է մեր «Նոյի աղունիկներին», գտնվում է մի բութ հումորիստ ՀՀԿ-ական՝ Հովհաննես Սահակյան անունով, ով պատեհ է համարում կատակի վերածել իր կոլեգաների այցը Քեսաբ, և հայտարարում է, որ «Պատգամավորներին գերի են վերցրել, հեռախոսներն էլ առգրավել են»: Առնվազն զարմանալի է, թե ինչպես է եղեռն տեսած ժողովրդի զավակի լեզուն պտտվում հումոր անել այն պահին, երբ Սիրիայում նոր եղեռնի ականատեսն ենք դառնում: Տարօրինակ է նաև, թե ինչպես է նա համարձակվում նման տոնով մեկնաբանել իր կոլեգաների՝ իսկապես վտանգավոր այցը, երբ ինքը անձամբ վախից կուչ է եկել, ու երբեք չէր համարձակվի դեպքերի զարգացման կենտրոն մեկնել: Քեսաբում մարդիկ են զոհվում, անօթևան դառնում, իսկ մենք ու այդ հերոս պատգամավորների ընտանիքները լարված լուրի ենք սպասում ու արդյունքում ստանում ենք քո տհաճ կատակը, Հովհաննե՛ս Սահակյան:
Իսկ Yerkir.am-ի անպրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական կերպարի խեղման մասին ավելորդ է խոսել: Ամոթ է նման լարված պահի նման ստոր վերնագրերով ահաբեկել մարդկանց: Ենթադրենք պատգամավորը չի հասկացել ու կատակել է, դուք պետք է նմա՞ն նյութ պատրատսեք: Պատկերացնո՞ւմ եք այդ խեղճ ընտանիքների վիճակը, ովքեր այս լուրը կարդացին, ու վախից գուցե հազար ու մի հիվանդություն ստացան: Դուք կարողանալո՞ւ եք դուրս գալ այդ ամենի տակից: Դիլետանտներ: Գրիչը մի կողմ թողեք ու ուրիշ բանով զբաղվեք, լրագրությունը ձեր նմանների տեղը չէ:
Գևորգ Ալեքսանյան