Քեսաբի գրավումն ապստամբ գրոհայինների կողմից և Սիրիայի այդ հայաբնակ շրջանի հայ բնակչության բռնագաղթը տարաբնույթ հայտարարությունների առիթ հանդիսացավ Հայաստանում ու Արցախում: Հնչեցվեցին նաև խրոխտ մարտական կոչեր այն մասին, որ հարկավոր է կազմել զինյալների ջոկատներ և նրանց ուղարկել սիրիական ընդդիմության ջոկատները ջախջախելու: Ենթադրվում է, որ այդպիսով “մահացու” հարված կհասցվի նաև այդ ջոկատները զինող, քաջալերող և ընդդեմ սիրիահայության օգտագործող Թուրքիային: Նախ ընդգծեմ՝ պետությունն իրավունք չունի առաջնորդվելու այս կարգի մոտեցումներով և պարտավոր է իր ձեռնարկումները կատարել իր պաշտոնական պատասխանատվության ու միջազգայնորեն ճանաչված իրավասությունների դաշտում: Հայաստանի հնարավոր ռազմական ներկայությունը Սիրիայում պետք է փոխհամաձայնեցված լինի ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ պատկան միջազգային կառույցների մակարդակում ու, այդպիսով, ՀՀ բանակային ստորաբաժանումները պիտի մասնակիցը լինեն միջազգային խաղաղարար առաքելության՝ սա կլինի լավագույն լուծումը: Բացի այդ, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչ թե պետք է ընթացող քաղաքացիական պատերազմի մասնակից կողմերից մեկի դաշնակիցը դառնան, այլ պետք է զբաղվեն բացառապես խաղաղ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումով՝ հատուկ սահմանված անվտանգության գոտիներում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, գաղափարական նկատառումներից ելնելով, դառնալ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մասնակիցը, կարող են իրենց ծառայություններն առաջարկել համապատասխան հրամանատարությանը և որպես կամավոր մեկնել մարտերին մասնակցելու: Ընդհանրապես՝ կամավորական ջոկատներ կազմելու վերաբերյալ հրապարակավ հայտարարությունները փոքր-ինչ զավեշտալի են՝ այս կարգի բաներն արվում են լուռ ու գաղտնաբար և հանրային ծանուցումների միջոցով գործելաոճն, այս կարգի դեպքերում, լուրջ վերաբերմունքի համար տեղ չեն թողնում:

 

 

Արման Մելիքյան