Իջեցնելով նավթի գները ավելի շատ նավթ սպառող քան արտադրող Արեւմուտքը հարվածում է միանգամից իր մի քանի թիրախների՝ Ռուսաստան, Իրան, Վենեսուելա: Այլ պատճառների թվում դա չէր արվում նաեւ չուժեղացնելու համար Արեւմուտքի հիմնական ռազմավարական ախոյան Չինաստանին: Բացի այդ, նավթի բարձր գինը (90$-ից, իսկ որոշ դեպքերում՝ անգամ 75$-ից բարձր) շահավետ է դարձնում բիտումինոզ ավազներից եւ այրվող թերթաքարերից նավթի արդյունահանումը: Առաջինի հետախուզված պաշարները ահռելի են (նավթի համաշխարհային հետախուզված պաշարների եռապատիկը) Կանադայում ու Վենեսուելայում, իսկ երկրորդինը՝ ԱՄՆ-ում: Այնպես որ չեմ կարծում, թե նավթի գինը իջեցվի 80$-ից ցածր: Սակայն սա էլ արդեն մեծ հարված կլինի Ռուսաստանին, եւ, ի դեպ, ինչը հետաքրքիր է մեզ համար՝ նաեւ Ադրբեջանին: Սակայն, կարծում եմ, որ հիմնական ճնշումը Կրեմլի վրա կլինի նավթի գնումների ծավալները նվազեցնելու միջոցով: Օրինակ Եվրոպան, որը իր սպառվող նավթի միայն 15-20%-ն է ներկրում Ռուսաստանից, կարող է փոխարինել այն ուրիշ աղբյուրներով: Մինչդեռ դա Ռուսաստանի նավթի արտահանման 93%-ն է եւ դժվար թե Ռուսաստանը կարողանա այդքան արագ նոր գնորդներ գտնի եւ վերաուղղել այդ ահռելի հոսքը այլ ուղղությամբ: Մանավանդ՝ իր բոլոր հարեւանների եւ հավանական գնորդների հանդեպ Արեւմուտքի աչալուրջ հսկողության պայմաններում: Նավթի գնի վրա իր լծակները ուժեղացնելու համար ԱՄՆ-ը աշխուժացել է Վենեսուելայում, եւ կարծում եմ կանգ չի առնի մինչեւ որ չփոխի այնտեղ Չավեսի ժառանգորդներին եւ հասնի իր համար ավելի վերահսկելի իշխանության: Վենեսուելան տիրապետում է նավթի համաշխարհային հետախուզված պաշարների 21%-ին՝ ԱՄՆ-ից 10 անգամ ավելիշատ, այն դեպքում, որ տարեկան արդյունահանում է ԱՄՆ-ից 3 անգամ ավելի քիչ: ԱՄՆ-ի դաշնակից Ծոցի երկրների հետ մեկտեղ Վենեսուէլայի դիրքորոշումը առաջիկայում կարող է լիովին կառավարելի դարձնել Արեւմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի համար նավթի համաշխարհային գները եւ նա այլեւս ստիպված չի լինի գործադրել իր սեփական՝ սպառվող պաշարները:

 

 

Հովսեփ Խուրշուդյան