Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում' նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը և հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:

Արթուր Մեսչյանը Բակո Սահակյանին է ներկայացրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով հանրապետության մշակութային կարևորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, և այս համատեքստում կարևորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Վրեժ Հովսեփյան