Հղիության 9 ամիսների ընթացքում սեռական հարաբերություն չունենալը լուրջ փորձություն է ինչպես կնոջ, այնպես էլ նրա զուգընկերոջ համար: Բայց արդյո՞ք ապագա մայրերին հակացուցված է սեքսը, թե դա տարածված թյուր կարծիք է, եւ որ դեպքում է հնարավոր վնասել երեխային, BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

-Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում:

-Ոչ միայն կարելի է, այլեւ ցանկալի է: Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:

-Սեքսը կարո՞ղ է վնասել պտղին:

-Սեռական հարաբերության ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին եւ նրան “թաքցրել” մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:

-Արդյոք հղիության ընթացքում չի՞ նվազում սեռական ցանկությունը:

-Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները:

Հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել' պայմանավորված վերջինիս սեքսուալ ակտիվությամբ եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումներով: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

-Ի՞նչ սահմանափակումներ կան, որոնք պետք է հաշվի առնել այդ շրջանում սեռական հարաբերություն ունենալիս:

-Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել մերձեցումների քանակը նվազեցնելուն, ինչպես նաեւ դիրքերը փոփոխելուն: Անհրաժեշտ է նաեւ խուսափել չստուգված զուգընկերների հետ նոր կապեր ստեղծելուց, քանի որ դա լի է մորը ու պտղին վարակելու վտանգով:

-Ո՞ր դեպքերում է հղի կնոջը հակացուցված սեռական կյանքը:

-Կան բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը: Այս ախտանիշների բացակայության դեպում սեքսը հղիության ընթացքում եւ դրանից հետո անհրաժեշտ է, միայն այն պետք է կատարվի նրբորեն եւ քնքշությամբ:

Տեքստը' Վեգա Անդրիասյանի
BRAVO.am