Պատճառներ

Արգանդի արտանկումը սովորաբար առաջանում է կոնքի հատակի՝ կնոջ ներքին սեռական օրգանները բնականոն դիրքում պահող մկանների տոնուսի իջեցման կամ դրանց ամբողջականության խախտման (օրինակ՝ ծննդաբերության ժամանակ շեքի պատռվածքի) դեպքում։ Արգանդի և դրա հետ մեկտեղ հեշտոցի արտանկմանը նպաստում է արգանդի կապանային ապարատի և որովայնի առաջային պատի մկանների թուլացումը։

Ախտածագումը

Սկզբում կինը գանգատներ չի ունենում, այնուհետև, եթե հիվանդությունը չի բուժվում, այն աստիճանաբար խորանում է։ Առաջանում են որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի, պոչուկի ձգող ցավեր, հետագայում խանգարվում է միզարձակումը (հազի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ նկատվում է լրիվ և մասնակի անմիզապահություն), առաջանում է փորկապություն։ Արգանդի լրիվ արտանկման ժամանակ միզարձակումը դժվարանում Է։ Այդպիսի հիվանդների ընդհանուր վիճակը վատանում է, նրանք երկար ժամանակ դառնում են անաշխատունակ։

Բուժում / Կանխարգելում

Արգանդի արտանկումը կանխելու համար հարկավոր Է ներքին օրգանների իջեցման ախտանշաններն ի հայտ գալուն պես դիմել գինեկոլոգի և խստորեն կատարել նրա բոլոր հանձնարարականները (ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում, որովայնի պատի գերթուլացման դեպքում բանդաժի կրում)։ Մանկածնության տարիքի կանանց արգանդի և հեշտոցի արտանկման ժամանակ կարելի է կատարել վիրահատություն, որով պահպանվում է հղիության և ծննդաբերության հնարավորությունը։

Վիրահատության հակացուցումների դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կրել արգանդային օղեր, որոնք ընտրում է միայն բժիշկը կամ մանկաբարձը։ Արգանդային օդեր կրելիս անհրաժեշտ է կատարել (բժշկի նշանակմամբ) ամենօրյա ներլվացումներ վարակազերծող լուծույթներով և գինեկոլոգի կանոնավոր զննումներ (ամիսը 1 անգամ)։

Արգանդի արտանկման կանխարգելման համար հարկավոր է ժամանակին կարել ծննդաբերության ժամանակ առաջացած պատռվածքները, ինչպես նաև պահպանել հետծննդյան շրջանի ռեժիմը։ Հատկապես հակացուցված է լարված ֆիզիկական աշխատանքը։ Հղիության ժամանակ, բժշկի խորհրդով, անհրաժեշտ է ընդհանուր կազդուրող մարմնամարզության հետ մեկտեղ կատարել կոնքի հատակի և որովայնի առաջային պատի մկաններն ամրապնդող հատուկ վարժություններ։

Աղբյ.՝ doctors.am
Dr. Pavel Sotskiy